Ընկերության Ոգին (Մաս 1)
Ընկերության Ոգին (Մաս 1)

Ընկերության Ոգին (Մաս 1)

Գլուխ 1

ՄԱՍ 1 – Ին

1

Արիստարխ

Միջահասակ, սև մազերով մի տղամարդ, քայլում էր` շուրջը կատարվող իրադարձություններին բոլորովին անտարբեր: Մինչ նա այդպես անփութորեն ու մտազբաղ առաջանում էր՝ կողքից կանայք էին անցնում` մեկը մեկից գեղեցիկ, ընդունակ տղամարդկային հայացքներ կորզելու, սակայն Արիստարխը սիրային արկածներով զբաղվելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ժամանակ ուներ. կատարյալ անտարբերությամբ համակված նրա հոգին այդ պահին ոչինչ չէր նկատում: Ասես սիրտը մի ուրիշ տեղ էր, միտքը մի այլ <<հովտում>>:
Արիստարխը գինեգործ էր և կատարելապես տիրապետում էր գինեպատրաստման բոլոր գաղտնիքներին: Եթե հարցնեին, նա կդժվարանար հիշել մի օր, որն անց էր կացրել առանց գինի խմելու և առանց գինեբույրը զգալու, բայց և այնպես երբեք բաժակը միանգամից չէր դատարկում` ժամերով կարող էր վայելել: Երբ բացում էր շիշը ու դանդաղ լցնում բաժակի մեջ` անբացատրելի հաճույք էր զգում: Նրա և գինու միջև ինչ-որ տարօրինակ կապ էր առաջանում: Երբեմն Արիստարխը իրեն բնորոշ հումորով դա կոչում էր սեր: Հետո երբ սկսում էր խմել, կարելի էր պնդել, որ նա գտել է դրախտը: Մարդը տարիների ընթացքում ձեռք է բերում սովորություններ և այդ սովորությունները ինչ որ իմաստով տվյալ մարդու համար դառնում են իր անհատականությունն ավելի հետաքրքիր դարձնելու միջոց: Արիստարխն այս իմաստով ընդգծված բնավորություն ուներ և սկզբունքային էր: Գործի բերումով իհարկե պետք է տեղյակ լիներ այսպես ասած իր մրցակիցներից, համտեսեր տարբեր գինիներ՝ թեկուզ համեմատելու համար իր պատրաստածի հետ և իհարկե երբեմն փորձում էր՝ զուտ համը զգալու, իմանալու համար, սակայն այս ամենը գործնականից այն կողմ չէր անցնում: Նա սիրում էր խմել միայն իր պատրաստած գինին, նրա համար ուրիշ գինի փորձելը ասես դավաճանության նման մի բան լիներ:
Եթե սիրում ես այդ աստվածային խմիչքը, անշուշտ կսիրես նաև արվեստը` Արիստարխն էլ բացառություն չէր: Նա պաշտում էր արվեստը: Գնում էր ցուցահանդեսների, դիտում էր նկարները և իրեն հատուկ խորաթափանցությամբ կարողանում էր մեկնաբանել դրանք: Ուներ շատ նկարիչ ընկերներ, որոնք սիրում էին նրա պատրաստած անուշահամ գինին, իսկ ինքը նրանց արարած նկարները: Քաղաքում նա հայտնի էր որպես հմուտ գինեգործ և լայնախոհ մարդ:
Ուներ պատկառելի հնարավորություններ, կարող էր գնել շքեղ մեքենա, բայց չէր սիրում վարել և ինչ-որ տեղ վախենում էր: Դա էր պատճառը, որ լիարժեքորեն օգտվում էր ոտքերից, իսկ հեռու տեղեր գնալիս՝ ստիպված էր ապավինել տաքսիներին:
Բայց լինում են օրեր և անշուշտ առանց դրանց կյանքը կվերածվի միապաղաղ, հոգնեցնող ճանապարհի, լինում են օրեր, երբ մարդուն սիրտն է հրամայում և մարդը լսում է սրտին: Արիստարխը չէր էլ հասկանում, թե ուր է գնում, կամ հասկանում էր, բայց չգիտեր ինչու, ի՞նչն է ստիպում հենց հիմա գնալ այնտեղ: Նա լսում էր սրտին և ուներ դրա կարիքը:
Ազատ մեքենա նկատելով, կանգնեցրեց այն և հարմար տեղավորվեց ետևի նստարանին: Վարորդին ուղղությունը հայտնելուց հետո կրկին խորասուզվեց իրեն պաշարած մտքերի մեջ:

2
Վելոռ

Վելոռը սրճարանում ճաշում էր` ընդ որում շատ համակրելի տիկնոջ հետ: Իհարկե նա վաղուց ամուսնացած էր, բայց շարունակում էր փնտրել նոր արկածներ: Նա այն մարդկանցից էր, որոնք երբևէ և ոչ մի տարիքում չեն կորցնում երիտասարդական ավյունը: Չի կարելի ասել, թե նա չէր սիրում կնոջը, և հարմար առիթ էր փնտրում նրան դավաճանելու համար: Ո՛չ, սիրում էր և գնահատում, սակայն նման արկածները նրա համար մի տեսակ ինքնասիրությունը շոյելու կատարյալ առիթներ էին հանդիսանում: Կանայք սովորաբար նման տղամարդկանց չեն հասկանում, բայց Վելոռի կինը մի տեսակ ուրիշ աշխարհից էր: Նա գիտե՛ր՝ ինչպես է իրեն գրավում ամուսինը և թե ինչու է նրան սիրում: Դիանան պաշտում էր ամուսնուն` քաջ գիտենալով նրա բոլոր լավ ու վատ կողմերը: Իրականում նրանց ընտանեկան կյանքը չափազանց խաղաղ էր ու գրեթե առանց վեճերի, իսկ եղած վեճերն էլ ակնթարթի պես անցնում էին:
Երբեմն մարդու հետ տարօրինակ բաներ են կատարվում և հենց այդպիսի անսովոր զգացողություն բացօթյա սրճարանում համակեց Վելոռին: Նա կարծես զգաց քամու բույրը: Քամին մեղմորեն անցավ և ասես շոշափելով նրան ինչ-որ բան հիշեցրեց:
Այնքա՜ն ծանոթ էր այդ բույրը, այնքան հին, որ ներողություն խնդրելով տիկնոջից, վճարեց հաշիվը ու դուրս եկավ: Անմեկնելի մի կարոտ գերեվարեց Վելոռին: Նա քայլելով հասավ սակավամարդ այգի, որտեղ նորից, ավելի ուժգին զգաց այդ անդիմադրելի կարոտը:
Այգուց մի փոքր հեռավորության վրա կանգնեցրել էր մեքենան: Հասավ, տարօրինակ կերպով նայեց շուրջը, ապա նստեց այն ու գնաց:

3
Ժան և Վեստա

Ժանն ու Վեստան իրենց փոքրիկ տանը զրուցում էին: Ժանը տեղավորվել էր բազմոցին, իսկ Վեստան բազկաթոռին: Նրանք ամուսիններ էին, արդեն տասը տարի ապրում էին կողք կողքի: Ժանը շատ կատակասեր էր: Վեստան սիրում էր Ժանի կատակները:
-Սիրելիս, հիշո՞ւմ ես ինչպես էի քեզ ցեխերի մեջ գլորում: Չե՞ս կարոտել: Իմացի՛ր, եթե կարոտել ես, հատուկ քեզ համար կարող եմ մի ցեխոտ վայր գտնել, որտեղ հանգիստ խղճով կկարողանաս ցեխոտվել, մեր լեզվով ասած կարոտդ ցեխերից կառնես .- ասում էր Ժանը:
-Լսի՛ր, միթե՞ դու չես հոգնում այդ անտակտ կատակներից: Տասը տարի նույն բանն ես կրկնում, տասը տարի դու այդպես էլ կատակել չսովորեցիր և գիտե՞ս ինչու, որովհետև դա տաղանդի պես մի բան է, կամ լինում է կամ չի լինում: Քո դեպքում այն իսպառ բացակայում է.- իբր զայրացած պատասխանում էր Վեստան:
– Բայց իրոք, հիշո՞ւմ ես ինչ օրեր էին.-նկատելի թախիծով ավելացրեց Ժանը:
-Հիշում եմ, իհարկե հիշում եմ ու միշտ մտածում, թե ինչ դաժան են հնարել այս կյանքը, ամեն ինչ կա տխրության համար, իսկ երջանկությունը պիտի փնտրես, բայց դե ի՞նչ իմանաս գուցե երբեք էլ չգտնվի այն:
– Անուշի՜կս, մի մտածիր տխրության մասին ու երջանկությանը գերի չես դառնա:
– Օ՜, դու արդեն փիլիսոփայո՞ւմ ես.- Հարցրեց Վեստան` զարմացած հայացքով:
-Մեկը պե՞տք է քեզ նմաններին կրթի: Ուրախ եղիր, որ չեմ զլանում ու քեզ վրա ժամանակ եմ ծախսում, անշնորհակալ թռչուն: Շուտ հագնվիր, տեղ ենք գնում և հասարակ զգեստներ հագիր, դրա ժամանակը չունենք ու ոչ էլ կարիքը կա շատ շքեղանալու:
-ի՞նչ պատահեց այս մարդուն.- զարմացավ Վեստան ու գնաց հագնվելու:
Քիչ հետո նա արդեն պատրաստ էր: Նրանք միասին դուրս եկան:

4
Աննա

Գնացքը մոտենում էր քաղաքին: Աննան կարծես լսում էր խանգարող աղմուկը: Նա չեր սիրում քաղաքը, մեքենաների ձայներն ու մարդկանց բազմությունները: Այդ պատճառով հաճախակի մեկնում էր գյուղ ու որոշ ժամանակ հանգստանում էր քաղաքի հոգնեցնող աղմուկից:
Ինչո՞ւ կանգնեց մանկության գնացքը. Մտածում էր նա և ինքն իրեն պատասխանում. Ավա՜ղ, բոլոր գնացքներն էլ մի օր կանգ են առնում: Հիշելով մանկության մասին ասես էլ չէր ուզում ապրել ու տխրությամբ նայում էր իր այժմյա կյանքին ու տեսնում, որ համեմատելու եզրեր էլ չկան: Գյուղից դուրս գալուց, ինքն իրեն խոսք էր տվել` գնալ այնտե՛ղ, որտեղ դեռ ինչ-որ բան մնացել է իր մանկությունից: Ամբողջ ճանապարհին միայն այդ մտքով էր զբաղված: Սիրտը թրթռում էր: Ուրախությունից ուզում էր ճախրել:
Այո՛, լինում են պահեր, երբ սիրտը մարդուց մեծ է լինում ու կարծես ստիպում է նրան թռչել հեռու, գրկել օվկիանոսը, սիրել առյուծին և էլի էսպիսի շատ տարօրինակ բաներ: Աննան գիտեր, որ օվկիանոսը գրկել չի կարող, բայց իր այցելությունը գոնե կարող է իրագործել:
Գնացքը հասավ կայարան: Ուղևորները դուրս եկան: Եղանակը հրաշալի էր: Աննան սովորաբար այսպիսի եղանակներին զվարճալի էր անվանում` Թեթև քամին ու չկիզող արևը նրան միշտ զվարթություն էին պարգևում: Կատակելու տրամադրություն ուներ, սակայն չգիտեր ում հետ կատակի: Ստիպված իր մտքում մի քանի հումոր ձևակերպեց ու դա օգնեց ամուր դաջել դեմքին իրեն հատուկ սքանչելի ժպիտը:
Կայարանից դուրս եկավ ու նկատեց մոտակա տաքսիներից մեկը:
Աննան ճանապարհ ընկավ: Նա նույնիսկ հոգնածություն չէր զգում: Նրան պարուրած միտքը չափազանց հանգստաբեր էր:

Տարոն Գլակ

Տարոն Գլակ - Ընկերության Ոգին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *