Թումանյանն իմ ընկալմամբ . Դավիթ Մշեցի
Թումանյանն իմ ընկալմամբ . Դավիթ Մշեցի

Թումանյանն իմ ընկալմամբ . Դավիթ Մշեցի

Հովհաննես Թումանյանի իրական մեծությունը կամ Թումանյանն իմ ընկալմամբ
(Հուսամ՝ օգտակար կլինի երիտասարդ գրողների և բոլոր ընթերցողների համար)

Թումանյանի մասին, ինչ խոսք, մեզանում հազարավոր վերլուծություններ են գրվել, հարյուրավոր գրականագետներ են կայացել, թվում է՝ ամեն բան ասված է կամ գրեթե ասված։ Հարգելով բոլորի վաստակը, թեկուզ՝ երբեմն չընդունելով, այնուամենայնիվ ուզում եմ ներկայացնել՝ ես ինպե՞ս եմ հասկանում ու ընկալում Թումանյանին։
Դա կփորձեմ անել ընդամենը մեկ քառյակի վերլուծությամբ․ քառյակի, որը բոլորին է հայտնի։
Ահա և այն․

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…


Տեսեք, համաշխարհային պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և, առհասարակ, մշակույթի մեջ միշտ գերակա է եղել Արևելքի փառաբանումն ու ձգտումը դեպի Արևելք։
Բայրոնի <<Արևելյան Պոեմները>>, Ռեմբոյի <<Անհնարինը>>, Հեսսեի <<Ուխտագնացություն դեպի Արևելք>>-ը և էսպես շարունակ։ Արևելքի դավանաբանությունից զերծ չէ նաև մեր մշակութային ու գիտական մտածողությունը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի Արևմուտքի խոշոր մտածողները իրենց ամբողջ գաղափարական թափն ու մարդկության կատարելատիպը փնտրեին Արևելքում և արդյո՞ք աշխարհագրական Արևելքի ձգտում էր դա։
Պատասխանը շատ պարզ է։
Դեռ հնագույն քաղաքակրթույուններից սկսած փաստվում է՝ Արևելքը ո՛չ թե աշխարհագրական տեղանք էր, այլ Մարդարարման և Մարդկության փրկության վայրը, որն էր՝ Հայկական Լռնաշխարհը։
Էնումա- Էլիշ, Զիասուտրա, Քսիսուտրա, Ատրախասիս, Ութնապիշտիմ, Նոյ․ բոլոր դեպքերում Բանական Մարդն Արարվում է Հայկական Լեռնաշխարհում, ապա իջնում ներքև, հետո ջրհեղեղից փրկվում՝ Հայրերի Երկիր-Հայաստան վերադառնալով։ Նույն Աստվածաշնչյան պնդումը, թե <<Կադմոսի կողմից եկան Սինորի երկիրը>> այլ բան չէ , քան վերոնշյալի հաստատումը, քանզի եբրայերենով Կադմոս կնշանակի Արևելք։ Փաստացի Արևելքն էստեղ Հյուսիսն է։ Ավելին՝ Ենոքի կամ Ենոխի գրքում շատ ուղիղ է տրվում այս հարցի պատասխանը․ <<Արևելք ասելով պետք է հասկանալ Հյուսիսը>>։ Էս ամենին էլ գումարենք, որ Քրիստոսի ծնունդը գնացին ողջունելու Արևելքի երեք Մոգերը, սրան էլ գումարենք այն ժամանակների Արևապաշտ մարդու աշխարհընկալումներն ու դավանաբանությունը՝ Արևելքի մասով պատկերը կամբողջանա։
Հիմա գանք Թումանյանի վերոնշյալ քառյակին, որն ամբողջական խտացումն է այս ամենի․
Առաջին տողում Թումանյանը ո՛չ թե Եդեմ, այլ Եդեմներ է ասում։ Նախ փորձենք պարզել սա․
Հանրահռչակ է, որ Եդեմը տեղակյված է Հայկական Լեռնաշխարհում։ Բայց էստեղ խնդիր կա նույն Հայկական Լեռնաշխարհում Եդեմի ճշգրիտ տեղակայման մասով։ Դա էլ բխում է նրանից, որ վերոնշյալ ջրհեղեղից փրկված տարբեր հերոսների մոտ այդ Վայրը տարբեր է։ Օրինակ Գիլգամեշը գալիս է Մաշու-Մսիոն-մասիս լեռները, Նոյը հենց Արարատի վրա է հանգրվանում։ Էնումա-Էլիշի մեջ Հայ Աստվածը, երբ կտրում է Տիամաթի գլուխը, այն բաժանվում է երկու անհավասար լեռների, որից բխում են Տիգրիս և Եփրատ գետերը և այլն։ Կարճ ասած, մինչև հիմա էլ տարբեր հետազոտողներ Եդեմը Հայկական լեռնաշխարհում տեղակայում են տարբեր տեղեր։ Եթե հաշվի առնենք, որ և՛ մարդարարումը, և՛ մարդու փրկության վայրը պիտի որ Եդեմ հմարվէին, Թումանյանի <<Եդեմներին>> - ը ամբողջությամբ ճշգրիդ կդառնա։
Հիմա դառնանք երկրորդ տողին։ Հեքիաթական պալատները նույնպես այլ բան չեն, քան այն Երկրի վայրերը, որտեղ Արարվել էին Ութնապիշտիմը, Զիասուտրան, Քսիսուտրան, Ատրահասիսը, Նոյը և որտեղ բնականորեն ձգտում էին․ դա է բնության ու Արարչության օրենքը։ Ցանկացած մարդ, որտեղ և ի՞նչ պայմաններով էլ ապրի, որոշակի տարիքից սկսում է ձգտել դեպի իր ծծնդավայրը։ Նույնիսկ եղջերուն, որտեղ էլ լինի, իր բնական մահն զգալով, անպայմանորեն գնում է այնտեղ, որտեղ ծնվել է։ Այդ <<Հեքիաթական պալատներին>> կարող է ու պիտի գումարվի նաև Բաբելոնի Աշտարակը, որի մասին կխոսեմ մեկ այլ առիթով։
Հիմա գանք երրորդ տողին․ Սա այլ բան չէ, քան, գոնե վերջին հազար տարվա եվրոպական մտքի արձանգրումները՝ նույն եվրոպական քաղաքակրթության անկումային ու ցեղոտ վիճակի մասով։ Նույն Ռաբլեի <<Ամենակերությունը>>, որտեղ եվրոպացի մարդը հասել էր մի վիճակի, որ ամեն բան խժռում էր՝ նյութական, թե հոգևոր՝ էական չէ, Սերվանտեսի <<Դոն Կիխոտը>>, որտեղ Բանական Մարդը կռիվ էր տալիս քաղաքակրթական անկման դեմ, Դեֆոյի <<Ռոբինզոն Կրուզոն>> , որն հեղինակն ինքը անվանում էր <<այլաբանություն>>, այսինքն նույն Բանական մարդու օտարացումն էր Անգլիական իրականության մեջ։ Բոդլերի <<Տարօրինակ Օտարը>> և էսպես շարունակ։
Հիմա գանք վերջին տողին․

Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

Վեոնշյալ բոլոր հերոսները ջրհեղեղից առաջ, միակ բանը, որ փնտրում էին, դա ճամփան էր դեպի տուն, դեպի իրենց հայրերի երկիրը։ Զիասուտրին Աստված խորհուրդ էր տալիս մարդկանց ասել, որ տվյալ ժողովրդի մեջ իր օտար լինելու պատճառով Աստված լավ աչքով չի նայում այդ ժողովրդին, և եթե նրանք իրեն օգնեն նավ կառուցել ու հեռանալ իրենց երկրից, Աստված բարի աչքով կնայի, որը և անում են։ Գլիգամեշը անմահություն փնտրելիս Ութնապիշտիմից խորհուրդ ստացավ գտնել ճանապարհը ու հասնել Արարչության վայր, որպեսզի վերցնի Անմահության Ծաղիկը։ Նոյին ևս նույն խորհուրդը տրվեց, որը և արեց նա։
Այսինքն բոլոր դեպքերում այս հերոսները այս կամ այն կերպ փնտրեցին ու գտան ճամփան Դեպի Տուն։ Թումանյանն այստեղ այլ բան չի անում, քան փաստագրելն այս ամենը և մղել Փոքր Մհերի պահանջի կատարմանը, որը նույնն է, ինչ Նիցշեի <<Բոլոր Արժեքների Վերարժևորումը, կամ Հեսսեի <<Քլինգզորը>>․․․

Եզրակացություն․
Ինձ համար Թումանյանի մեծությունը նրանում է, որ միայն մեկ քառյակով մղում է ճանաչելու մի ամբողջ մարդկային քաղաքակրթության ծագումը, զարգացումը, դավանաբանությունն ու փիլիսոփայակն խորքերը բացահայտելուն։ Ընդամենը մեկ քառյակում խտացնում է հազարվոր հատորների իմացաբանությունը։
Առհասարակ պոեզիան ինձ համար հենց այս է։ Եվ այսպես են վարվել աշխարհի բոլոր մեծ բանաստեղծները։ Այլ բան, որ նրանց մեզ այլ կերպ են ներկայացրել կամ մենք ենք այլ կերպ ընկալել՝ զուտ << Հոգևոր>> և ոչ երբեք <<Մտավոր սնունդ>>։
Պատկերավոր ասած․ Մեծ բանաստեղծները առաջարկում են երեխայի սրտի բնածին արատի լուծումը, մենք դա հասկանում ենք նույն երեխայի տգեղ քթի վիրահատություն։

Հ․գ․ այս տեսությունն ապրելու իրավո՞ւնք ունի։ Կարծում եմ՝ այո, քանի որ գոնե ես բանաստեղծությունը հենց այս դիտանկյունից ընթերցելու դավանավորն եմ։
Վիճելի՞ է։Ինչ խոսք, կարող է և վիճելի դառնալ, քանի որ խիստ սուբյեկտիվ է։ Ես պատրաստ եմ ցանկացած բանավեճի։

Դավիթ Մշեցի 11.02.2026 թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *