Տիրը | միթոլոգիական բանաստեղծություն | Տարոն Գլակ
Տիրը | միթոլոգիական բանաստեղծություն | Տարոն Գլակ

Տիրը | միթոլոգիական բանաստեղծություն | Տարոն Գլակ

Տիրը
 
Շատ դարեր առաջ…
 
Գինին լույս է տալիս իմ քարանձավ սրտին,
Եվ աչքս ու հոգիս մեկ են դառնում.
Ոսկեթանաք Տիրը՝ Բազմած ոսկե գահին,
Գլուխն ափերի մեջ միտք է անում…
 
Որքա՜ն դառն են ու շատ տագնապները նրա,
Որքա՜ն ցավեր ունի անբառ ու մութ.
Բոլոր, Բոլո՛ր աստվածներից դավաճանված՝
Մի իմաստուն լռություն է մանում…
 
Գրչավանքում լույս է, բույր է մագաղաթի,
Շուրջ բոլորը ոգիներ են պարում,
Խոսքը դուրս է ելնում մաշված ձեռագրերից,
Բոց ու հրից փրկիչներ են ծնվում:
 
Տիրը խոժոռ նայեց ժամանակի գրքին,
Ցուցամատով թերթեց դարերն անցած,
Իմաստությամբ հասավ մեր այս դարաթերթին
Եվ անորոշ մի բան սիրտը կարդաց:
 
Տեսավ տաղի քրմեր և տաճարներ Մտքի,
Տեսավ՝ անմարդ, անմուտք ու անխնամ,
Եվ ամբոխներ զառամ՝ քամիներին գերի
Ու ծերացած, հոգնությանը պարտված:
 
Եվ բարկացավ Տիրը, խոժոռվեց ու հանգավ,
Եվ ինքն իրեն…վերջին անգամ խոսեց.
-Կարծես չի կարկաչել գետը ձեզնից առաջ
Եվ սարերի գլխին ձյուն չի նստել…
 
Տարոն Գլակ 2024 թ.
 
« Վերածնվի՛ր » գրքից, 2025 թ. ( Նռանէ )

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *