Ամեն ինչ պարզ էր
Ամեն ինչ պարզ էր ու պարզունակ էր
Եվ նախնական էր իմ հոգու պես․․․
Ախշարհն ինձ համար փոքրիկ պուրակ էր,
Փոքրիկ մի բակ էր, փոքրիկ մի դեզ։
Ցորենը՝ցորեն, գարին գարի էր,
Քամի էր քամին, ու քարը՝քար,
Կարծես ամեն ինչ հականալի էր,
Ոչ մի բանի մեջ խորհուրդ չկար։
Հիմա սարերը քնած դարեր են,
Պատմություններ են անհերքելի,
Բոլոր քարերը շիրմաքարեր են
Եվ բեկորներ են հին փառքերի։
Ամեն մի ժայռը հին մի կոթող է,
Ոտքի տակ մի մեծ կյանք է ննջում,
Ամեն մի շյուղը եղեգան փող է
Եվ կանաչ բոց է արտաշնչում։
Ծիածանները լռած երգեր են,
Լռած խոսքեր են աղոթքների,
Եվ կածանները ոտնահետքեր են
Վաղուց հող դարձած ճամփորդների։
Ամեն ձորակը հոգսի մի ծալ է,
Աղբյուրն՝արցունք է անզսպելի,
Հովը հեքիաթի բարի հեծյալ է,
Հողմը՝ասպետ է առասպելի։
Ամեն ինչ խորք է, ամեն ինչ ձև է,
Ամեն ինչ հոգս է, ամեն ինչ բեռ ․․․
Երանի նրան ով մեծացել է
Ու երեխա է մնացել դեռ։
Ում համար աշխարհն անհոգ դռնակ է,
Փոքրիկ մի բակ է ու փոքրիկ դեզ,
Ամեն ինչ պարզ է ու պարզունակ է
Եվ նախնական է իմ հոգու պես։
Համո Սահյան
