Աբգար Ափինյան – Տարոն Գլակի պոետական ուղին
Աբգար Ափինյան – Տարոն Գլակի պոետական ուղին

Աբգար Ափինյան – Տարոն Գլակի պոետական ուղին


Յուրաքանչյուր գրական սերունդ պատմության մեջ մնալու է իր <<լուսապայծառ>> դեմքերով, ովքեր, ինչպես Թումանյանն էր հավատում, բերելու են հայոց արշալույսը: Մեր օրերի պոեզիան իր այդ պայծառ ու ազնիվ դեմքն ունի՝ Տարոն Գլակը: Ովքեր երբևէ բախտն են ունեցել թերթելու բանաստեղծի գրական էջերը, նրա գրքերն ու հրապարակումները, միշտ սրտատրոփ սպասել են գրողի հետ հաջորդ հանդիպմանը: Ինչպես չենք մոռանում բարձր լեռներում՝ էն մաքուր ակունքից մեր խմած մի բուռ սառնորակ ջուրը, այդպես էլ չի ստվերվում բանաստեղծական իր ազնիվ շնչի թարմությունն ու նորությունը:
Նա, ով տեսել ու նկատել է երիտասարդ բանաստեղծի վերը նշված հատկանիշները, հավատացել ու համառորեն պնդում է, որ այս երիտասարդ ձայնը մեր նոր բանաստեղծության հիմնասյուներից մեկն է լինելու: Իր նորարարությունը, իր երիտասարդ, բայց արդեն ակնառու գրական վարպետությունը կապ չունեն պոետական հնարանքների հետ: Երիտասարդ ստեղծագործողը ունի գեղարվեստական ձևի կատարյալ ըմբռնում, բայց դա ևս հնարանք չէ: Ամեն ինչ, կրկնում եմ, գալիս է ոչ թե երևալու, թվալու՝ այսօր այնքան տարածված մոլությունից, այլ իր շիտակ մարդկային նկարագրից: Բարձր ձայն չունի, բայց ճշմարտությունը կարելի է ասել նաև մեղմությամբ ու սիրով: Եվ նորարար լինելու համար բնավ պարտադիր չէ կուրորեն հետևել եվրոպական ավանգարդին: Մեր աչքի առաջ բոլոր հայ մոդեռնիստները հերթով ձախողվեցին, իսկ նորություն փնտրող գրասերները դեռ շարունակում են հավաքվել Համո Սահյանի պոետական տաճարի շուրջ:

Ահա սա է բանաստեղծ Տարոն Գլակի գեղագիտությունը, իր հավատո հանգանակը, մաքուր նվագների իր պաշտամունքը: Իրեն հավատացել եմ գրական իր առաջին քայլերից, որովհետև իմ քննադատական բազմամյա փորձը միշտ հուշում է՝ տաղանդներ փնտրեք առողջ հոգիների մեջ: Այն պահից, երբ ճանաչեցի իր մեջ մարդկայնություն ու հայրենիք, այլևս երբեք չեմ կասկածել, որ ինքը բոլոր գագաթները նվաճելու է:

Գրականագետի համար իսկական բերկրանք է ծանոթությունը Տարոն Գլակի գրական պատկերացումների և հայացքների հետ: Այս երիտասարդ տաղանդը համոզված է, որ յուրաքանչյուր բանաստեղծական ժողովածու կամ գիրք ունի ոգի, որ կարելի է շոշափել: Գրողի և ընթերցողի հանդիպումը կայանում է այն ժամանակ, երբ հեռավորությունն անհետանում է նրանց միջև: Կարևոր չէ գտնվելու վայրը, և որտեղ էլ բացես բանաստեղծի ժողովածուն, հիշիր, որ քո ձեռքերում պոետի գիրքը չէ, այլ նրա կյանքը, և նա կզգա, անպայման կզգա՝ ինչպես ես դու կարդում նրա ամեն մի տողը:

Այս խոսքերով է բանաստեղծը բացում իր լավագույն գրքերից մեկը՝ <<Գետի ափին>>: Թերթելով այս սքանչելի հատորը, որ պոետական է նաև իր ծավալով (80 էջ), վերստին համոզվում ես, որ գրական տաղանդը բնավ վերացական հասկացողություն չէ: Ահա մի չափանիշ, որ մեր գրականագիտական գործի այբուբենն է՝ Տարոն Գլակի <<Գետի ափին>> գրքի հենց առաջին՝ <<Հայրենապատում>> շարքում զետեղված բոլոր ութ բանաստեղծությունները գեղարվեստական արժեք ունեն: Այսինքն հենց առաջին էջերից գրքույկը դառնում է գիրք՝ ստիպելով հարգել իրեն: -Շարքը կարևոր է նաև նրանով, որ արձանագրում է գրողի տաղանդի հիմնական ուղղվածությունը՝ հայրենական երգ: Հաջորդ շարքում կրկին իրար հաջորդում են գեղարվեստորեն ընտիր գործեր՝ տաղանդի իրական ապացույց, իսկ <<Հրաչյա Սարուխանին>> ներբողը խոսուն վկայությունն է իր նախորդների հետ ժառանգորդական ամուր կապի:

Սա էլ մեր գրականագիտական այբուբենի երկրորդ նշանը՝ գրական ավանդույթի գիտակցված զգացումը տաղանդի ցուցանիշներից մեկն է: Ժամանակակից հեղինակներից շատերն այդ առումով որբերի տպավորություն են թողնում՝ ոչ նախորդ ունեն, ոչ էլ գիտակցում գրական վարպետության: Ասենք, որ գրականագիտական այս երկու հասկացությունները սերտորեն կապված են միմյանց հետ՝ ուրիշ էլ ինչպե՞ս, որտեղի՞ց պիտի վարպետության դասեր առնի երիտասարդը, եթե ոչ իր մեծ նախնիներից:

Նոր գիրքը՝ <<Պատերազմում>> (2020), հաստատումն է Տարոն Գլակի պոետական ուրույն ոճի, և կրկին՝ կատարյալ տողեր, հայրենասեր հոգու ազնիվ վերթևումներ և կայացած գեղարվեստական արժեքներ: Ակնհայտ է՝ Տարոն Գլակը նրանցից չէ, ովքեր միայն որոնում են, ինքը գտնողն է: Այս տաղանդավոր պոետը քեզ անհասցե ճամփորդության երբեք չի տանի, ինքը տեղ հասնողն է: Իր պայծառ հայացքը ողջ աշխարհն է ընդգրկում, բայց ինքը նաև նպատակ ունի՝ հաստատակամ գնում է դեպի իր նպատակը և ընթերցողին էլ տանում է իր հետ: Ահա իմ գրականագիտական այբուբենի ևս մի նշան՝ ճամփիդ միշտ լույս կա, հայ գրող, եթե հոգուդ մեջ վեհ նպատակ ես փայփայում

Տարոնի մանկությունը Արցախյան ազատամարտի հերոսական ժամանակն է: Իր ազատամարտիկ հոր՝ Սուրեն Սարգսյանի ընկերները իբրև նվեր՝ փամփուշտ էին լցնում օրորոցի մեջ, ահա ինչու <<Պատերազմում>> գիրքը պարզապես չէր կարող չգրվել: Այստեղ Միայնակ Գայլին նվիրված բանաստեղծական շարքն է, ապա իսկական գեղարվեստական մի հրաշք՝ <<Կյանքս մեկ է՝ մի օր կտամ>>, <<Երկիր իմ, ավա՜ղ, մնացիր մենակ>>, <<Կգա օրը քո ծաղկածածկ շիրիմին>>:

Սակայն երիտասարդ հեղինակի գաղափարական գագաթը <<Ես անկում եմ տեսնում>> բանաստեղծությունն է: Ինչպես երկու դար առաջ Լերմոնտովն էր մեղադրանք ներկայացնում իր սերնդին, այնպես էլ հիմա հայ բանաստեղծը հայ որակի պարտությունն է գուժում: Ազգային մեր բոլոր ուժերն ուղղելով ռազմի դաշտ՝ մենք աչքաթող արեցինք երկրի ներսը: Սահմանին հերոսանում, զոհվում էին մեր լավագույնները, իսկ մեր մշակութային մայրաքաղաքում, երկրի կենտրոնում <<պոռնիկներն են պաշտվում և արվեստը նսեմ>>: Խաչի նշանը համազգեստին և հոգուն դաջած՝ դեպի սահմաններն են հեռանում և մագլցում են Շուշվա քարերն ի վեր մեր նոր Նժդեհներն ու Անդրանիկները, իսկ մեր կառավարությունում հայտնվում են հայրենիքն ուրացողներն ու դրամ պաշտողները: Քարինտակում, Արցախի հերոսական լեռներում հայոց զենքը հալածում, հաղթում է թուրքին, սահմանամերձ մեր գյուղերում դպրոցահասակ մանչերը սահման են պահում՝ Ֆիդայի ու զինվոր դարձաձ, մեր լավագույն տղերքը, լքելով ընտանիք ու հարազատ, զոհում են ամենաթանկը հանուն ազգային գաղափարի, իսկ սահմանից այս կողմ՝ մեր երկրի սրտում, արժեքները դարձել են… սոսկ բառեր: Սա հզոր բանաստեղծություն է՝ կերտված լավագույնի երազանքով: Ես վերելք եմ ուզում՝ պահանջում է հայ բանաստեղծը՝ Երկիր, լսիր բանաստեղծ որդուդ:

Տարոն Գլակի ուժը ճշմարտության մեջ է: Նա հղկում է իր պոետական վարպետությունը իր նախնիների փորձին հետևելով: Տարոն Գլակի ոճի ձևավորմանը իր մասնակցությունն է բերել մեր մեծ Թումանյանը, իսկ ժամանակակիցներից անուրանալի է Հրաչյա Սարուխանի պոետական ավանդույթը, որ ուղղակի իմաստով արթնացրեց երիտասարդ հեղինակի գրական ձիրքն ու սեփական հնարավորությունները:

Մեր ավանդական վանկական ոտանավորը Տարոն Գլակի պոեզիայում շողում է, նորանում ու թարմանում, հնչում իբրև առավոտյան շեփոր: Մեր լեռների բարձրությունն ու հայոց ձորերի խորությունը կա Տարոն Գլակի տողերում և պարզությունն ու մաքրությունը մեր լեռնային վտակների: Առջևում երիտասարդ կյանքն է, որ նա ապրելու է իբրև բանաստեղծություն: Դեռ պիտի հնչ սիրո իր քնարը և նոր հայտնություններ պիտի բացվեն իր ճանապարհին: Այս բանաստեղծից սպասելիքներ շատ ունենք, ինքը մեր վաղվա օրը կերտողներից է, իր գիրը չի մոլորվելու, խավարի մեջ անգամ գտնելու է ճշմարիտ ճամփան, քանի որ պոետական իր երկնքում արև ունի, որ ինքն է կերտել իր սրտից ու երազներից:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Համահայկական Գրողների Միության Նախագահ

Աբգար Ափինյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *