Կարդալով Սամվել Զուլոյանի բանաստեղծությունները մենք ցավալիորեն արձանագրում ենք հետևյալը՝ Իրականությունը սպանեց Բանաստեղծին : Իրականությունն օտար մասնիկ չէ, իրականության ձևավորողը մենք ենք և բանաստեղծն էլ այս դեպքում միակ տառապյալը չէ: Բանաստեղծի փոխարեն կարող է լինել Գիտնականը, նկարիչը, դերասանը կամ պարզապես բարի մտադրություններով մարդը , կամ այն երեխան, որը նոր է ծնվել և պիտի իրականության զոհը դառնա հետագայում : Իրականություն կոչվող այդ թագավորությունում իշխում են տգետներն ու միջակությունները, նրանց միավորում է Ծաղրը: Ծաղրը նրանց զենքն է, այդպես են նրանք ինքնահաստատվում և անվերջորեն վերակերտում ու ամրացնում իրենց թագավորությունը: Նրանք ծաղրում են բոլորին, ովքեր սեփական փորից անդին են տեսնում, ովքեր ապրում են հանուն մեծ գաղափարի, որը պիտի մարդուն պահի մարդ, բարձրացնի , իսկ կենդանուն մատնի պարտության: Այս մեծ ճակատամարտում, որի սկիզբը մոռացվել է, քանի որ սկսվել է վաղնջական ժամանակներում, գուցե առաջին քարանձավում, ուր մարդը համատարած մթության մեջ նկատել է, պայմանականորեն ասած՝ իր հոգուց ելնող լույսը և հասկացել , որ իր թռիչքի ամենաէական հիմնասյունը հենց այդ լույսն է, որը պետք է փոխանցել հաջորդ սերունդներին: Ես սա կոչեցի ճակատամարտ, բայց ճշմարիտ անվանումը պատերազմն է, որի ընթացքում Բանաստեղծները մարում են հանուն Լույսի ու Լուսավորության, հանուն Մարդու, մարում են առանց ափսոսանքի ու երկմտանքի, մարում են երկնքի աստղերի պես, իմանալով, որ իրենց հանգչելով ծնվելու են մեկ այլ աստղի մեջ և հավերժական լույսը չի մարելու : Այսպե՛ս է պետք ընկալել Բանաստեղծներին, այսպե՛ս պետք է ընկալենք Սամվել Զուլոյանին:
Տարոն Գլակ

Ինձ ջնջել եմ Էրեկվանից,
Ու ձեր միջին արդեն չկամ,
Օրապակաս էն խելառից
էկա վերջին բարևս տամ…
Լի՝ անպակաս էս սեղանին
Ես մեկ լեղի, մեկ կենաց թաս,
Պիտի ջարդվեմ միանգամից,
Մնացողաց շախն անպակաս…
Երանի ձեզ, և մեղա ինձ,
Եվ օրերին էս գժավուն,
Ինձ նմանակ ձեր նմանին
Էսօր ես եմ մենակ թաղում…
Էսօր ես եմ, ձեր մեջ չկամ,
Ինձ ջնջել եմ էրեկվանից,
Մնացողաց շախն անպակաս,
Օղորմի ինձ, Ձեզ երանի…
Սամվել Զուլոյան