Միջահասակ, սև մազերով մի տղամարդ, քայլում էր` շուրջը կատարվող իրադարձություններին բոլորովին անտարբեր: Մինչ նա այդպես անփութորեն ու մտազբաղ առաջանում էր՝ կողքից կանայք էին անցնում` մեկը մեկից գեղեցիկ, ընդունակ տղամարդկային հայացքներ կորզելու, սակայն Արիստարխը սիրային արկածներով զբաղվելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ժամանակ ուներ. կատարյալ անտարբերությամբ համակված նրա հոգին այդ պահին ոչինչ չէր նկատում: Ասես սիրտը մի ուրիշ տեղ էր, միտքը մի այլ <<հովտում>>: Արիստարխը գինեգործ էր և կատարելապես տիրապետում էր գինեպատրաստման բոլոր գաղտնիքներին: Եթե հարցնեին, նա կդժվարանար հիշել մի օր, որն անց էր կացրել առանց գինի խմելու և առանց գինեբույրը զգալու, բայց և այնպես երբեք բաժակը միանգամից չէր դատարկում` ժամերով կարող էր վայելել: Երբ բացում էր շիշը ու դանդաղ լցնում բաժակի մեջ` անբացատրելի հաճույք էր զգում: Նրա և գինու միջև ինչ-որ տարօրինակ կապ էր առաջանում: Երբեմն Արիստարխը իրեն բնորոշ հումորով դա կոչում էր սեր: Հետո երբ սկսում էր խմել, կարելի էր պնդել, որ նա գտել է դրախտը: Մարդը տարիների ընթացքում ձեռք է բերում սովորություններ և այդ սովորությունները ինչ որ իմաստով տվյալ մարդու համար դառնում են իր անհատականությունն ավելի հետաքրքիր դարձնելու միջոց: Արիստարխն այս իմաստով ընդգծված բնավորություն ուներ և սկզբունքային էր: Գործի բերումով իհարկե պետք է տեղյակ լիներ այսպես ասած իր մրցակիցներից, համտեսեր տարբեր գինիներ՝ թեկուզ համեմատելու համար իր պատրաստածի հետ և իհարկե երբեմն փորձում էր՝ զուտ համը զգալու, իմանալու համար, սակայն այս ամենը գործնականից այն կողմ չէր անցնում: Նա սիրում էր խմել միայն իր պատրաստած գինին, նրա համար ուրիշ գինի փորձելը ասես դավաճանության նման մի բան լիներ: Եթե սիրում ես այդ աստվածային խմիչքը, անշուշտ կսիրես նաև արվեստը` Արիստարխն էլ բացառություն չէր: Նա պաշտում էր արվեստը: Գնում էր ցուցահանդեսների, դիտում էր նկարները և իրեն հատուկ խորաթափանցությամբ կարողանում էր մեկնաբանել դրանք: Ուներ շատ նկարիչ ընկերներ, որոնք սիրում էին նրա պատրաստած անուշահամ գինին, իսկ ինքը նրանց արարած նկարները: Քաղաքում նա հայտնի էր որպես հմուտ գինեգործ և լայնախոհ մարդ: Ուներ պատկառելի հնարավորություններ, կարող էր գնել շքեղ մեքենա, բայց չէր սիրում վարել և ինչ-որ տեղ վախենում էր: Դա էր պատճառը, որ լիարժեքորեն օգտվում էր ոտքերից, իսկ հեռու տեղեր գնալիս՝ ստիպված էր ապավինել տաքսիներին: Բայց լինում են օրեր և անշուշտ առանց դրանց կյանքը կվերածվի միապաղաղ, հոգնեցնող ճանապարհի, լինում են օրեր, երբ մարդուն սիրտն է հրամայում և մարդը լսում է սրտին: Արիստարխը չէր էլ հասկանում, թե ուր է գնում, կամ հասկանում էր, բայց չգիտեր ինչու, ի՞նչն է ստիպում հենց հիմա գնալ այնտեղ: Նա լսում էր սրտին և ուներ դրա կարիքը: Ազատ մեքենա նկատելով, կանգնեցրեց այն և հարմար տեղավորվեց ետևի նստարանին: Վարորդին ուղղությունը հայտնելուց հետո կրկին խորասուզվեց իրեն պաշարած մտքերի մեջ:
2
Վելոռ
Վելոռը սրճարանում ճաշում էր` ընդ որում շատ համակրելի տիկնոջ հետ: Իհարկե նա վաղուց ամուսնացած էր, բայց շարունակում էր փնտրել նոր արկածներ: Նա այն մարդկանցից էր, որոնք երբևէ և ոչ մի տարիքում չեն կորցնում երիտասարդական ավյունը: Չի կարելի ասել, թե նա չէր սիրում կնոջը, և հարմար առիթ էր փնտրում նրան դավաճանելու համար: Ո՛չ, սիրում էր և գնահատում, սակայն նման արկածները նրա համար մի տեսակ ինքնասիրությունը շոյելու կատարյալ առիթներ էին հանդիսանում: Կանայք սովորաբար նման տղամարդկանց չեն հասկանում, բայց Վելոռի կինը մի տեսակ ուրիշ աշխարհից էր: Նա գիտե՛ր՝ ինչպես է իրեն գրավում ամուսինը և թե ինչու է նրան սիրում: Դիանան պաշտում էր ամուսնուն` քաջ գիտենալով նրա բոլոր լավ ու վատ կողմերը: Իրականում նրանց ընտանեկան կյանքը չափազանց խաղաղ էր ու գրեթե առանց վեճերի, իսկ եղած վեճերն էլ ակնթարթի պես անցնում էին: Երբեմն մարդու հետ տարօրինակ բաներ են կատարվում և հենց այդպիսի անսովոր զգացողություն բացօթյա սրճարանում համակեց Վելոռին: Նա կարծես զգաց քամու բույրը: Քամին մեղմորեն անցավ և ասես շոշափելով նրան ինչ-որ բան հիշեցրեց: Այնքա՜ն ծանոթ էր այդ բույրը, այնքան հին, որ ներողություն խնդրելով տիկնոջից, վճարեց հաշիվը ու դուրս եկավ: Անմեկնելի մի կարոտ գերեվարեց Վելոռին: Նա քայլելով հասավ սակավամարդ այգի, որտեղ նորից, ավելի ուժգին զգաց այդ անդիմադրելի կարոտը: Այգուց մի փոքր հեռավորության վրա կանգնեցրել էր մեքենան: Հասավ, տարօրինակ կերպով նայեց շուրջը, ապա նստեց այն ու գնաց:
3
Ժան և Վեստա
Ժանն ու Վեստան իրենց փոքրիկ տանը զրուցում էին: Ժանը տեղավորվել էր բազմոցին, իսկ Վեստան բազկաթոռին: Նրանք ամուսիններ էին, արդեն տասը տարի ապրում էին կողք կողքի: Ժանը շատ կատակասեր էր: Վեստան սիրում էր Ժանի կատակները: -Սիրելիս, հիշո՞ւմ ես ինչպես էի քեզ ցեխերի մեջ գլորում: Չե՞ս կարոտել: Իմացի՛ր, եթե կարոտել ես, հատուկ քեզ համար կարող եմ մի ցեխոտ վայր գտնել, որտեղ հանգիստ խղճով կկարողանաս ցեխոտվել, մեր լեզվով ասած կարոտդ ցեխերից կառնես .- ասում էր Ժանը: -Լսի՛ր, միթե՞ դու չես հոգնում այդ անտակտ կատակներից: Տասը տարի նույն բանն ես կրկնում, տասը տարի դու այդպես էլ կատակել չսովորեցիր և գիտե՞ս ինչու, որովհետև դա տաղանդի պես մի բան է, կամ լինում է կամ չի լինում: Քո դեպքում այն իսպառ բացակայում է.- իբր զայրացած պատասխանում էր Վեստան: - Բայց իրոք, հիշո՞ւմ ես ինչ օրեր էին.-նկատելի թախիծով ավելացրեց Ժանը: -Հիշում եմ, իհարկե հիշում եմ ու միշտ մտածում, թե ինչ դաժան են հնարել այս կյանքը, ամեն ինչ կա տխրության համար, իսկ երջանկությունը պիտի փնտրես, բայց դե ի՞նչ իմանաս գուցե երբեք էլ չգտնվի այն: - Անուշի՜կս, մի մտածիր տխրության մասին ու երջանկությանը գերի չես դառնա: - Օ՜, դու արդեն փիլիսոփայո՞ւմ ես.- Հարցրեց Վեստան` զարմացած հայացքով: -Մեկը պե՞տք է քեզ նմաններին կրթի: Ուրախ եղիր, որ չեմ զլանում ու քեզ վրա ժամանակ եմ ծախսում, անշնորհակալ թռչուն: Շուտ հագնվիր, տեղ ենք գնում և հասարակ զգեստներ հագիր, դրա ժամանակը չունենք ու ոչ էլ կարիքը կա շատ շքեղանալու: -ի՞նչ պատահեց այս մարդուն.- զարմացավ Վեստան ու գնաց հագնվելու: Քիչ հետո նա արդեն պատրաստ էր: Նրանք միասին դուրս եկան:
4
Աննա
Գնացքը մոտենում էր քաղաքին: Աննան կարծես լսում էր խանգարող աղմուկը: Նա չէր սիրում քաղաքը, մեքենաների ձայներն ու մարդկանց բազմությունները: Այդ պատճառով հաճախակի մեկնում էր գյուղ ու որոշ ժամանակ հանգստանում էր քաղաքի հոգնեցնող աղմուկից: Ինչո՞ւ կանգնեց մանկության գնացքը. Մտածում էր նա և ինքն իրեն պատասխանում. Ավա՜ղ, բոլոր գնացքներն էլ մի օր կանգ են առնում: Հիշելով մանկության մասին ասես էլ չէր ուզում ապրել ու տխրությամբ նայում էր իր այժմյա կյանքին ու տեսնում, որ համեմատելու եզրեր էլ չկան: Գյուղից դուրս գալուց, ինքն իրեն խոսք էր տվել` գնալ այնտե՛ղ, որտեղ դեռ ինչ-որ բան մնացել է իր մանկությունից: Ամբողջ ճանապարհին միայն այդ մտքով էր զբաղված: Սիրտը թրթռում էր: Ուրախությունից ուզում էր ճախրել: Այո՛, լինում են պահեր, երբ սիրտը մարդուց մեծ է լինում ու կարծես ստիպում է նրան թռչել հեռու, գրկել օվկիանոսը, սիրել առյուծին և էլի էսպիսի շատ տարօրինակ բաներ: Աննան գիտեր, որ օվկիանոսը գրկել չի կարող, բայց իր այցելությունը գոնե կարող է իրագործել: Գնացքը հասավ կայարան: Ուղևորները դուրս եկան: Եղանակը հրաշալի էր: Աննան սովորաբար այսպիսի եղանակներին զվարճալի էր անվանում` Թեթև քամին ու չկիզող արևը նրան միշտ զվարթություն էին պարգևում: Կատակելու տրամադրություն ուներ, սակայն չգիտեր ում հետ կատակի: Ստիպված իր մտքում մի քանի հումոր ձևակերպեց ու դա օգնեց ամուր դաջել դեմքին իրեն հատուկ սքանչելի ժպիտը: Կայարանից դուրս եկավ ու նկատեց մոտակա տաքսիներից մեկը: Աննան ճանապարհ ընկավ: Նա նույնիսկ հոգնածություն չէր զգում: Նրան պարուրած միտքը չափազանց հանգստաբեր էր:
Մաս 2 - րդ
Վտանգավոր թաղամասը
1
Բոլոր քաղաքներում էլ արվարձանները բոլորովին այլ հմայք ունեն: Ծայրամասերում պահպանվում է այն՝ ինչը օր օրի վերանում է քաղաքի սրտում: Շուկան սովորական աղմուկի մեջ էր: Ճարպիկ մի գող գողացել էր չաղլիկ կնոջ պայուսակը ու բոլորը փնտրում էին այդ ավազակին: Բայց արդեն կես ժամ էր՝ ոչ ոք չէր կարողանում գտնել նրան: Նշանակում է՝ էլ չեն գտնի: Շուկայից փոքր ինչ հեռու տարածվում էր վտանգավոր թաղամասը: Էդպես էին կոչում քանի որ բնակիչների մեծամասնությունը նախկին բանտարկյալներ էին: Թեպետ, որ ճիշտն ասենք թաղամասը վաղուց արդեն այսպես ասած բնաշրջման էր ենթարկվել: Բանտարկյալներն անցյալ դարին էին պատկանում, հիմա այստեղ նրանց ժառանգներն էին ապրում և հուրախություն ողջ մարդկությանը՝ նրանցից շատ քչերն էին ճաղերից այն կողմ հայտնվել: Բայց դա էական չէ, կարևորն այն է, որ անունը չէր փոխվել. Վտանգավոր թաղամասը շարունակում էր համարվել վտանգավոր թաղամաս: Թաղամասից այն կողմ իր ողջ շքեղությամբ հոսում էր վճիտ գետակը: Ափին կար մի լքված տուն, որը կառուցվել էր մոտավորապես 19 րդ դարում: Հավանաբար որսորդական տնակ է եղել: Իհարկե այդ ժամանակ ոչ շուկան է եղել, ոչ էլ վտանգավոր թաղամասը: Նկատելի էր, որ տունն այժմ մի փոքր ձևափոխված էր և դա արել էին մի քանի ընկերներ, ովքեր մանկության տարիներին հավաքվում էին այդ տնակում, վախենալու պատմություններ պատմում միմյանց, իրենց հորինած խաղերը խաղում, ու երբեմն միասին գիշերում այնտեղ: Տնակի շուրջը կային ծառեր, իսկ նրանց վրա փորագրված էին մի քանի անուններ: Գետի այդ ափին ամենուր կարելի էր տեսնել մանուկների այդ անբաժան խմբի հետքերը: Ամեն ինչից ակնհայտ էր , որ այս վայրը վաղուց ի վեր ոչ ոքի չէր ընդունել: Տունը փոշոտ էր ու պատված սարդոստայններով: Ծառերը չափից դուրս վայրիացել էին ու բազմաթիվ թփեր անբռնազբոս կերպով տարածվել: Կարճ ասած՝ այս ամենը ստեղծում էր ջունգլիներից մի պատկեր: Տարօրինակ էր, սակայն քամու մշտական առկայությունը: Քամին երբեք չէր դադարում: Սա նման չէր քաղաքի սովորական քամուն, որը մեկ մեղմ է, մեկ կատաղի, երբեմն գրեթե բացակայում է: Այստեղ, այս չակերտավոր քամին անդադար պտտվում էր` երբեմն մոլեգին թափով, երբեմն էլ տեղում կարծես անհանգիստ շարժումներ էր անում: Վտանգավոր թաղամասի բնակիչները վախենում էին այս վայրից, ահա թե ինչու՝ վաղուց այստեղ ոչ ոք չէր եղել:
2
Եղել էին մարդիկ, ովքեր փորձել էին մուտք գործել տնակ, սակայն քամին ահագնացել էր ու թույլ չէր տվել որևէ մեկին մոտենալ: Այս վայրի հետ կապված լեգենդներն անպակաս էին: Ի տարբերություն մարդկանց, որոնց տնակ հասնելու փորձերն անհաջողության էին մատնվել, Ժանն ու Վեստան առանց որևէ խոչընդոտի մոտեցան տնակին: Ժանը մեքենան կայանել էր տնակից բավական հեռու, քանի որ ծառերը խանգարում էին ավելի մոտենալու համար: Դեպի տնակ տանող ճանապարհը նրանց երկուսին էլ քաջածանոթ էր: Վեստան մի դեպք հիշեց. -Հիշո՞ւմ ես Ժան, հենց այս ծառի կողքով վազելիս Արին ընկավ: Նա և Աննան իրենց ուժերը վազքի մեջ էին փորձում: (Ընկերներն Արիստարխին կոչում էին Արի): -Ո՞նց չեմ հիշում, դու արյունից վախեցել էիր, իսկ մենք ծիծաղում էինք: Արին ընդհանրապես կատաղել էր: Այնպես էր կատաղել, որ ցավն այլևս չէր զգում: Զայրացել էր մեր ուրախ դեմքերը տեսնելով: Տեսնես որտե՞ղ է հիմա նա: Կարոտել եմ այդ լուրջ դեմքին: Հապա Վելոռը, տեսնես նա ինչո՞վ է զբաղված: Երևի մինչև հիմա չի փոխել իր երազկոտ ու պոետիկ բնավորությունը: Հիշո՞ւմ ես ամբողջ օրը բնությունն էր գովերգում, երբեմն լուռ նստում էր ու ոչինչ չէր ասում: Երբեմն էլ այնքան աշխուժություն կար նրա մեջ, որ ետևից հասնելն անհնար էր: Չեմ հավատում, որ նա փոխված լինի: Նման մարդիկ չեն փոխվում: - Այնպես կուզեի տեսնել նրանց: Ո՜հ, աչքերիս չեմ հավատում, Արի՜, էս ո՞ր քամին քեզ էստեղ նետեց: Ժանն անզուսպ երջանկությամբ նայեց ծառերի կողմը ու գոչեց. – Էս ո՞ր սրիկան է մեզ հյուր եկել: Արիստարխը անակնկալի գալով ուրախությամբ պատասխանեց.- Ձեր սրիկան է եկել, ձեր սրիկա՜ն: Ես երա՞զ եմ տեսնում, թե՞ դուք իրոք իրական եք սիրահարներ: -Վաղուց այդ բառը չէի լսել Արի.- հուզված արձագանքեց Վեստան.-Միայն դու էիր մեզ այդպես կոչում: Այո՛, մենք իրական ենք ու փառք աստծո դու էլ ես իրական:
3
Հին ընկերները ողջագուրվեցին: Կարոտը ջրվեժի պես թափվում էր: Քամին, որը ոչ ոքի չէր թողնում մոտենալ տնակին՝ զարմանալիորեն մեղմացել էր ու պտտվում էր երեք ընկերների շուրջը` կարծես ինքն էլ գրկեր նրանց ու ասեր. Կարոտել եմ սիրելիներս, կարոտել… - Ասես 20 տարի այս վայրը մարդ տեսած չլինի .-նկատեց Արին.- բայց ինչպե՞ս կարող էր դա պատահել. սա տարածքում ամենագեղեցիկ հատվածն է: Այստեղ շատերը կերազեին հայտնվել: Նրանք մտան տնակ: - Ինչպես թողել ենք, այնպես էլ պահպանվել է: Մի՞թե ոչ ոք չի եղել այստեղ: Գլխումս չի տեղավորվում այդ միտքը: Խոնավությունից տնակի քարերը մամռոտել էին, իսկ փայտե տանիքը ժամանակի ընթացքում գրեթե ամբողջովին փտել: Տնակն ուներ ընդամենը մեկ պատուհան, որտեղից տեսանելի էր գետակը: Իհարկե ապակին վաղուց փշուր-փշուր էր եղել: Մանկության տարիներին ընկերները կոտրված ապակու փոխարեն փայտեր էին մեխել, սակայն հասկանալով, որ փակում են սքանչելի տեսարանը. գտել էին ինչ – որ բաց կանաչ կտոր, որը չափազանց թափանցիկ էր և որի շնորհիվ առանց այն էլ կախարդական գետակը ավելի մոգական էր դարձել: Կտորն արդեն նախկին գեղեցկությունը չուներ, որովհետև այն բացակայում էր: Կար մի փայտե բազմոց, որը նույնպես ընկերներն էին պատրաստել: Դա Վելոռի մտքի փայլատակումն էր, նա սիրում էր փայտի հետ աշխատել, իսկ ընկերները նրան օգնեցին այդ հարցում և արժանիորեն, համատեղ ուժերով ստացան բավական գեղեցիկ կահույք: Բուխարին ևս շատ հին էր, սակայն դեռևս օգտագործման ենթակա: -Լսեք, որտեղի՞ց է այս քամին փչում, երբեմն ինձ թվում է, թե նա մեզ հետևում է.- փոքր ինչ անհանգստացած դժգոհեց Վեստան:
4
Տնակի դուռը բացվեց: Աննան ներս մտավ ու ապշահար աչքերով նայեց իր երեք ընկերներին: Շատ տարիներ էին անցել, բայց նա չէր կարող նրանց չճանաչել.- Չարաճճինե՜ր, ի՞նչ եք այստեղ անում: Այս խոսքերն ասելով և ուրախության ճիչեր արձակելով Աննան բոլորին մեկ առ մեկ համբուրեց: Արիի հետ ավելի երկար մնաց գրկախառնված: -Իմ անսիրտ գինեգործ, ամեն ինչ կսպասեի, բայց որ քեզ կտեսնեմ այստեղ, այ դա անհավատալի է: Ինչպե՞ս եք, միասի՞ն եք եկել:
Արին ժպիտը դեմքին պատասխանեց.- Պատկերացրու, որ իմ սիրտն էլ քարացած չէ: Չգիտեմ էլ ինչ կատարվեց հետս, անպայման ցանկանում էի գալ մեր մանկության վայրը ու վերհիշել անցած- գնացածը: Միասին չենք եկել, ես էլ զարմացա տեսնելով Ժանին ու Վեստային: Այնպես է ստացվել, որ բոլորիս սրտերն էլ նույն կերպ են բաբախել, հրաշալի՞ է չէ: -Այ, եթե Վելոռն էլ գար իրոք կատարյալ կլիներ այս օրը.- ավելացրեց Ժանը: Եվ այդ պահին դուռը բացվեց ու երևաց Վելոռի պայծառ դեմքը: - Շան անունը տուր, փայտը առ ձեռքդ.- աղաղակեց Աննան: -Այսպես ուրեմն, եկած-չեկած արդեն շան տե՞ղ եք դնում: Մի՞թե ես դրան էի արժանի ուրացող առնետներ.- խորապես վիրավորվածի կերպարանք ընդունելով խոսեց Վելոռը: -Ասում էի չէ, որ նա չի փոխվի, սրա նմանները երբեք չեն փոխվում.- գոչեց Ժանը: Եվ նորից ընկերները արդեն լիարժեք կազմով ողջագուրվեցին ու նստեցին բազմոցին:
Մաս 3 - րդ
Հին տնակում
1
Մանկության ընկերները զրուցում էին, հիշում անցած-գնացած դեպքերը, բայց բոլորի դեմքերին էլ անհասկանալի անհանգստություն էր նկատվում։ Արին ոտքի կանգնեց, որպեսզի ստուգի պատուհանը, և հասկացավ, որ այնտեղից քամի չի փչում։ — Ձեզ տարօրինակ չի՞ թվում այս քամին։ Դրսում գրեթե քամի չկա, իսկ ներսում այն չի դադարում։ Որտեղի՞ց է գալիս, ոչինչ չեմ հասկանում։ — Ես էլ էի նույն բանն ասում, իսկապես զարմանալի է։ Անկեղծ ասած՝ այս ամենն ինձ մի փոքր վախեցնում է,— պատասխանեց Վեստան։ — Եվ այս սառը օդը, որը բնավ չի խոսում այսօրվա պայծառ եղանակի հետ։ Այստեղ կարծես թե ոչինչ էլ չի փոխվել, բայց մեկ է՝ ինչ-որ բան այն չէ։ Առաջ այսպես չի եղել։ Եկեք գնանք ինչ-որ տեղ ու նշենք մեր անակնկալ հանդիպումը։ Ի՞նչ կասեք, լա՞վ գաղափար է,— հարցրեց Աննան։ Ժանը, հավանության նշան տալով, առաջարկեց․ — Հոյակապ միտք է։ Ես ու Վեստան երկու, ավելի ճիշտ՝ մեր չորս ձեռքերով էլ կողմ ենք և հրավիրում ենք ձեզ մեր տուն՝ մի լավ հարբելու։ Եկեք գնանք ու կարոտներս առնենք իրարից։ Ընկերները համաձայնվեցին, և բոլորն էլ ոտքի ելան։ Սակայն հենց այդ պահին տարօրինակ քամին ակնթարթի պես դուրս եկավ պատուհանից, հսկայական մի ծառ նետեց դեպի դուռը, մեկ այլ ծառ շպրտեց ու փակեց պատուհանը, իսկ ինքը՝ ծխնելույզից, բուխարու միջով, հայտնվեց տնակում։ Ընկերները սարսափեցին։ Նրանք բղավում էին․ — Ի՞նչ է կատարվում, Տե՛ր Աստված, ի՞նչ է կատարվում։ Վելոռը, իր մեջ համարձակություն գտնելով, փորձեց բացել դուռը և, իհարկե, չկարողացավ։
2
Ընկերներն ապրում էին իրենց կյանքի թերևս ամենատարօրինակ և վախենալու ժամերը։ Քամին, որն, ըստ էության, ինչ-որ ոգի էր, սկսեց խոսել։ Նրա ձայնի մեջ խզում կար, կարծես խեղդվելիս լիներ։ Այդ ձայնն իր մեջ աշխարհի բոլոր տարերքներն էր կրում։ Նրա արձագանքի մեջ կարելի էր լսել ջրի խշշոցը, քամու սուլոցը, շանթի որոտը և տերևների սրթսրթոցը։ Այդ ամենը միաժամանակ սարսափ էր տարածում շուրջը։ Ընկերները սարսռել էին, սակայն վախի հետ մեկտեղ նրանք իրենց, ինչ-որ առումով, ապահով էին զգում։ Ոչ ոք չէր կարող բացատրել, թե դա ինչ ապահովության զգացում է և ինչպե՞ս կարելի է ապահովություն զգալ այն դեպքում, երբ մի անհասկանալի երևույթ ջարդում ու փշրում է ամեն ինչ, փակում է բոլոր դռները, բանտապանի պես չի թողնում դուրս գալ։ Եվ այդ ոգին հանկարծ սկսեց խոսել։ Նրա խոսքերում մեղադրանք կար, ափսոսանք, դառնություն։ — Դուք ուզում եք գնալ, դուք կրկին ուզում եք գնալ, իսկ ես լավ եմ հիշում, թե ինչպես եք գնում։ Դուք չե՛ք գնալու այստեղից։ — Ո՞վ ես դու,— մի փոքր շփոթված, բայց և պայքարի պատրաստ մարդու նման հարցրեց Ժանը։ — Ո՞վ եմ ես։ Թեպետ զարմանալի չէ, որ ինձ չեք ճանաչում, բայց հենց դուք եք ինձ ծնունդ տվել։ Ես ձեր ընկերության Ոգին եմ, ձեր մանկության Ոգին։ Տարիներ ի վեր դուք անբաժան էիք և այս տնակում միասին խաղում էիք, անտառում վազվզում, կռվում իրար հետ, զանազան արկածներ հորինում, և այդ ամենի արդյունքում՝ ձեր երեխայական անկեղծության, միասնության արդյունքում, ձևավորվեց այս «քամին», այսինքն՝ ես՝ ձեր մանկության Ոգին։ Ընկերներն ապշած լսում էին, նրանց մարմնով մեկ դող էր անցնում։ Ոգին շարունակեց․ — Դուք ինձ կյանք տվիք ու հեռացաք, գնացիք՝ ասես ոչինչ էլ չէր եղել։ Ես այնքան երկար եմ սպասել՝ հուսալով, որ կգաք ու նորից ձեր շուրջը՝ անձայն, անշշուկ կթափառեմ, և դուք երբեք էլ չեք իմանա իմ գոյության մասին։ Ինձ մի բան էր պետք, ընդամենը մեկ բան՝ ձեր մնալը։ Սակայն չմնացիք, ու ես խենթացա, ես չարացա, և հիմա դուք պիտի մնաք այստեղ, հավիտյան պիտի լինեք իմ կողքին։ Ես այլևս չեմ կարող թույլ տալ, որ անհետանաք իմ տեսադաշտից, չեմ կարող ձեզնից հեռու գոյատևել․ առանց ձեզ կսպառվի իմ ժամանակը։ Այս խոսքերն ասելուց հետո Ոգին դուրս եկավ ծխնելույզից։ Ընկերները մնացին մենակ։
3
Սպասում
