Երկի՛ր իմ
Բանաստեղծ Տարոն Գլակը արդի երիտասարդ պոեզիայի առաջին դեմքերից է: Տարիների ընթացքում բանաստեղծը հաստատել է իր ուրույն դիմագիծն ու տեղը ժամանակակից գրական ընթացքի մեջ: Մաքուր ու ազնիվ է իր ձայնը, որ հիշեցնում է լեռնային անարատ մի հոսանք, իր հոգին՝ սրբության ու վեհության կարոտ: Հեղինակի չորրորդ գիրքն է՝ յուրօրինակ երկխոսություն հայրենիքի հետ, սիրո խոսք: Ահա ինչու՝ Երկի՛ր իմ: Բանաստեղծն իր հայրենիքը տեսնում է պատմության ու ոգու բարձունքում, որին մենք պարտավոր ենք արժանի լինել: Իր իդեալը մեր անմահ հերոսներն են, մեր ազատամարտիկները՝ իբրև ազգի հավերժացած ոգիներ: Պոեզիայի առեղծվածն է գրավում հեղինակին, ինքը բառի պաշտամունքն ունի և պոետական արվեստի բնագավառում հասել է նկատելի ձեռքբերումների: Սակայն բանաստեղծի իրավունքով հանրության առջև է բարձրացնում ցավոտ խնդիրներ՝ կյանքի բարոյական հիմունքների արժեզրկումը, որի դեմ ինքն իր կռիվն ունի:
Հայ գրականության ավանդույթներին հավատարիմ մնալու, մեր դասականների փորձը ստեղծագործաբար շարունակելու համար Տարոն Գլակն արժանացել է Համահայկական գրողների միության « Թումանյան » ոսկե մեդալի :
Աբգար Ափինյան