Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Մեզ վեր է տանում աշխարհի կյանքից:
Մի շունչ , մի խորհուրդ, մե՜ծ, հըրաշալի՜,
Խառնված Հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքա՜ն դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն:
1904
Հովհաննես Թումանյանը հավատում էր Հայաստանի և հայ ժողովրդի լուսավոր ապագային։ Թումանյանական աշխարհի շարժիչը, գլխավոր ու կենտրոնական ուժը Սերն էր, իսկ մեծ սիրով լցված անհատականությունը պարզապես չի կարող չհավատալ։ Հավատը բխում է սիրուց․ առանց սիրո այն վերածվում է սովորական բառակույտի։
Սիրո այս հրաշալի զգացումն էլ Թումանյանին դարձնում էր Տիեզերքի Տերը և անհունի թարգմանը։ Հաճախ մարդիկ կյանքն այնքան են փոքրացնում, որ այն տեղավորվում է մի փոքրիկ ԵՍ–ի սահմաններում, բայց ճշմարիտ ճանապարհը սեփական ԵՍ–ը Տիեզերքից դուրս և անջատ չդիտարկելն է և միշտ հիշելը, որ դու ստեղծված ես մեծ գործերի համար։
Պարզապես աչքերը, որ կույր են, պետք է փոխվեն, սիրտը, որ չի զգում, պիտի փոխվի, հոգին, որ սահմանափակ է, պիտի ձուլվի Տիեզերքին։
Հովհաննես Թումանյանը Մարդ–Տիեզերք էր, և դրա վառ վկայությունն է նրա այս բանաստեղծությունը․
Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն,
Ու նրանց միջում հավիտյան սիրուն.
Կյանքը հարաշարժ հոսանք է վարար…
Նորանոր ուժեր ճնշում են իրար,
Ելնում են թափով,
Իջնում տագնապով
Ու կենդան, կայտառ,
Միշտ նոր ձևի մեջ,
Անդուլ, անդադար
Հոսում են անվերջ…
Էն լայն հոսանքի, մեծ աղմուկի տակ
Հավիտյան անշարժ, համր ու անգիտակ,
Անտարբեր էն տաք, եռուն պայքարին,
Անցնող օրերին, ապրող աշխարհին՝
Հզորն ու տկար
Ընդմիշտ հավասար,
Անխտիր հալվում
Մեծ հանգըստի մեջ,
Հալվում են, ձուլվում
Հանգչում են անվերջ…
1907
Գեղեցիկ է ասված՝ «Կյանքը հարաշարժ հոսանք է վարար», գեղեցիկ և ճշմարիտ։ Գեղեցիկն ու ճշմարիտը միմյանց լրացնող երևույթներ են։ Սուտը չի կարող գեղեցիկ լինել, և, հակառակը, գեղեցիկը չի կարող կեղծ լինել։ Արվեստում հատկապես պետք է արտահայտվի այս միտքն իր ողջ խորությամբ։
Մի առիթով գրել եմ՝ ճշմարտությունը չի սպանում։ Արվեստը, որ բառի լայն իմաստով ճշմարտություն է, մարդու օգնելու և բարձրացնելու առաքելությունն ունի։ Հովհաննես Թումանյանի արվեստն այդպիսին է՝ վեհացնող, գեղեցկացնող, կյանքն իմաստավորող կամ կյանքն անիմաստ չդարձնող, քանզի կյանքն ի սկզբանե անիմաստ լինել չի կարող։
Եթե որևէ մեկը չի կարողանում իմաստավորել իր կյանքը և սրտմաշուկ հուսահատության գիրկն է նետվել, նշանակում է՝ անդառնալիորեն աղավաղել է այն։ Ինչ-որ իմաստով մենք բոլորս հեղինակներ ենք։ Մեր քաղաքակրթական ընտրությամբ, անձնական բախտորոշ որոշումներով ու քայլերով մենք նկարում ենք մեր կյանքի կտավը։ Ցավալի է, եթե այն նման է Օսկար Ուայլդի հայտնի վեպի հերոսի՝ Դորյան Գրեյի դիմանկարին։
Կարծում եմ՝ մեր այս Տիեզերապատումը կարող ենք շարունակել Հովհաննես Թումանյանի հետևյալ քառյակով․
Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր ձեն է միշտ հընչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում:
1918, Հունվարի 26
Թումանյանին կարող էր կանչել «Էն Լոռու ձորը» կամ էն Լոռվա վեհաշուք լեռները։ Եվ, իհարկե, կանչել են, ու միշտ հնչել է Հովհաննես Թումանյանի արթուն ականջում Լոռվա բնաշխարհի խորհրդավոր երգը։
Լալվարը, Բազումթառը, Դժարսարը, Մթինը, Քոշաքարը, հայրենի անտառները — ահա այն տիեզերական աշխարհը, որն անվերջ իր գիրկն էր կանչում Ամենայն հայոց բանաստեղծին։
Տիեզերք ասելով մենք լոկ աստղային անորոշ ճանապարհներ չէ, որ հասկանում ենք, այլ երկրի վրա ուրույն ձև ու բովանդակություն ունեցող միջավայր, որը ձգում է մարդուն և դարձնում անսահմանության կրողը։
Եվ ահա այս քառյակում իր երջանկությունն այսպես է արտահայտում Հովհաննես Թումանյանը․
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով՝
-Ջա՜ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:
1918, փետրվարի 4
Անտառները ձեռքով են անում, կանչում են, քանզի կենդանի են, և նրանց հետ անմիջական շփման մեջ է Բանաստեղծը։ Եվ ոչ միայն անտառներն ու սարերը, այլ նրանց բնակիչները նույնպես կանչում են Թումանյանին, կամ, ինչպես ինքն է ասում, «նայում են իր ճանապարհին»․
Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում՝ մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին:
1918, փետրվար
Եթե ուզում եք իմանալ՝ հենց սա է իրական հայրենազգացողությունը։ Այս օրինակով է, որ մենք պետք է սովորենք սիրել Հայաստանը։ Պատահական չէ, որ շեշտում եմ «սովորել» բառը, քանզի ամեն բան ունի իր ձևը՝ սիրելը նույնպես։
Սիրո ձևը հոգատարությունն է, նկատելն ու Տեր լինելը և ոչ թե հյուրի պես սեփական Հայրենիքում ապրելը։ Մենք սիրում ենք մեր երկիրը, բայց պետք է գիտակցել, որ երկիրն էլ մեզ է սիրում և նույնքան շնչավոր է, որքան մենք, նույնքան սիրո կարիք ունի, որքան մարդը։ Եվ այդ սերը, որ մեր սրտում է, այնտեղ փակված չպետք է մնա, այլ պետք է հասնի յուրաքանչյուր ծառին ու ծաղկին։
Մեր կյանքը պետք է լցված լինի շնորհակալության զգացումով, և այդ դեպքում է, որ ամբողջ Տիեզերքը սիրահոժար կծառայի մեր բարօրությանն ու լիարժեքությանը։ Մենք ինքներս մեր Սիրտը կարող ենք վերածել թե՛ հեքիաթական պալատի, թե՛ անտանելի ցեխի, որտեղ կտիրեն աղմուկն ու պատերը կլինեն անհյուրընկալ, ինչպես Չարենցն էր ասում։
Հոդվածն ավարտեմ Հովհաննես Թումանյանի մեկ այլ քառյակով և մաղթեմ, որպեսզի մենք չկորցնենք մեր Տունը՝ թե՛ հոգեբանական իմաստով, թե՛ ուղիղ, և այն նորից գտնելու տանջալի խնդրի առաջ չկանգնենք։
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…
1919 Նոյեմբերի 21
Տարոն Գլակ