Մի պահ լռություն տիրեց, այնպիսի լռություն, որը խախտելը հերոսության նման մի բան է։ Ի վերջո Ժանը խախտեց անտանելի լռությունը։ — Լավ, այս ի՞նչ էր։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ Ոգի, որին ստեղծել ենք մենք… Իսկ ինչպե՞ս ազատվենք նրանից։ — Աչքովս գոնե մի ջարդող գործիք ընկներ, որով կկարողանայինք կոտրել առաստաղը ու դուրս գալ այստեղից,— մտածկոտ հայացքով շուրջը զննելով՝ խոսեց Վելոռը։ — Լսե՛ք, այս ոգին մեզ չի ատում, հակառակը՝ նույնիսկ սիրում է։ Նա պարզապես ուզում է մեզ հավերժ իր կողքին պահել։ Նա մեզ չի ուզում սպանել, բայց չի հասկանում, որ այստեղ փակված, առանց հացի ու ջրի, մենք կմեռնենք։ Ավելի լավ է խոսենք նրա հետ և հասկացնենք իր արածի ողջ անհեթեթությունը,— առաջարկեց Աննան։ — Ես համաձայն եմ, լավ առաջարկ է։ Իսկապես, նա մեզ չի ուզում սպանել, ուզում է պահել իր կողքին։ Նա մեզ այնպես մոլեգին է սիրում, որ չի ուզում բաժանվել մեզանից։ Երբ նորից հայտնվի, եկեք հետը խոսենք,— ասաց Արին։ Ընկերները որոշեցին խոսել ոգու հետ։ Նրանք նստեցին փայտե բազմոցին ու սկսեցին սպասել տարօրինակ քամուն։ Տնակի գրեթե ամբողջովին փակ պատուհանից շատ թեթև թափանցում էր լույսը։ Օրը մթնում էր, և շուտով այդ լույսն էլ չէր լինի։ Արին հիշեց, որ պահարանում իրենք միշտ մի քանի մոմ էին պահում, և եթե իրոք այս տնակում իրենցից հետո ոչ ոք չի եղել, պետք է որ այդ մոմերը իրենց տեղում լինեին։ Արին ստուգեց պահարանը, գտավ մոմերը, որոնք, բնականաբար, փոշու մեջ կորել էին, Վելոռից կրակայրիչ խնդրեց ու վառեց դրանք։ Այժմ տնակը մոմերից ճառագող աղոտ լույսերով էր լեցուն, և ժամանակավորապես լուծված էր մթության հարցը։ — Առաջ ինձ թվում էր, թե մարդիկ պարապությունից են ծխում,— այս խոսքերն ասելուն զուգահեռ Վելոռը վառեց ծխախոտը։ — Դու իրոք զարմանալի մարդ ես,— նկատեց Վեստան։ — Անգամ հիմա պարապ մտքերի վրա ժամանակ ես ծախսում։ — Քո այդ ասած «պարապ» մտքերը իմ գոյության իմաստն են կազմում, սիրելի՛ Վեստա,— ժպիտը դեմքին պատասխանեց Վելոռը։
4
Քամին վերադարձավ, մոմի լույսը դողաց, քիչ մնաց փոքրիկ կրակները հանգեին, ու սենյակն ամբողջովին մթության մեջ մնար։ Ինչպես պայմանավորվել էին ընկերները, այդպես էլ վարվեցին։ Արին՝ դիմելով Ոգուն, ասաց. — Որքան հասկացանք, դու չես ուզում մեզ վնասել, ընդամենը փորձում ես պահել քո կողքին, բայց այստեղ, այս տնակում, մենք երկար չենք դիմանա․ այսպես պահելով՝ դու մեզ պարզապես կսպանես։ Մի պահ ոգին լռեց։ Խոր լռություն էր։ Ընկերներն անհանգիստ նայեցին իրար։ Հանկարծ սկսեց խոսել. — Ինչ հետաքրքիր եք, դո՛ւք, մարդիկդ՝ ստեղծված։ Ձեզ թվում է՝ միայնակ եք ու ամեն ինչ միայնակ եք անում, մինչդեռ այնքան ուժեր կան ձեզ սատարող։ Ձեզ համար գործում են մոլորակներ, որոնց մասին դուք ոչ մի տեղեկություն չունեք, անտեսանելի կղզիներ, որտեղ մեռնում են Ոգիները, կախարդական լեռներ, որոնք հյուրընկալում են իմաստուններին, երբ նրանք, ձեր խոսքերով ասած, մահանում են։ Եթե իմանայիք, թե որքան ուժեր կան ձեզ սատարող, և եթե հասկանայիք, թե ինչ է լինում նրանց հետ, երբ ինքներդ կյանք տալով հանդերձ՝ տարիներ հետո առանց գիտենալու լքում եք նրանց, գուցե այսքան եսասեր չլինեիք։ Նման խոսքեր լսելուց հետո մարդն ամենաքիչը պիտի զարմանար, ինչն էլ եղավ ընկերների հետ։ Մի պահ ընկան մտածմունքների մեջ։ Խորհում էին այդ անհասանելի երևույթների մասին, ուզում էին ավելի մեծ լինել, քան կան իրականում, իմանալ ավելին, տիրանալ աստվածային բազում գաղտնիքներին, որ թաքցնում է անհունը, որ պահվում է տիեզերք կոչվող այդ հսկայական պահարանի մեջ։ Մինչ նրանք այս հարցերով էին զբաղված, Ոգին շարունակեց. — Իսկ գիտե՞ք՝ ինչ է լինելու իմ ճակատագիրը, ինչպես է սահմանված իմ հավերժական վերջը։ Դուք չեք էլ հասկանում՝ ինչ ասել է հավերժական վերջ։ Ես չեմ պատմի, ուզում եմ տեսնեք, գոնե որոշ չափով զգաք այն, ինչ ես եմ զգալու։ Մոտեցեք ինձ։ Ընկերները չէին վախենում Ոգուց։ Այդ ձայնը և այդ տեսիլքի պես անորոշ մարմինը, որը կարծես բաղկացած լիներ մանր փոշուց և որը կարողանում էր քամու ուժով մնալ օդում, այնքան հարազատություն էր իր մեջ պարունակում, ասես իրենցը լիներ։ Ոգին, իհարկե, նրանց համար տարօրինակ էր և ապշեցուցիչ։ Նրանք չէին հավատում նման բաներին, բայց, այնուամենայնիվ, այս անծանոթ պատկերը մի կողմ դրած, մնացած ամեն ինչ ծանոթ էր․ դա կարծես իրենց հոգու ձայնը լիներ՝ մինչև այս լուռ, առանձնացած, միայնությանը տրված ձայնը։ Եվ սա էր պատճառը, որ առանց խոսքի ենթարկվեցին ու մոտեցան Ոգուն։ Մոտենալուն պես Ոգին կլանեց նրանց, ու մի քանի վայրկյան ընկերները հայտնվեցին անհայտության մեջ։ Ի՞նչ ճանապարհ էր դա, ի՞նչ արագություն — նրանք չէին հասկանում։ Դա քամու արագությունն էր, որը տանում էր նրանց հենց աշխարհի միջով, աշխարհի ճանապարհով, որը նույն արագությամբ անցնում էր տիեզերքը։ Այդ ընթացքում անհնար էր որևէ բան նշմարելը․ ընկերներն անկարող էին իրենց ճանապարհը տեսնել, քանզի քամին էր տանում ու տանում էր վախենալու արագությամբ։
Մաս 4 – րդ
Սառցե Կղզին
1 Բոլոր մարդիկ էլ այս կամ այն կերպ իրենց պատկերացումներն ունեն կղզիների վերաբերյալ։ Հիմնականում դրանք շատ անիրական են՝ արև, ծովափ, գեղեցիկ աղջիկներ կամ տղաներ, համբույր, սեր, լուսին՝ մեկ խոսքով՝ իդեալական իրականություն։ Եվ կա կարծիք, որ կղզիների վերաբերյալ այդ իդեալական պատկերացումները հաճախ «խանգարում» են մարդկանց իրենց ամենօրյա կյանքն ապրելու հարցում։ Թող լինի կոպիտ, սակայն պետք է ասվի՝ հոգին նման է շանը, որին եթե մեկ անգամ մսով կերակրես՝ նույնիսկ եթե այդ միսը երևակայական է, ապա հաջորդ պահին հասարակ հացով դժվար կլինի բավարարելը։ Աշխարհում յուրաքանչյուր տեղանք՝ լինի կղզի, երկիր, այգի, տուն և այսպես շարունակ, իր առանձնահատկությունն ունի։ Իրականում ոչինչ չի կարող կրկնվել, քանի որ հոգևոր դաշտը չի կրկնօրինակվում։ Ինչ-որ մեկը կարող է պատվերի համաձայն կրկնօրինակել Այվազովսկու կտավներից մեկը, սակայն դա երբեք նույնը չի լինի, քանի որ հոգևոր ուժը, որն ուներ Այվազովսկին, անհնար է կրկնել։ Սրանում է կայանում մարդկանց ու իրերի, երկրների ու կղզիների, քաղաքների ու գյուղերի և ընդհանրապես ամեն ինչի աննմանությունը։ Ամենուր առկա է այդ չկրկնվող ոգին։ Սառցե կղզին նույնպես չէր կարող չունենալ իրեն բնորոշ գույնը։ Սակայն առաջ չընկնելու համար եկեք սահմանափակվենք առայժմ այսքանով և տեսնենք, թե ինչու ոգին ընկերներին բերեց հենց սառցե կղզի և, որոշակի լռությունից հետո, ինչպես սկսեց խոսքը։ — Ահա՛ իմ կղզին, — խոսեց Ոգին։ — Շուրջ բոլորը սառույց, սառցե ժայռեր, երկինքն անգամ ասես սառույցից լինի։ Այստեղ ամեն սառցե կտոր իր պատմությունն ունի՝ ձեր աշխարհում է նրա պատմությունը գրվել , հանգրվանը, սակայն այս սառցե անապատն է, որտեղ չկա ժամանակ, որտեղ չկա կյանք, բայց միևնույն ժամանակ կյանքը չի ավարտվում։ Ո՛չ, մի՛ կարծեք, թե այս սառցե բեկորները չեն ապրում, մի՛ կարծեք, թե մեզ չեն տեսնում հիմա։ Տեսնում են, և դա է դժբախտությունը։ Տեսնելն ի՞նչ է՝ հիշողությունն է սարսափելին։ Ընկերները մրսում էին, նրանք ապշած լսում էին Ոգուն։ Աննան արդեն չէր դիմանում։ Արին, տեսնելով նրա վիճակը, գրկեց նրան, որպեսզի ինչ-որ չափով պակասեցնի դողը։ Ոգին շարունակեց. — Ես կձուլվեմ այս սառցե կտորներից մեկին ու հավերժ կմնամ այս ճերմակ, անտանելի աշխարհում, եթե դուք չփոխվեք, եթե չվերագտնեք ինքներդ ձեզ ու ի վերուստ տրված ձեր իմաստությունը։ Ես հիշում եմ՝ երեխա ժամանակ դուք կատարյալ էիք և որքան էլ զարմանալի լինի՝ իմաստուն։ Հետո փոխվեցիք, սկսեցիք տարբեր հմտություններ ձեռք բերել, ձգտում էիք կյանքում հասնել հաջողության, բայց մի՞թե դուք անհաջողակ էիք։ Ո՛չ, ձեր թշնամին՝ փառասիրությունը, ձեզ հաղթեց։ Տարվելով փառքով ու փառքի ձգտմամբ դուք կորցրիք իրար, սկսեցիք գործնական կյանք վարել, իրար մոռացաք և այդպես 20 տարի ապրեցիք։ Խոստովանեք ինքներդ ձեզ, որ հաջողակ մարդիկ դժբախտ չեն լինում, բայց դուք դժբախտ էիք ու 20 տարի շարունակ ապրում էիք մոլորության մեջ։ Այսօր վերջապես չդիմացաք, եկաք ձեր մանկության հին տնակը տեսնելու, իսկ գիտե՞ք ինչու, որովհետև փառքը ժամանակավոր է, հոգին է պետք պահպանել։ 20 տարի դուք անտերության էիք մատնել նրան, օտարականի պես էրիք վարվում, և նա չդիմացավ։ Դուք չհասկացաք, ինչու, բայց ձեր հոգին գիտեր՝ ուր է բերում ձեզ։ Ժամանակն էր, որ հոգին խոսեր, նորից կանչեր, արթնանար ձեր մեջ, հասկանո՞ւմ եք։ Այսօր դուք գտաք իրար, սակայն վաղը նորից մոռանալու էիք, և ամեն մեկդ ձեր կյանքով պիտի ապրեիք։ — Իսկ հիմա, ես պետք է մենակ թողնեմ ձեզ։ Կհանդիպենք, թե ոչ՝ ձեզանից է կախված, իսկ այժմ հրաժեշտ եմ տալիս՝ հուսամ կարճ ժամանակով։ Երբ մարդն ուշաթափվում է և նրան ապտակում են, որպեսզի ուշքի գա, և երբ գիտակցությունը տեղն է գալիս, նա մի պահ չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Ընկերների դրությունը ոչնչով չէր տարբերվում ուշաթափված մարդու վիճակից, քանի որ Ոգին ճշմարտությունն էր ասում։ Ավարտելով խոսքը, նա անսպասելիորեն անհետացավ, և ընկերները մնացին մենակ։ Կարելի է ասել՝ ոգու անհետացումը նրանց համար երկրորդ ապտակն էր, որի պատճառով առանց այն էլ շփոթված ընկերները ավելի ու ավելի խառնվեցին իրար։ Իրադրությունն անհուսալի էր։
2
Մի՞թե Ոգին այլևս չի հայտնվելու, — մտածում էին ընկերները։ Սառցե կղզին և, ընդհանրապես, իրավիճակը, որում գտնվում էին նրանք, անխուսափելիորեն անբնական էր։ Անսովոր իրադրության պատճառով ընկերներն իրենց փոքրիկ երեխայի պես էին զգում՝ ամեն ինչ հետաքրքիր էր, բայց անհասկանալի։ Այո՛, հարկավոր էր սպասել Ոգուն։ Միակ տրամաբանական քայլը սպասելն էր, բայց որքա՞ն։ Չէ՞ որ մարդը չի կարող երկար դիմանալ ցրտին։ Եթե մի պահ մոռանանք անհայտության ու անտեղյակության մասին և դա չդասենք խնդիրների շարքը, ապա միևնույն է չենք կարող անտեսել ցուրտը, որը կամաց-կամաց շարքից հանում է մարդուն։ Սառցե կղզու չափերը դժվար էր որոշել։ Մարդկային աչքը հեռուն նայելիս տեսնում էր ծխե ամպեր, որոնք բարձրանում, տարածվում ու ստեղծում էին մշուշոտ պատկերներ։ Թերևս հետազոտողի համար սա բավական անհետաքրքիր տեղանք էր։ Ոչինչ չկար՝ միայն սառույց ու սառցե լեռներ։ Ամեն դեպքում սա աշխարհ էր աշխարհից դուրս։ Այս կղզին իր խորհուրդն ուներ և իր գոյությամբ մարդու կյանքի ինչ-որ շրջափուլի արտացոլումն էր։ Չէ՞ որ կան սառցե անտարբերությամբ ապրող մարդիկ, և այս կղզին արտացոլանքն էր նրանց հոգիների և ասես հուշեր, որ պետք չէ ապրել հենց այնպես՝ անհաղորդ մնալով աշխարհի լավին ու վատին, պետք չէ ապրել սառցե հոգով։ Մոտ կես ժամ ընկերները սպասեցին Ոգուն, որն այդպես էլ չեկավ։ Վերջապես որոշեցին քայլել ու գնալ դեպի նշմարվող գոլորշին՝ ենթադրելով, որ այնտեղ փրկության հույս կլինի։ Նման դեպքերում հույսի լինելը հարաբերական է։ Նրանք հույս ունեին, բայց շատ չնչին, իրենք էլ չէին հավատում, որ դեպի գոլորշու ամպերը գնալով կփրկվեին։ Սակայն այլ տարբերակ չկար։ Ցուրտը սպանում էր, ու պետք էր շարժվել։ Կանգնած մնալով ավելի շուտ կկնքեին մահկանացուն, քան շարժվելով։ Ամեն վայրկյան, ամեն րոպե ընկերները համոզվում էին, որ սառցե բեկորներն ամենևին էլ անկյանք չէին։ Պարտադիր չէր լսել Ոգուն, որպեսզի այդ փաստը դառնար հասկանալի։ Մարդն ունակ է նաև զգալու, և բացի խոսքերից, ընկերները զգում էին կյանքի առկայությունը։ Բնականաբար, բեկորները չէին շարժվում ու չէին խոսում, համենայնդեպս՝ սկզբնական տպավորությունն այդպիսին էր։ Սակայն միևնույն է, այստեղ կյանքն առկա էր, և կյանքը մտել էր սառույցի մեջ ու կյանքը տանջում էր նրանց՝ ինչպես մարդկանց է տանջում աշխարհի վրա։ Ի տարբերություն մարդկանց, այս շնչավորները, եթե կարողանային, առանց երկմտելու կհրաժարվեին իրենց բաժին հասած կյանքից։ Ընդհանրությունն այն է, որ այս բեկորները մարդկանց պատճառով էին դժբախտության հորձանուտը նետվել, այդ մարդիկ էին մեղավոր նրանց տառապանքի համար։ Բայց զարմանալին այն է, որ մարդիկ միշտ են մեղավոր։ Աշխարհում մարդկային կյանքն անտանելի է դարձել հենց իրենց՝ մարդկանց պատճառով։ Որոշ դեպքերում ինքնասպանությունն առավելություն է, որն էլի որպես մենաշնորհ պատկանում է մարդկանց, քանի որ կենդանին չի կարող ինքն իրեն սպանել։ Նա պետք է ապրի և գոյատևի նախասահմանված կարգով։ Սառցե ոգիները նույնպես զրկված էին ինքնասպան լինելու հնարավորությունից, և դա բնական էր։ Ի տարբերություն մարդու, մյուս գոյերը երբեք ձեռք չեն բարձրացնում բնականի վրա։
3 Երբ անցնում էին սառցե բեկորների կողքով, նրանցից մեկը կարծես շարժվեց տեղից։ Այնպիսի աղմուկ լսվեց, ասես այդ բեկորը ճաքճքելիս լիներ։ Հանկարծ սկսեց խոսել, և նրա հնչեցրած ամեն մի բառը աշխարհի պես հին էր, դարի պես երկար. — Օ՛, ինչ եմ տեսնում… մարդի՜կ։ Հազար հինգ հարյուր տարի է անցել այն օրվանից, երբ վերջին անգամ մարդ տեսա… մա՜րդ։ Դուք է՞լ եք իրար սպանելու, ինչպես արքան սպանեց իր մանկության ընկերոջը… դուք է՞լ եք իրար սպանելու… Ավարտելով խոսքը՝ նա նորից անշարժացավ։ Ընկերները և՛ զարմացած էին, և՛ վախեցած։ Լինում են դեպքեր, երբ մարդու բերանը բաց է մնում՝ իր տեսածից ու լսածից։ Սա այդ դեպքերից մեկն էր, անշուշտ։ Ծերուկ ոգու խոսքերից հետո նրանց պարզ դարձավ հավերժական վերջի գաղափարը։ Նրանք հասկացան, որ շրջապատված են ապրող, զգացող և հիշողություն ունեցող ոգիներով, որոնք բոլորն էլ ատում են մարդկանց։ Այո՛, ընկերները շրջապատված էին արդեն անզոր թշնամիներով, և մթնոլորտն այստեղ ամենևին էլ սառցե չէր, այլ այրող ատելությամբ էր լեցուն։ Ամեն ինչ հասկանալի էր, բայց ինքնապահպանման բնազդը ստիպում էր առաջ շարժվել՝ պարտադրելով փնտրել կարճաժամկետ հաղթանակներ։ Մարդը մշտապես այդ բնազդի ճորտն է եղել՝ իր զարգացման հնագույն շրջանից մինչ այսօր։ Հենց այս բնազդային զգացողությամբ էլ ընկերները շարունակեցին իրենց ճանապարհը՝ շատ չխորանալով լսածի ու տեսածի մասին։ Նրանք արդեն որոշակիորեն մոտեցել էին գոլորշուն, և Ժանը, նայելով գոլորշու կողմը, փոքրիկ նավակ նկատեց։ — Արի՛, նայիր այն կողմ, կարծես նավակ լինի։ Կարո՞ղ ես տեսնել։ Ժանն ամեն ինչ ճիշտ էր տեսել։ Այդ հատվածում կղզին ավարտվում էր, և տարածվում էր ջուրը։ Ափին, սառույցի մեջ, ձող էր խրված, որից պարանով կապված էր փոքրիկ նավակը։ Այն կարծես հատուկ նախատեսված լիներ հինգ հոգու համար։ Ընկերները մի քանի րոպե ևս սպասեցին և այդ ընթացքում քննարկում էին՝ արժե՞ արդյոք էլի սպասել Ոգուն։ Նրանք արդեն չէին հավատում, որ նա կգա, և տեսնելով նավակը՝ կրկին հույս արթնացավ, որ գուցե դրա շնորհիվ կկարողանան դուրս գալ ավելի նպաստավոր վայր։ Ցուրտը սարսափելի էր, ու կամաց-կամաց այն ավելի էր մոտենում մարդկային ոսկորին, և սպասելն հավասարազոր էր մահվան։ Երբ ընկերները տեղավորվեցին նավակում, Վելոռը սկսեց թիավարել։ Արին ավելի ամուր գրկեց Աննային, և այդպիսով նրանք երկուսն էլ ինչ-որ չափով ջերմացան։ Ժանն այնպես էր պատսպարել Վեստային իր բազուկներով, կարծես պաշտպաներ ամբողջ աշխարհից, իսկ Վելոռը տաքանում էր թիավարելով։ Սակայն տարօրինակ երևույթների շարքը դեռ նոր էր սկսվում։ Ամեն ինչ գնալով ավելի զարմանալի էր դառնում։ Երբ լքեցին սառցե կղզին, ջերմաստիճանը աստիճանաբար փոխվեց, և ամեն մի մետր հաղթահարելիս ջերմությունն ավելի մոտ էր թվում։ Հետաքրքիրն այն էր, որ ջրի տարածքում այնքան էլ ցուրտ չէր, իսկ երբ բավական հեռացան կղզուց՝ ընդհանրապես ցուրտը զիջեց իր տեղը, կարծես գարնանային եղանակ լիներ։ Այսպիսով, կարելի է հստակ ասել, որ սառցե կղզին առանձին աշխարհ էր, անկախ օրգանիզմ։ Արին, ինչպես սկզբում նշեցի, լայնախոհ մարդ էր, և մինչ նավակն անշտապ կերպով ընթանում էր անվերջանալի թվացող ծովի միջով, ու մինչ ընկերները փորձում էին խելք-խելքի տալով հասկանալ՝ որտեղ են և ինչ է սպասվում իրենց, նա լուռ, ինքն իր մեջ խորհրդածում էր այս հարցերի շուրջ։ Նա մի բան հստակ հասկանում էր՝ իրենք ընկել են փորձությունների աշխարհ, և այս ամենն անշուշտ մեծ իմաստ ունի, սակայն նժարին կյանքեր էին դրված։ Եվ վերջնարդյունքում կամ կարողանալու են այս գլուխկոտրուկը լուծել, կամ հերթով կընկնեն մահվան բաց երախի մեջ։ Իսկ որ մահն ամեն քայլափոխի սպասում էր նրանց, դա ակնհայտ էր։ Սովն ու ծարավն անշուշտ սպառնում էին բոլորին։ Բացի դրանից, ոչ պակաս սպառնալիք էր նաև անհայտությունը։ Ինչի՞ց ամենաշատն է վախենում մարդը։ Մենք պատրաստ ենք հավատալ հազարավոր հեքիաթների, միայն թե չհայտնվենք անհայտության մեջ։ Մենք չգիտենք, թե ինչպես է ծնվել առաջին մարդը, սակայն վստահ ենք, որ Աստված է նրան ստեղծել։ Եվ ուրեմն մարդը սարսափում է անհայտությունից, սակայն միշտ հաղթում է նրան, քանի որ կարողանում է լցնել դատարկությունը։
4
Այժմ, մինչ ընկերների հետ կսկսենք ճանապարհորդել ծովով, փորձենք համառոտ կերպով բնութագրել Սառցե կղզին։ Ինչպես ասում են՝ ոչինչ հենց այնպես չի լինում։ Ամեն ինչ՝ կյանքում թե կյանքից դուրս, իր պատճառն ունի և իր գոյության սկիզբը։ Երբ մենք երկար ժամանակ փորձում ենք խոսել, և մեր առաջ դրված է ջրով լի բաժակ, եթե ուշադիր լինենք, ապա ամեն մեր խոսքից հետո կարելի է նկատել ջրի զանազան փոփոխությունները, քանի որ ջուրը լսում է մեզ, և այդպես էլ մեր շուրջ գտնվող ամեն ինչ մեզանից բխող լիցքերով է հարստանում։ Այսպես էլ մարդիկ, երբ ընկերանում են, անշուշտ ստեղծում են իրենց ընկերության ոգին, երբ ամուսնանում են՝ աշխարհ է գալիս ամուսնության ոգին, և այդ ոգիների գոյությունն է, որ մեր կյանքը դարձնում է հետաքրքիր ու գեղեցիկ։ Սակայն մարդիկ ունեն մի հատկություն, որը վերջ է տալիս հրաշքներին։ Երբեմն ընկերները բաժանվում են, ամուսինները լքում են միմյանց, գործընկերները նախանձում են իրար ու չարախոսում մեկը մյուսի մասին, և այսպես շատ կարելի է թվել։ Այս բաժանումների պատճառով ոգիները մնում են անտեր և, պատկերավոր ասած, կորցնում են իրենց մարմինը՝ իրենց պահպանող մարդկանց։ Սառցե կղզին հենց այդ անմարմին ոգիների տեղն է՝ լքված ու մոռացված ոգիների, որոնք մարդկանց պատճառով դառնում են սառցե բեկոր և հավերժորեն անշարժանում սառցե կղզում։ Մարդիկ պայքարում են տարբեր ձեռքբերումների համար, անունը դնում ազատություն, արդարություն, հավասարություն, մինչդեռ մոռանում են սիրո մասին, միմյանց հանդեպ ներողամիտ լինելու մասին։ Ահա թե ինչի արդյունք էր Սառցե կղզին։ ________________________________________ Ծո՞վն էր տանում նավակը, թե՞ ընկերներն էին թիավարելով ուղղորդում նրան՝ դժվար է ասել։ Քանի որ այն պահից, ինչ նրանք հանդիպեցին Ոգուն, կյանքն անճանաչելիորեն փոխվեց։ Այլ էր այն աշխարհը, որտեղ գտնվում էին ընկերները։ Ամեն բան ուրիշ էր։ Նավակը տանում էր ընկերներին, և միևնույն է, թե ինչպես էր թիավարում Վելոռը կամ ի՞նչ ուղղությամբ էր փորձում թիավարել։ Նավակը գնում էր այն ուղղությամբ, որ ուղղությամբ պե՜տք է գնար։ Ընկերները չէին կարող որոշել նրա ճանապարհը։ Հաճախ Վելոռին թվում էր, թե թիակներն իրենք իրենց պտտվում են ջրի մեջ, և ինքը ոչինչ չի անում։ Նա սիրում էր ծովին նայել, սակայն սա ուրիշ ծով էր։ Վելոռը, ծովի սիրահար լինելով հանդերձ, նրա մեջ չէր կարողանում տեսնել այն գեղեցկությունը, որն հատուկ է աշխարհի ծովերին։ Չգտնելով այդ հմայքը՝ մի տեսակ տխրությունն ու սարսափը միաժամանակ պաշարում էին նրան։ Բանաստեղծի հոգի ուներ Վելոռը և երբեք չէր վանում թախիծը։ Նա սիրում էր թախծել։ Հաճախ դրանով ինքն իրեն տանջում էր, սակայն բաց չէր թողնում թախիծը և ամեն ինչում գտնում էր թախծոտ ելևէջներ ու, իր կարծիքով, գունավորում էր կյանքը։ Իսկ ճանապարհը երկար չէր, և ծովի քմայքները երկար չտևեցին։ Շուտով նավակն ափ հասավ։ Ընկերներն իջան նավակից և փորձում էին հասկանալ, թե որտեղ են գտնվում և ինչ է սպասվում իրենց։
Մաս 5 - րդ
«Գյուղ»
1.
Մինչ կրկին հին տնակում հայտնվելը, ընկերներն ապրում էին սովորական կյանքով։ Աշխատում էին, գումար վաստակում, փնտրում էին նոր նպատակներ, նոր գագաթներ, որոնք պետք է հաղթահարվեին, և այդ ամենը՝ ինչպես բոլորի հետ է լինում՝ ի վերջո հոգնեցրել էր նրանց։ Կյանքը կատարյալ չէ ոչ մի պարագայում։ Մեկի մոտ ստացվում էր նպատակին հասնելը, մյուսի դեպքում՝ ոչ։ Այնուամենայնիվ, մի զգացում կար, որը չէր լքում ընկերներից և ոչ մեկին։ Դա՝ դատարկության զգացողությունն էր։ Չնայած կյանքի մշտական եռուզեռին, դժվարությունների և հաճույքների լիությանը, նպատակների և անբանության հավերժական բախմանը, ծիծաղի ու լացի զարմանալիորեն համատեղվելու կարողությանը, անցյալի ու ներկայի անբաժան գոյությանը, մեկ է՝ ինչ որ բան այն չէր։ Ամեն ինչում կիասատություն կար, և ընկերները զգում էին, որ ինչ-որ բան ժամանակի ընթացքում իրենք հասցրել են կորցնել, և այդ կորուստը ապագայում չի գտնվելու, և այդ կորստի հասցեն ապագան չէ։ Յուրաքանչյուր էակի վրա՝ ով կարողանում է շնչել, ջուրը զորություն ունի։ Մարդուն այն ստիպում է մտածել, ոչ միայն խմել ու ծարավն առնել, այլև մտածել հոգեհալած հարցերի մասին։ Ծովում, նավակի մեջ, ընկերները խորհում էին իրենց կորցրածի և տարեց տարի ավելացող դատարկության մասին։ Ի՞նչ է մանկությունը, որն այդքան քաղցր ցնորք է թվում մարդկանց, որից ոչ ոք չի կարողանում հանգիստ խղճով բաժանվել։ Դա մի ժամանակահատված է, երբ դու չգիտես երջանկության ու դժբախտության մասին, երբ դու չես ուզում երջանիկ լինել, քանի որ հոգիդ առանց այդ էլ ուրախ է։ Քո հոգուն դուր է գալիս իրեն շրջապատող անծանոթ աշխարհը, և նա ուզում է պարզապես ապրել։ Ամեն մի մանկության ընկեր իր մեջ հավերժորեն կրում է այդ անհոգ աշխարհը, և մենք ամեն անգամ հանդիպելով մեր ընկերներին՝ ինչ-որ առումով նրանց մեջ վերագտնում ենք մեր կորած մանկությունը։ Եվ ուրեմն, մանկության ընկեր կորցնելը հավասարազոր է ընդհանրապես մանկությունը կորցնելուն։ Հին տնակում հուշը կենդանացավ։ Ընկերները զգացին իրենց քաջածանոթ մի հին ջերմություն։ Նախընտրելի էր, իհարկե, այդ ջերմությունը վայելել ոչ թե Սառցե կղզում կամ անհայտ ծովի մեջ, այլ, ինչպես ցանկանում էին՝ փոքրիկ սեղանի շուրջ, միասին օրն անցկացնելով։ Ավելին, ի՞նչ է ապահովությունը, երբ մարդ սկսում է գիտակցել ու բացահայտել կյանքի գեղեցկությունը։ Իսկ գեղեցկությունն ընկերության մեջ էր՝ միասին լինելու, միասին պայքարելու, միասին վախենալու, հաղթելու, պարտվելու և տառապելու մեջ։ Եվ ընկերները, անկախ ամեն ինչից, վայելում էին անբաժան լինելու բերկրանքը։ Անտանելի ճանապարհը դարձել էր տանելի՝ շնորհիվ ընկերության։ Ցուրտը հաղթահարելի էր, քանի որ միասին էին, և մտքերը ծնվում էին ոչ թե մեկ մարդու փրկության համար, այլ բոլորի։ Եվ այստեղ էր կախարդանքը։
2
Նավակից իջնելով, ընկերները ոչ մի հետաքրքիր երևույթ չնկատեցին մոտակա հորիզոնում։ Շուրջը կավահողն էր, այնուհետև ավազը, հետո սկսվում էր հասարակ հողի շերտը։ Գաղտնիքների տերը ճանապարհն է, և եթե ուզում ես տեսնել ու իմանալ՝ պիտի գնաս այդ ճանապարհով։ Այս պարզ հանգամանքը դեռ Սառցե կղզում դարձավ ըմբռնելի։ Նոր աշխարհում ամեն ինչ անհասկանալի էր, բացի ճանապարհի ոսկե կանոնից, և ընկերները ափ հասնելով՝ երկար չվարանեցին։ Պետք էր շարժվել առաջ, քանի որ բնական պահանջները՝ քաղցը, ծարավը, կամաց-կամաց հիշեցնում էին իրենց մասին։ Այժմ գերխնդիրը ոչ թե որևէ կերպ հանելուկին լուծում տալն էր, այլ պարզապես սնվելն ու ծարավը հագեցնելը։ Առանց ջրի և սննդի մարդը մոռանում է հոգու մասին, քանի որ ամբողջովին թուլանում է ու կորցնում դիմադրողականությունը։ Ահա թե ինչու հոգուց բացի կարևոր է նաև մարմինը, և պետք չէ մեկը մյուսից գերադասել։ Մարդիկ ինչ ասես, որ չեն հորինել մարմինը տանջելու համար։ Բոլոր կրոնները կարծես հատուկ ստեղծված լինեն մարմինը ստորադասելու և նրան երկրորդական իմաստ հաղորդելու նպատակով։ Սա նույնպես կարելի է դասել մարդկային բազում անարդարությունների շարքը։ Բնականաբար, այս մտքերից չպետք է ենթադրել՝ անառակաբարո կյանքի արդարացում։ Ասվածն անհամեմատ ավելի լայն ըմբռնումների համար է, քան շատ ու շատ մարդկանց պատկերացրած «ազատությունն» է։ Արին խոսեց վերջապես․ – Եկեք հենց այսպես ուղիղ էլ գնանք, տեսնենք՝ ուր կհասնենք։ -Մեր նոր դրության մեջ մի դրական բան կա, նախորդի համեմատ եղանակը լավն է, – նկատեց Վելոռը։ Այս խոսքի շնորհիվ ընկերները որքան հնարավոր է դրական լիցքեր հավաքեցին ու շարունակեցին հոգնեցնող ճանապարհը։
3
Գնում էին՝ գիտակցելով, որ հանդիպելու են մարտահրավերների, և յուրաքանչյուրը փորձում էր հոգեպես պատրաստվել սպասվող խութերը հաղթահարելուն։ Բայց ուղին կարծես չուզենար բացահայտումներ անել։ Միևնույն հարթ տափաստանն էր, որը կամաց-կամաց սկսում էր փոքր-ինչ նմանվել երկար բարձունքի, որն ամեն դեպքում ինչ-որ գաղտնիք էր ծածկում։ Վերջապես ընկերները հաղթահարեցին անապատային վերելքը, և անմիջապես ոչ շատ հեռվում երևացին տներ։ Դրանք փոքրիկ տներ էին՝ պատրաստված փայտից, ավելի շուտ խրճիթ հիշեցնող, քան թե տուն։ Մի փոքր հեռու տարածվում էր անտառը, որից գրեթե ոչինչ չէր մնացել։ Բնակիչներն իրենց տնակները պատրաստել էին անտառի փայտից, և տպավորությունն այնպիսին էր, որ այդպիսով մեծ վնաս էին հասցրել անտառին։ Սա ոչ թե ապրող, ծավալվող անտառ էր, այլ մեռնող ու ոչնչացող։ Գյուղը նույնպես տարօրինակ կերպարանք ուներ՝ խրճիթները նախատեսված էին մեկ մարդու համար, յուրաքանչյուր տնակի մեջ ապրում էր մեկ բնակիչ, և թվում էր, թե գյուղի մարդիկ միմյանց հետ որևէ կապ չունեին։ Տեսնելով մի ծերունու, ով դուրս էր գալիս խրճիթից, Արին փորձեց հարցնել, թե ինչ վայր է սա և ովքեր են ապրում այս տներում։ Ծերունին չպատասխանեց։ Նա չէր հասկանում Արիի խոսքերը։ Նա ոչ միայն չէր հասկանում, այլև չէր կարողանում խոսել։ Սկզբում ընկերներին թվաց, թե ծերունին խուլ ու համր է, սակայն երբ հարց ու փորձ արեցին մյուս բնակիչներին՝ հասկացան, որ գյուղում ոչ ոք չէր կարողանում խոսել։ Գյուղում մնալն անիմաստ էր։ Ընկերները որոշեցին մտնել անտառ՝ հուսալով գտնել որևէ աղբյուր կամ գետ, որտեղ կկարողանային հագեցնել անտանելի ծարավը։ Երբ արդեն անտառում էին, Վելոռը խնդրեց, որ երկու րոպե կանգ առնեն։ Նկատելով ընկած ծառը, նստեց այդ չոր, սևացած գերանին ու վառեց վերջին ծխախոտը։ Վերջին ծխախոտը երբեք սովորական չի լինում՝ այն էլ նման պայմաններում, երբ աստված գիտի, թե մեկ էլ երբ ձեռքդ ծխախոտ կընկնի։ Աշխարհի ամենատխուր պահերից մեկն է դա։ Կարծես ծխում ես քո վերջին հույսը, հրաժեշտ ես տալիս վերջին ընկերոջդ, և էլ ոչինչ քեզ չի կապում այս աշխարհին, սակայն լինում են նաև այլ խոհեր և դրսևորումներ։ Վելոռի դեպքում ամեն ինչ այլ էր։ Երբ դիտում էր, թե ինչպես է օդի մեջ անէանում ծխախոտի ծուխը, հանկարծ հիշեց կնոջը, որին շատ էր կարոտել։ Նրան սպանում էր հեռավորությունը, որի որքան լինելու մասին պատկերացում չուներ։ Նա նայում էր ծխախոտի ծխին և ուզում էր, որ այդ ծուխը գնա ու հասնի իր սիրելիին, որն ընդհանրապես ատում էր, երբ տեսնում էր, թե ինչպես է Վելոռը ծխում։ Վելոռին, ընդհակառակը, դուր էր գալիս այդ ատելությունը։ Նա երբեմն միտումնավոր ծխախոտի ծուխը փչում էր կնոջ վրա, որպեսզի դրանից կինն ավելի նյարդային դառնա։ Վերջում երկուսն էլ ծիծաղում էին։ Դա ընտանեկան խաղի էր նման, և երկուսն էլ սիրում էին այդ խաղը։ Եվ հիմա մի պահ, երբ ընկել էր մտորումների գիրկը, այնքան մենակ էր զգում իրեն։ Նույնիսկ ծխախոտը թվաց անտանելի, բայց անմիջապես հիշեց, որ դա վերջին գլանակն էր, և ծխեց մինչև վերջ՝ դեռ մի բան էլ ավելի, իսկ հետո տխրությամբ դեն նետեց մնացորդը։
4
Անտառը նման էր ծերացած մարդու, որն օրեցօր կորցնում է կյանքի հետ կապող բոլոր եզրերը։ Անտառն օր-օրի անշնչանում էր, ամայանում և, թերևս, կորցնում երբեմնի կենսունակությունը։ Թեպետ չմոռանանք՝ մենք գտնվում ենք մի իրականության մեջ, որն ուսումնասիրված չէ, և հնարավոր է, անտառը ոչ թե փոխվել էր, այլ հենց այսպիսին էլ եղել է։ Ակնհայտ էր, սակայն, Անտառի ու գյուղի մարդկանց նմանությունը։ Երկու դեպքում էլ կյանքն առկա էր մեկ տոկոսով՝ այսինքն՝ զուտ գոյություն էր և ուրիշ ոչինչ։ Արտառոց էր կենդանիների բացակայությունը։ Անտառում որևէ կենդանու հետք չկար։ Եվ ընդհանրապես առեղծվածները շատ էին։ Օրինակ, ի՞նչ էին ուտում գյուղի բնակիչները, ինչո՞վ էին սնվում։ Սա իսկական հանելուկ էր ընկերների համար։ Անտառում սնունդ չկար, նույնիսկ հատապտուղներ չկային։ Այսպես ընկերները քայլում էին, մտորում անտառի ու գյուղի բնակիչների մասին, երբ նկատեցին քաղցրահամ լիճը։ Թողնելով բոլոր մտքերն ու զրույցները՝ վազեցին դեպի լիճը և սկսեցին անհագորեն ջուր խմել։ Չափ չկար նրանց ուրախությանը։ Վերջապես հույսի մի շող երևաց, որի շնորհիվ գոնե կկարողանային դիմանալ ու գուցե կգտնեին վերադարձի ելքը։ Ամեն ինչ այնքան հեշտ էր թվում։ Դժվար է գտնել մեկ այլ լիճ, որն այդքան վճիտ լինի ու գեղեցիկ։ Ծարավն հագեցնելուց հետո ընկերները նստեցին՝ մի փոքր շունչ առնելու և առիթից օգտվելով սկսեցին հիանալ լճի գեղեցկությամբ։ Ժանը փորձեց բառերով արտահայտել հիացմունքը՝ իր առաջ փռված գեղեցկուհի լճակի մասին, սակայն բերանը բացելուն պես զգաց, որ բառերն այնքան էլ հստակ չի արտասանում։ Նույնը կատարվեց նաև մյուսների հետ, և գլխի ընկան, որ գյուղի բնակիչները՝ ջրի պատճառով, էին կորցրել խոսելու ունակությունը։ Բայց այդ դեպքում անհասկանալի էր նրանց այստեղ մնալը։ Ինչո՞ւ էին շարունակել խմել ջուրը, և ինչո՞ւ չէին հեռացել այս հրեշավոր վայրից։ Ընկերները չէին համարձակվում բարձրաձայն արտահայտել իրենց տանջող միտքը, բայց նրանք միևնույն մտքով էին տապակված։ Ի վերջո, Աննան խոսեց։ – Ես չեմ հասկանում, ես ոչինչ չեմ հասկանում։ Եթե այստեղ հնարավոր չէ ապրել, եթե այս ջուրը մարդու բերանը փակում է, մարդը կորցնում է խոսելու ունակությունը, ապա ինչո՞ւ այս մարդիկ, որոնք ապրում են այդ տներում, ինչո՞ւ նրանք չեն հեռացել այստեղից։ -Անկասկած մի տրամաբանական բացատրություն կա, – պատասխանեց Արին, – քանի որ չեմ կարծում, թե այդ մարդիկ իրենք իրենց միտումնավոր դատապարտել են այդպիսի կյանքի։ Միևնույն է՝ խոսելով ոչինչ չենք կարող պարզել, եկեք այսպես, դեպի արևելք քայլենք։ Գուցե գտնենք մի ուրիշ ելք և իսկապես խմելու ջուր լինի։ Զուր էին ընկերները կարծում, թե միայն իրենց գլխում է այդ միտքը ծագել ու գյուղի բնակիչները նախկինում չէին մտածել որևէ ելք որոնելու մասին։ Ամեն դեպքում, ուրիշ ելք չկար, պետք էր զննել շրջակայքը և համոզվել, որ ելքը դռները չեն ու ոչ էլ ուղու լինելիությունը։ Ճանապարհը երկար չսպասեցրեց։ Դեպի արևելք գնալով՝ նրանց առաջ երևաց այնպիսի՜ մշուշ, որի նմանը երբևէ չէին տեսել։ Հասկանալով, որ այդպես չեն կարող գնալ, ընկերները որոշեցին ստուգել մյուս ճանապարհը։ Նրանց վիճակված էր տեսնել նույն մշուշը, որից այն կողմ հնարավոր չէր անցնել։ Մնում էր վերադառնալ լճի մոտ ու շրջանցել այն։ Լիճն այնքան էլ մեծ չէր։ Այն շրջանցելը երկար ժամանակ չէր խլի։ Նրանք անցան լիճը և զարմանքից քարացան։ Առջևում ահռելի վիհն էր։ Հիմա հասկանում էին, թե ինչու գյուղի բնակիչները չէին հեռացել այդ վայրերից։ Ինչ-որ հնարքով նրանք փոքրիկ տնակներ էին կառուցել, համակերպվել էին ջրի բերած աղետի հետ և ապրում էին կործանված հոգիների պես՝ այլևս ոչ մի հույս չունենալով ու ոչինչ չակնկալելով կյանքից։ Վեստան հետըզհետե խուճապի էր մատնվում։ – Ի՞նչ պետք է անենք, մի՞թե մենք էլ պիտի նմանվենք նրանց և ստիպված ապրենք այս գարշելի տեղերում։ -Վեստա, դու մի բան չես նկատել, նրանք մենակ էին, դեռ ինչ-որ բան պակասում է, ինչ-որ գաղտնիք կա, որը դեռ չենք հասկացել, – խոսեց Արին։ Արին ճիշտ էր։ Իսկապես դեռ չէր բացահայտվել գյուղի բնակիչների մենակյացության գաղտնիքը։ Չէ՞ որ մարդիկ մեկ ուրախ առիթների ժամանակ են միասին լինում, մեկ էլ համընդհանուր դժբախտության ժամանակ։ Այդ մարդիկ բախտակիցներ էին, և հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էին մենակ։
5
Գիշերը մոտենում էր ու կամաց-կամաց լիճը ծածկվեց խավարով՝ դառնալով ավելի սարսափելի և անվստահություն ներշնչող։ Այդպիսի գիշեր դեռ չէին տեսել ընկերները, նրանք զգում էին, որ ինչ-որ բան լինելու է։ Նրանց մոտ առկա էր այդ չարագուշակ զգացողությունը։ Սակայն միշտ չէ, որ մարդկանց զգացողությունները ճիշտ են լինում։ Գիշերն անցավ՝ առանց անակնկալների, բայց իրականությունը նույնն էր։ Օրը բացվեց, ու նորից ծարավը սպանում էր ընկերներին։ Որքա՞ն կարող է մարդը դիմանալ ծարավին։ Եթե ջուր չլինի, ավելի հասկանալի կլինի մաքառումը սեփական օրգանիզմի հետ, սակայն, երբ դիմացդ անուշահամ ջուրն է, դու ուզում ես խմել, թեկուզ այն վնասակար է։ -Ի՞նչն է լավ, մեռնելը, թե անլեզու դառնալը, ի՞նչն է լավ… – լռությունը խախտեց Աննան։ -Դու իսկապես կարծում ես, թե գյուղի մարդիկ միայն խոսելու ունակությո՞ւնն են կորցրել, նրանք մենակ են, նրանք չեն հասկանում իրար՝ ինչպես մեզ չհասկացան, – պատասխանեց Արին։ -Կորցրել են նրանք ավելին, քան խոսելու կարողությունն է, – գլուխն ափերի մեջ վերցրած՝ խոսեց Վելոռը։ – Այդ մարդիկ, գուցե ինչ-որ ժամանակ մեզ նման են եղել, հասարակ մարդու պես՝ ինչպիսին մենք ենք, բայց հիմա և կան, և չկան։ Աննա, դու տեսա՞ր ծերունու հայացքը, երբ Արին հարց տվեց նրան։ Նա ո՛չ լսեց, ո՛չ հասկացավ, և ո՛չ էլ դեմքի մկաններից որևէ մեկը շարժեց։ Նա նման էր կմախքի՝ կաշվով պատված, ոչինչ չէր հասկանում, ոչ ցանկություն ուներ, ոչ հոգի։ Ապրում էր այսպես ասած՝ մեխանիկորեն։ Դա անկյանք մարդ էր, իսկ ինչո՞ւ էր այդպես։ Դժվարանում եմ ասել, բայց մի բանում վստահ եմ՝ ավելի լավ է մեռնեմ, քան այս ջրից կրկին խմեմ։ Հասկանո՞ւմ ես, սրա պատճառով են նրանք այդ օրին հասել։ Ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը։ Մենք պետք է դիմանանք, գուցե դրա մեջ է փրկությունը։ Վելոռն ինչ-որ իմաստով անշուշտ ճիշտ էր, բայց ոչ ամբողջությամբ։ Մարդն ունի բազմաթիվ թերություններ։ Դրանցից մեկը, ավելի ճիշտ՝ գլխավոր թերություններից մեկը՝ սեփական մեղքն անտեսելն է։ Ջուրը մեղավոր չէր գյուղի բնակիչների ողբերգության մեջ։ Չգիտես ինչու, երբ մարդը փորձում է որևէ բան հասկանալ ու գտնել ինչ-որ սխալի պատճառը՝ նա միշտ իրենից դուրս է փնտրում։ Մինչդեռ մեզանից դուրս պատասխաններ չկան։ Սա ոսկե ճշմարտություն է, քանի որ ինչ էլ կատարվի մեզ հետ, գլխավոր մեղավորը մենք ենք, իսկ մեղքի չնչին բաժինն իրավիճակներինն է, մթնոլորտինը։ Յուրաքանչյուր մարդ անսպառ գանձարան է, որտեղ ոչ թե թանկարժեք իրեր են պահված, այլ ոչ պակաս թանկարժեք պատասխաններ։ Այնուամենայնիվ, Վելոռը ճիշտ էր, երբ ասում էր, որ պետք չէ խմել լճի ջրից, բայց ինչպե՞ս։ Ահա այստեղ է գլխավոր գաղտնիքը։ -Վելոռը ճիշտ է ասում։ Ամեն գնով պետք է դիմանալ, – համաձայնվեց Արին։ -Բայց ո՞ւմ է դա պետք, ես չե՜մ ուզում մահանալ։ Այս խոսքերն արտաբերելով՝ Աննան վճռականորեն վազեց դեպի ջուրը։ Արին և ընկերները անմիջապես հասան նրան ու թույլ չտվեցին խմել։ Տեսնելով Աննայի պահվածքը՝ Արին հասկացավ, որ դա այնքան էլ բնական չէր։ Այո՛, հասկանալի է, նա ծարավել էր և շատ էր ցանկանում ծարավն հագեցնել, բայց նրա աչքերը կարծես թմրամոլի աչքեր լինեին՝ մի տեսակ ջրալի, դեղնած ու գունատ։ Արին գրեթե վստահ էր, որ լճակի ջուրը կախվածության մեջ է գցում մարդուն։ Թե ով ինչքան կդիմանա այդ կախվածությանը, հասկանալի էր՝ ժամանակի հարց էր։ Պարզապես Աննայի օրգանիզմն ավելի հեշտ էր պարտվել, և նա արդեն չէր կարողանում իրեն տիրապետել։ Արին հասկացավ, որ նույն բանը սպասվում է նաև իրենց, և ուշ թե շուտ դա լինելու է։ Պետք էր շտապ հեռանալ ջրի մոտակայքից, քանի որ ջուրը սաստիկ ձգողականություն ուներ, և նա՝ ով մեկ անգամ խմում էր՝ այլևս չէր կարողանում անտարբեր նայել այդ փոքրիկ լճակին։
6
Ժանը բավական զուսպ մարդ էր։ Նա չէր սիրում շատ խոսել, հազվադեպ էր կարծիք հայտնում, բայց լսում էր բոլորին և փորձում եզրակացություններ անել։ Նրա խոսքը սպասված էր և անգամ պահանջված։ Նա ասաց, որ ավելի լավ է գնան գյուղ, քան ջրի մոտ նստած ենթարկվեն նրա փորձություններին։ Ընկերներն այդպես էլ վարվեցին։ Երբ վերադարձան գյուղ՝ Ժանը գտավ մի լքված տնակ, որի բնակիչը հավանաբար վաղուց մահացել էր։ Նրանք մտան ներս։ Դա այնպիսի մռայլ տնակ էր, որ իրականում դժվար է անգամ անվանում տալ դրան։ Տնակ ասվածն այս դեպքում խիստ չափազանցված էր, նույնիսկ խրճիթ չէր կարելի կոչել։ Այն ոչ պատուհան ուներ, ոչ որևէ հարմարություն։ Փոքրիկ սենյակ էր, անկյունում՝ փայտե պատին կպած՝ փայտե մահճակալ, որն իհարկե կարգին ամրացված չէր։ Այդ մահճակալ կոչվածը բաղկացած էր փոքրիկ գերաններից, որոնք կապված էին միմյանց ծառի բարակ, թելանման ճյուղերով։ Գերանների մեջ մի կերպ հարմարեցված էին մահճակալի ոտքերը, որոնք կարծես ոչ թե սովորական մարդու քաշի համար լինեին նախատեսված, այլ հենց գյուղի բնակիչների կերպարանքն ունեցող մարդկանց, որոնք բնականաբար թեթև էին ցանկացած միջին քաշ ունեցող մարդուց։ Ընկերներն առանց այն էլ հյուծված էին և ամբողջովին անուժ։ Այդպիսի վիճակում մարդու համար դժվար է անգամ կանգնած մնալը։ Այդ պատճառով լճակից դեպի գյուղ վերադարձը բավական ուժ խլեց առանց այն էլ ուժահատ ընկերներից։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ուժեղ էր ծարավն հագեցնելու ցանկությունը։ Տնակ մտնելուն պես Աննան սկսեց դողալ։ Նա այնպիսի տենդային վիճակում էր, որ այլևս չէր կարողանում իրեն տիրապետել։
7
Աշխարհում հոգատարության պակաս կա։ Բացի ծնողական սրտակցությունից, մնացած բոլոր հարաբերություններում շատ հաճախ կաղում է այդ գիծը։ Վերջին շրջանում ի հայտ են եկել լրջագույն հարցեր, որոնք ստվեր են գցում անգամ ծնողական հոգատարության վրա։ Սա հետևանք է բազմաթիվ կեղծ գաղափարների, որոնք վերջին դարերի ընթացքում սնկի պես բազմացան ու թունավորեցին մարդու գիտակցությունն ու հոգին։ Մեր հերոսները երկար ժամանակ իրարից լուր չունեին և չէին էլ փորձում միմյանց գտնել ու վերականգնել հին ու բարի հարաբերությունները՝ մինչև հին տնակում հայտնվելը։ Բայց հանդիպումն ամեն ինչ փոխեց, իսկ դրան հաջորդած դժվարություններն արթնացրին ընկերական հոգատարությունը։ Արին շոյում էր Աննայի մազերը՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն անարդյունք։ Աննային պառկեցրին փայտե մահճակալին։ Հարկավոր էր խոնավ շոր բերել, որպեսզի սառնության միջոցով որոշակիորեն թեթևացնեին Աննայի խղճալի վիճակը։ Իհարկե դեպի լիճ գնալն անմիտ կլիներ, քանի որ ճանապարհը երկար էր և բացի այդ՝ վտանգավոր։ -Ոնց էլ լինի՝ տներից մեկում ջուր կգտնվի, թրջեք սա և բերեք։ – ասաց Արին։ Ժանն ու Վեստան անցան ջրի փնտրտուքին։ Նրանք տնետուն էին մտնում և զարմանալի էր, որ բնակիչները ուշադրություն չէին դարձնում նրանց վրա։ Անգամ, եթե մտնում էին մեկի տուն ջուր փնտրելու և այդ մարդը տանտերը լինում՝ միևնույն է, տանտերը կարծես չէր էլ նկատում նրանց։ Եվ ահա վերջապես՝ տնակներից մեկում ջրով լի դույլ գտվեց։ Ջուրը տեսնելով՝ երկուսի աչքերն էլ սկսեցին փայլել։ Ջուր խմելու ցանկությունը անողոքաբար տանջում էր և՛ Ժանին, և՛ Վեստային։ Ամեն դեպքում, Ժանը մի վերջին ճիգով կարողացավ զսպել այդ ցանկությունը, սակայն չվստահելով Վեստային՝ ասաց, որ կանգնի դռան մոտ և չմոտենա ջրին։ Ապա հանեց թաշկինակը, թրջեց այն ու շտապորեն դուրս եկավ տնակից։ Ժանն ու Վեստան վերադարձան մյուսների մոտ և խոնավ կտորը դրեցին Աննայի ճակատին, որն առաջվանից ավելի ուժգին տենդով էր բռնկված։ Երբ մի պահ կտրվեցին Աննայից՝ հանկարծ նկատեցին, որ Վեստան բացակայում է։ Ժանն անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվել, ու շտապով վազեց կնոջը կանգնեցնելու։
8
Ժանը հասավ այն պահին, երբ Վեստան, վերադառնալով քիչ առաջ գտած դույլի մոտ, փորձում էր խմել այնտեղից։ Նա ամեն գնով փորձում էր հետ պահել Վեստային, որը չէր ուզում հանձնվել։ Վերջինս բոլորովին կորցրել էր ինքնակառավարումը։ Ոչինչ չէր մնում՝ բացի ուժի գործադրումից։ Ժանը ստիպված բռնեց Վեստայի թևերից ու քարշ տվեց նրան դեպի իրենց տնակը։ Իսկ Վելոռը դուրս էր եկել Ժանի ետևից և, տեսնելով վերադարձող ընկերոջը, հանգստացավ։ Սակայն Վեստան գտնվում էր անտանելի վիճակում՝ այս դեպքում դրսևորումները ավելի կտրուկ էին, քան Աննայի պարագայում։ Նա ոչ թե դողում էր՝ այլ կռվում։ Փորձում էր դուրս պրծնել Ժանի ձեռքերից, և Վելոռը, տեսնելով այս դիմադրությունը, օգնեց Ժանին, որպեսզի Վեստան չկարողանա փախչել։ Նրանք մտան տնակ։ Մի որոշ ժամանակ Վեստային բաց չէին թողնում, բայց հանկարծ նա ուշաթափվեց։ Արին, հասկանալով, որ տվյալ դեպքում դա այնքան էլ վատ չէ, ասաց, որ թողնեն որոշ ժամանակ այդպես մնա։ Այս ընթացքում Աննան նույնպես գիտակցությունը կորցրեց։ Իրենք էլ չգիտեին, թե ինչի համար են պայքարում, բայց չէին հանձնվում։ Ամեն գնով փորձում էին թույլ չտալ միմյանց մոտենալ ջրին։ Բայց եկեք չմոռանանք, որ ոչ մի պայքար անիմաստ չի լինում։ Պայքարն անհրաժեշտ է մարդուն, որպեսզի իմաստավորվի կյանքը։ Արին շրջվեց, նայեց Ժանի ու Վելոռի աչքերին և հասկացավ, որ շուտով կգա նաև նրանց խենթանալու ժամանակը։ Տագնապն իրեն էր վերաբերում նաև, քանի որ զգում էր՝ ուժերն ամեն րոպե թուլանում էին ու դիմանալը դառնում էր սարսափելի դժվար։ Վելոռը լռում էր։ Նա անընդհատ աչքերը փախցնում էր ընկերներից։ Ջղային շարժումներ անելով՝ ձեռքերն իրար էր շփում և հետզհետե կորցնում էր իրեն։ Հանկարծ ասաց. – Մեկ վայրկյան դուրս գամ, կարիքը տանջում է։ Շուտով կգամ։ Արին ու Ժանը չպատասխանեցին։ Երբ Վելոռը դուրս եկավ, Արին Ժանին ասաց, որ մնա կանանց մոտ, իսկ ինքը դուրս եկավ Վելոռի հետքերով։ Արին ծածուկ քայլերով հետևում էր Վելոռին, որ ընկերը չնկատի իրեն, և, իհարկե, նա չէր սխալվել։ Վելոռը վազում էր դեպի այն տնակը, որտեղ գտնվում էր դույլը։ – Էդ ո՞ւր, – գոչեց Արին, – կանգ առ Վելոռ, մի՛ հանձնվիր։ Սակայն Վելոռը չէր լսում։ Նրա մտքերն այդ պահին շատ չէին, քանի որ ուներ ծարավն հագեցնելու ցանկություն, որը չեզոքացնում էր մյուս մանր-մունր մտածմունքները։ Արին ստիպված էր հասնել նրան ու ետ շպրտել՝ չթողնելով մոտենալ դույլին։ Բայց Վելոռը Վեստան չէր, նրան հեշտ չէր ետ բերել։ – Արի, մի՛ մոտեցիր ինձ, հեռո՛ւ գնա։ Արին փորձեց բռնել նրան, սակայն Վելոռը, իրեն կորցրած, հարվածեց Արիի դեմքին։ Արին և՛ զայրույթից, և՛ ուրիշ ելք չունենալու պատճառով, դեպի դույլը կռացած Վելոռին այնպե՜ս հարվածեց, որ նա տեղնուտեղը կորցրեց գիտակցությունը և քարշ տալով բերեց տնակ։ Տնակում Ժանն անհամբեր սպասում էր։ Հասկանալով, ինչ է տեղի ունեցել, ավելորդ անգամ չցանկացավ հարցնել, ամեն ինչ առանց այն էլ պարզ էր։
9
Տնակում լռություն էր։ Ժանն ու Արին ոչինչ չէին խոսում։ Հազար գույն ունի լռությունը։ Կան պահեր, երբ օդն անգամ ծանրացած է թվում։ Թևաթափությունից ծնված լռություն էր տիրում տնակում։ Կարծես ասելու ոչինչ չկար և մնացել էր միայն այդ <<անվճար>>, անօգուտ լռությունը։ -Ժան, ո՞վ է հաջորդը լինելու, ես զգում եմ, թե ինչպես է այդ ցանկությունը խժռում ինձ ու չգիտեմ, թե որքան կդիմանամ։ Ժանը ոչինչ չպատասխանեց։ Հանկարծ այնպե՜ս բղավեց, կարծես կորցրել էր իր ամենասիրելի մարդուն։ Խելագարի պես բղավելով ինքն իրեն դուրս նետեց տնակից։ Արին անմիջապես հասավ նրա ետևից։ – Ժան, ուշքի՛ արի, կռվի՛ր, ընկեր իմ։ Հանկարծ այս խոսքերի վրա, Ժանն ընկավ գետնին ու սկսեց խենթի պես գալարվել։ Ո՞ւմ դեմ էր նա կռվում՝ անշուշտ հենց իր։ Աշխարհի ամենասոսկալի մարտը սեփական անձի հետ կռվելն է, բայց սա գիտակից կռիվ չէր՝ պարզապես խելագարություն էր։ Գետնին ընկած գալարվում էր և այնպիսի՜ ճիչեր էր արձակում, այնպե՜ս էր գոռում, որ վերջապես անզգայացավ։ Արին մոտեցավ նրան։ Մի պահ այնպես վախեցավ, որ թվաց, թե կորցրել է հազար տարվա ընկերոջը։ Շոշափելով զարկերակը՝ հասկացավ, որ շնչում է ու մի կերպ քարշ տալով հաղթամարմին Ժանին՝ բերեց տնակ։ Եթե որևէ մեկն ասի, թե կան անպարտելի մարդիկ, չհավատաք նրան։ Անպարտելիներ լինում են առասպելներում և մարդկային երազներում, որտեղ ամեն ոք կարող է անխոցելի լինել։ Իսկ կյանքում յուրաքանչյուր մարդ՝ տղամարդ, կին, երեխա կամ ծերունի՝ բոլորն էլ օգնության կարիք ունեն։ Մարդն անպարտելի է, երբ շրջապատված է հավատարիմ, իրեն սիրող անձնավորություններով, մնացած բոլոր դեպքերում վաղ թե ուշ մարդը կորցնում է դիմադրելու ունակությունը։ Արիի չորս ընկերները անգիտակից ընկած էին փոքրիկ տնակի բոլոր կողմերում։ Եվ մնացել էր ինքը։ Բոլորին օգնեց, իր ընկերների հենարանը դարձավ, բայց ինքը մնաց մենակ։ Չէ՞ որ նա էլ մարդ էր և չէր կարողանում այլևս դիմադրել այդ ցանկությանը։ Արին լուռ հենվեց տնակի փայտե պատին, կարծես ցանկանալով մեկ մարմին դառնալ պատի հետ, նայեց ընկերներին, և այդ պահին քաղցր դող անցավ մարմնով՝ ինչքա՜ն էր սիրում այդ դեմքերը նա։ Ոզնու պես կծկվելով կռացավ մինչև գետին, նորածին մանկան պես պառկեց հողին և որոշ ժամանակ այդպես մնաց։ Արին դողում էր։ Որպես հակաթույն փորձում էր իր հուշերն օգտագործել։ Հիշում էր մանկության օրերը, արկածներն էր հիշում ու գուցե հենց դա էր նրան պահում, որ չէր հանձնվում այդ դիվային ուժին։ Սակայն այնքա՜ն մենակ էր իրեն զգում։ Նա օգնության կարիք ուներ, հոգատար ընկերոջ կախարդական ազդեցության կարիք, բայց այդ պահին իր մանկության ընկերներն անօգնական ընկած էին հատակին, և նա մենակ էր մնացել։ Ինչպես լավան է դուրս թռչում ժայթքող լեռան գագաթից, այնպես էլ Արին հանկարծ վեր թռավ տեղից, վազեց դեպի դույլը, որպեսզի խմի ջրից, սակայն րոպեներ առաջ, երբ Վելոռը փորձում էր ջուր խմել և երբ Արին հարվածե՛ց նրան, այդ հարվածից հետո ընկնող Վելոռը դիպել էր դույլին ու ջուրը թափվել էր։ Այնպես որ դույլը դատարկ էր, և թափված ջրի հետքերը երևում էին հողի վրա։ Արին խելագարի պես փորձեց հենց հողի վրայից ասես քամել ջուրը, բայց, իհարկե, ապարդյուն։ Նա անկանոն կերպով սլացավ դեպի անտառ, վազելով դեպի լիճը…
Մաս 6
Պոռթկում
1. Արին կորել էր քրտինքի մեջ։ Մի կողմից տենդը, մյուս կողմից լճին շուտ հասնելու հուսահատ ցանկությունը վերջնականապես սպառել էին նրան։ Մտնելով անտառ, որքան որ կարող էր և որքան ուժ ուներ, վազեց դեպի լիճը։ Նույն պահին տնակում Աննան ուշքի եկավ։ Անսպասելի էր, սակայն իրեն բավական լավ էր զգում։ Այլևս չկար նախկին դողը և այն խելահեղ ցանկությունը, որը ստիպում էր վազել դեպի ջուրը։ Իհարկե, ծարավը տանջում էր, բայց դա այլևս կախվածություն չէր՝ այլ բնական, մարդկային պահանջ։ Նա անմիջապես նկատեց, որ Արին բացակայում է։ Տեսնելով անգիտակից պառկած ընկերներին՝ հասկացավ, որ նույն փորձությունը բաժին է հասել նաև նրանց ու որոշեց չարթնացնել, քանի որ չգիտեր, թե ինչպիսին կլինի հետևանքը։ Նա չէր կարող սպասել։ Կատարելապես հասկանում էր՝ Արիի ապագան վտանգված է ու չէր կասկածում, որ նա նույնպես չի կարողացել դիմանալ այդ անդիմադրելի ցանկությանը ու գնացել է ջուր խմելու։ Աննան առանց հապաղելու վազեց Արիին գտնելու։ Սկզբում նա շտապեց դեպի այն տնակը, որտեղ դույլով ջուրն էր, և չգտնելով Արիին՝ ավելի մռայլվեց՝ հասկանալով, որ ընկերը լիճ է գնացել։ Աննան որքան ուժ ուներ՝ վազեց դեպի լիճը՝ այն հույսով, որ կկարողանա ժամանակին հասնել ու ետ կպահի ընկերոջը կործանարար քայլից։ Կնոջ արցունքների մասին կարելի է մի առանձին աշխատություն գրել։ Աննան և վազում էր, և լաց լինում։ Թե որքան արցունք էր նա թողնում ճանապարհին՝ դժվար է հաշվել, ու ճիշտն ասած՝ այդ հաշվարկն անշնորհակալ գործ կլիներ։ Այո՛, կանացի արցունքը երբեմն թափվում է շահադիտական նկատառումներով, երբեմն հենց այնպես, որևէ ֆիլմ դիտելու արդյունքում, երբեմն քաղցր հիշողությունների պատճառով, բայց շատ հաճախ այն միայն սրտացավություն է խորհրդանշում։ Հենց այս վերջինն էր հոսում Աննայի թուխ աչքերից։
2 Լիճը բավական հեռու էր տնակից։ Անտառի կեսն անցնելով՝ Արին պարզապես փռվեց հողին, սակայն դա բնավ հանգստանալու համար չէր, քանի որ նա այլևս չէր կարող մտածել նման բաների մասին։ Արիի գլխում պահպանվել էր մեկ բջիջ, որը կապված էր ջրի հետ։ Միայն սա էր նրան մտահոգում, բայց մեկ այլ բան է ցանկությունը, մի ուրիշ՝ հնարավորությունը։ Նա այլևս չէր կարողանում ոտքի վրա կանգնած մնալ։ Նույնիսկ փռված վիճակում փորձում էր սողեսող հասնել ջրին, բայց դա բնական է՝ շատ էր դանդաղեցնում նրան։ Իսկ Աննան համեմատաբար ավելի առույգ էր զգում իրեն։ Նա գրեթե հասել էր Արիին և արդեն ձայն էր տալիս նրան։ Եվ հենց այդ ձայնն էլ Արիին նոր ուժ տվեց։ Մի վերջին ճիգով վեր կացավ տեղից ու նորից սկսեց վազել անտառի միջով դեպի լիճը։ Անտառը վերջանում էր, և երբ Արին հասավ վերջին չորացած ծառերին՝ ուժերը սպառվեցին ու ընկավ առանց նորից ոտքի կանգնելու հույսի։ Նա ամեն գնով փորձում էր հասնել լճակին ու նորից սողեսող փորձում էր մարմինը քարշ տալ մինչև լիճը, բայց Աննան հասավ նրան։ —Արի՜, ա՜խ, այս ինչ վիճակում ես, պառկի՛ր, ահա, այսպես պառկիր։ Մինչ Արին անշարժ պառկած էր, նա մոտեցավ լճակին, շրջազգեստից մի կտոր պոկեց և, թրջելով, դրեց Արիի ճակատին։ Վերջինս բոլորովին գույնը գցել էր, բերանը բաց ու խուփ էր անում, բայց ոչինչ չէր կարողանում ասել։ Այնպիսի տպավորություն էր, որ օդն անգամ չէր բավականացնում Արիին, սակայն միևնույն է գիտակցությունը չէր կորցնում՝ ինչպես մյուսները։ Դեռ մի բան էլ մերթընդմերթ ձգվում էր դեպի լիճը ու փորձում կրկին, թեկուզ սողեսող, հասնել, բայց դա այլևս անհնար էր, քանի որ Աննան չէր թողնում։
3
Ո՞ւմ վիճակն էր ավելի ցավալի՝ դժվար է ասել։ Կյանքը բաղկացած չէ մեկ կամ երկու օրից, այն ընթացք է, կառուցված բազմաթիվ տարիներից, որոնք իրենց խորքերում գաղտնիքներ են պահում։ Կյանքը չասված խոսքերի, չավարտված նախադասությունների, կիսատ հույզերի շղթա է, և հենց սա է պատճառը, որ այն պետք է շարունակվի, որպեսզի լրացվի ու դառնա ամբողջական։ Իսկ կյանք ասվածը, առանց մարդու, միշտ կլինի կիսատ, քանի որ մարդն է լրացնողն ու գեղեցկացնողը։ Գալով մարդուն՝ պետք է նշել, որ նա չափազանց հետաքրքիր էակ է։ Մարդուց է ծնվում և բարին, և չարը, և սերը, և ատելությունը, և ընկերությունը, և դավաճանությունը, հարգանքն ու անարգանքը, և այսպես շարունակ։ Կարծիք կա, որ առանց չարի կյանքն անհետաքրքիր կլիներ։ Ես հարց եմ տալիս․ եթե անհետաքրքիր կլիներ, ապա ինչո՞ւ եք անվերջ տառապում ու բողոքում անարդարությունից ու սրիկայությունից։ Եթե այդպես հետաքրքիր է, ապա վայելե՜ք ձեզ բաժին հասած «հետաքրքիր» կյանքը։ Իսկ իմ կարծիքով՝ բարին ու սերը սահման չունեն, իսկ ինչն անսահման է, անկասկած հետաքրքիր է ու հաճելի, և պետք չէ փնտրել չարիք՝ կյանքը հետաքրքիր դարձնելու համար, պետք է փնտրել բարու սահմանը, որը չկա՝ ինչպես տիեզերքը, որի հանդեպ հետաքրքրությունը նույնպես անվերջանալի է։ Ահա մի խոստովանություն, որն անվարան կարող ենք դասել կյանքի հետաքրքիր, տարօրինակ ու հաճելի պահերի շարքը։ Աննան տարիներ ի վեր պահել էր մի գաղտնիք։ Նա չէր ասել մի խոսք, որն ամբողջ կյանքում հետապնդել էր իրեն։ Այդ խոսքն, ասես շնչավոր դառնալով, ամբողջ կյանքում կռվել էր Աննայի հետ ու դուրս չէր եկել նրա հոգուց։
4
Այդպիսի մի խոսք կար նաև Արիի սրտում, և այն պահին, երբ աշխարհը սև է և ամեն ինչ դժվարություն է հիշեցնում, Աննան չդիմացավ։ Տեսնելով Արիի անմխիթար վիճակը, այդ չասված խոսքը կարծես պահանջեր Աննայից, որ հենց այդ պահին դուրս թողնի իրեն։ Որ ինքը գնա ու հասնի հասցեատիրոջը, որի համար ծնվել է, որ գտնի, վերագտնի տարիների մշուշում կորցրած իմաստը։ Այո՜, զարմանալի էակ է մարդը, նույնքան զարմանալի է սերը, և երբեմն՝ սիրո դրսևորումները։ Աննան այլևս չկարողանալով թաքցնել, գրկեց Արիին ու շշուկով, արցունքները չզսպելով, ասաց․ – Ես քեզ սիրում եմ, Արի, ես քեզ սիրում եմ։ Օրն հրաշքով օծելու լավագույն միջոցը սերն է։ Աննայի խոսքերը մի պահ արթնացրին Արիի գիտակցությունը։ Նա ծանր շարժումով գլուխը բարձրացրեց ու մոտեցրեց շուրթերն Աննայի շուրթերին։ Նրա աչքերում արցունքի մի կաթիլ երևաց։ Չկարողանալով ոչինչ ասել, գիտակցությունը կորցրեց և անմխիթար թավալվեց գետնին՝ ինչպես իր մյուս ընկերները։ Իսկ Աննան չէր կարող երբևէ պատկերացնել, որ այդ խոսքերը կասվեն նման պահի, և ինքը կունենա այնպիսի զգացողություններ, որոնք բառերով երբևէ չի կարողանա արտահայտել։ Երբ կատարվում էր այս ամենը, տնակում իրար ետևից ուշքի էին գալիս ընկերները։ Նկատելով Արիի և Աննայի բացակայությունը, նրանք սկսեցին փնտրել և բավական արագ հասան իրենց ընկերներին։ Նրանց առջև Աննան Արիին գրկել ու արտասվում էր։ Ընկերներն իհարկե չէին կարող կռահել, թե ինչ է տեղի ունեցել։ Մոտենալով Արիին, հասկացան, որ նա ողջ է, ու փոքր ինչ հանգստացած շունչ քաշեցին։ -Աննա, լաց մի լինի, ամեն ինչ լավ է, նա շուտով ուշքի կգա, – հանգստացնում էր Վեստան՝ չիմանալով արցունքների իրական պատճառը։
Մաս 7 Հրաշք 1. Ընկերները լճի ափին նստել ու սպասում էին իրենց ընկերոջ ոտքի կանգնելուն։ Վերջապես Արին ուշքի եկավ, և հենց այդ պահին տեղի ունեցավ անակնկալ հրաշքը։ Ընկերներն անշուշտ գիտեին «հրաշք» բառի իմաստը, սակայն հրաշքի ականատես երբեք չէին եղել։ Լճի ուղիղ կենտրոնով բացվեց, երկու կողմից բարդիներով շրջապատված, մի ճանապարհ։ Նրանք անմիջապես հասկացան, որ պետք է անցնեն այդ հանկարծահայտ արահետով։ Արին կրկնակի զարմացած էր, քանի որ աչքերը բացելուն պես տեսել էր առողջ կանգնած ընկերներին և չգիտես որտեղից ի հայտ եկած ճանապարհը։ Ընկերներն օգնեցին նրան բարձրանալ ու միասին քայլեցին նորահայտ ուղղով։ Նրանք գիտեին, թե ուր է տանում այդ ճանապարհը, քանի որ լիճը շրջանցելիս բացահայտել էին մյուս կողմում գտնվող ահռելի վիհը։ Եվ հիմա բարդիների ճանապարհը չէր կարող տանել մեկ ուրիշ վայր։ Նրանք ընթանում էին դեպի այդ խուլ ու մշուշոտ ձորը։ Ամեն դեպքում գիտակցում էին, որ նոր աշխարհում պատահական ոչինչ տեղի չի ունենում։ Գեղեցիկ էր ճանապարհը, ավելի գեղեցիկ էր բարդիների արանքից երևացող կապույտ լիճը։ Չլիներ տանջող ծարավը ու մնացած լուրջ խնդիրները, կարելի կլիներ հանգիստ խղճով զմայլվել աչքին ու սրտին հաճո լճակով։ Սակայն կյանքում էլ է հաճախ այդպես լինում, երբ այցելում ես մի գեղատեսիլ վայր, ու բազմաթիվ խնդիրների առկայությունը չի թողնում հանգիստ հիանալ բնության առեղծվածով։
2
Ճանապարհն ավարտվում էր։ Լճից այն կողմ կամաց-կամաց անհետանում էր մշուշը, և նրա տեղ սկսում էր երևալ քարե մեծ դարպասը։ Վիհն այլևս չկար, իսկ մշուշը ոչ թե անհետացել էր, այլ բարձրանալով դարպասից վեր՝ ասես մի մեծ լեռ էր թաքցրել։ Հավանաբար այդպես էլ կար, քանի որ քարե դարպասի կողքին՝ մշուշի միջից նկատելի էին դառնում ընկած մեծ քարերը, որոնք շատ նման էին ժայռաբեկորների։ Թող ների մեզ ընթերցողը, բայց այստեղ պիտի կանգ առնենք և խորհենք այս պատմության նպատակի մասին։ Լավագույնն, իհարկե, ուղիղ խոսքն է, սակայն կան բաներ, որոնք դուրս են գալիս ուղիղ խոսքի շրջանակից և ընթանում են ավելի հեռու։ Նման դեպքերում օգնության է հասնում փիլիսոփայությունը։ Մի ժամանակ այսպիսի կարծիք կար, թե այդ գիտությունն անիմաստ հորինվածք է և նրանում չկա ոչ մի օգտակար գործիք։ Մինչդեռ հակառակն է։ Երբեմն ավելի հեռուն նայելու, ավելի խորը հասկանալու և երևույթը լավագույնս բացատրելու համար օգնության է հասնում հենց փիլիսոփայությունը՝ առանց որի անհնար է գտնել նույնիսկ խիստ պարզ մտքի ողջ էությունը։ Մենք մի պահ կանգ ենք առնում, ոչ թե այն պատճառով, որ առանց դրա հնարավոր չէ, այլ որպեսզի հուշենք յուրաքանչյուրին դրա անհրաժեշտության մասին։ Այո՛, կարելի է նաև կանգ չառնել, կարելի է անարգել գնալ առաջ, սակայն վերջում միևնույն է արգելակելու ենք, քանի որ վերջում բոլորն են արգելակում։ Վերջում բոլորս կանգ ենք առնում, ոչ թե մեր կամքով, այլ բնության անվախճան օրենքի համաձայն։ Եվ այդ ահավոր ժամին մեր կողմից անտեսված կամ գերագնահատված իրականությունն ապտակում է մեր երեսին։ Մենք հիշում ենք մեր իսկ ձեռքով կործանած մարդկանց, անպատմելի արարքներ, որոնք անդառնալի հետք թողեցին մեր սիրելի մարդկանց կյանքում։ Մենք հասկանում ենք, որ ողջ կյանքում փնտրեցինք, սակայն չգտանք, և փոխարեն աշխարհում տիրող չարին խոչընդոտելու՝ ջուր լցրեցինք նրա ջրաղացին։ Անվարան կարող ենք հաստատել այն իմաստությունը, որ կյանքում ոչ ոք անվարձ չի մնում։ Ամեն ինչ վերադառնում է՝ և՛ լավը, և՛ վատը։
3
Ինչո՞ւ մարդը չի կարողանում կանգ առնել ճիշտ ժամանակին։ Ինչո՞ւ է մարդու ստեղծած համակարգը ստրկացնում մարդուն, և ինչո՞ւ մենք անկեղծ չենք ինքներս մեզ հետ։ Չէ՞ որ անկեղծության մեջ է բարելավման բանալին։ Եթե մի պահ մեր հազարավոր քայլերից մեկը մի քիչ դանդաղեցնենք և փորձենք անկեղծորեն քննել մեր անցած ճանապարհը, փորձենք վերլուծել մեր ընտրած ուղին, ապա գուցե հանցագործն ինքն իրենից սարսափի ու դեն նետի ատրճանակը, քաղաքական գործիչն իր հրեշավոր դիմակը նետի ու փորձի նույն ճանապարհն անցնել ավելի ազնիվ միջոցներով։ Հնարավոր է անբարեխիղճ ուսուցիչը հանկարծ գիտակցի իրեն բաժին հասած պատասխանատվությունը և դառնա հրաշալի մանկավարժ։ Ահա, թե ինչու ենք մենք կանգ առնում։ Մենք կանգ ենք առնում, որպեսզի մեր օրինակով ցույց տանք դրա անհրաժեշտությունը, որպեսզի ևս մեկ անգամ ըմբռնենք, որ մեզանից է կախված շարունակությունը։ Մեր պատմությամբ ամենևին էլ իրականությունից խույս տալու նպատակ չենք հետապնդում։ Ավարտելով վեպի առաջին մասը, պիտի կրկնենք այն միտքը, թե ճանապարհը բնավ էլ դուռը չէ, ճանապարհը մենք ենք։