Վտանգավոր թաղամասը
Վտանգավոր թաղամասը

Վտանգավոր թաղամասը

Վտանգավոր թաղամասը
Մաս 2 - րդ
1

Բոլոր քաղաքներում էլ արվարձանները բոլորովին այլ հմայք ունեն: Ծայրամասերում պահպանվում է այն՝ ինչը օր օրի վերանում է քաղաքի սրտում: Շուկան սովորական աղմուկի մեջ էր: Ճարպիկ մի գող գողացել էր չաղլիկ կնոջ պայուսակը ու բոլորը փնտրում էին այդ ավազակին: Բայց արդեն կես ժամ էր ոչ ոք չէր կարողանում գտնել նրան: Նշանակում է՝ էլ չեն գտնի:
Շուկայից փոքր ինչ հեռու տարածվում էր վտանգավոր թաղամասը: Էդպես էին կոչում քանի որ բնակիչների մեծամասնությունը նախկին բանտարկյալներ էին: Թեպետ, որ ճիշտն ասենք թաղամասը վաղուց արդեն այսպես ասած բնաշրջման էր ենթարկվել: Բանտարկյալներն անցյալ դարին էին պատկանում, հիմա այստեղ նրանց ժառանգներն էին ապրում և հուրախություն ողջ մարդկությանը՝ նրանցից շատ քչերն էին ճաղերից այն կողմ հայտնվել: Բայց դա էական չէ, կարևորն այն է, որ անունը չէր փոխվել. Վտանգավոր թաղամասը շարունակում էր համարվել վտանգավոր թաղամաս:
Թաղամասից այն կողմ իր ողջ շքեղությամբ հոսում էր վճիտ գետակը: Ափին կար մի լքված տուն, որը կառուցվել էր մոտավորապես 19 րդ դարում: Հավանաբար որսորդական տնակ է եղել: Իհարկե այդ ժամանակ ոչ շուկան է եղել, ոչ էլ վտանգավոր թաղամասը: Նկատելի էր, որ տունն այժմ մի փոքր ձևափոխված էր և դա արել էին մի քանի ընկերներ, ովքեր մանկության տարիներին հավաքվում էին այդ տնակում, վախենալու պատմություններ պատմում միմյանց, իրենց հորինած խաղերը խաղում, ու երբեմն միասին գիշերում այնտեղ: Տնակի շուրջը կային ծառեր, իսկ նրանց վրա փորագրված էին մի քանի անուններ: Գետի այդ ափին ամենուր կարելի էր տեսնել մանուկների այդ անբաժան խմբի հետքերը:
Ամեն ինչից ակնհայտ էր , որ այս վայրը վաղուց ի վեր ոչ ոքի չէր ընդունել: Տունը փոշոտ էր ու պատված սարդոստայններով: Ծառերը չափից դուրս վայրիացել էին ու բազմաթիվ թփեր անբռնազբոս կերպով տարածվել: Կարճ ասած՝ այս ամենը ստեղծում էր ջունգլիներից մի պատկեր: Տարօրինակ էր, սակայն քամու մշտական առկայությունը: Քամին երբեք չէր դադարում: Սա նման չէր քաղաքի սովորական քամուն, որը մեկ մեղմ է, մեկ կատաղի, երբեմն գրեթե բացակայում է: Այստեղ, այս չակերտավոր քամին անդադար պտտվում էր` երբեմն մոլեգին թափով, երբեմն էլ տեղում կարծես անհանգիստ շարժումներ էր անում: Վտանգավոր թաղամասի բնակիչները վախենում էին այս վայրից, ահա թե ինչու՝ վաղուց այստեղ ոչ ոք չէր եղել:

2

Եղել էին մարդիկ, ովքեր փորձել էին մուտք գործել տնակ, սակայն քամին ահագնացել էր ու թույլ չէր տվել որևէ մեկին մոտենալ: Այս վայրի հետ կապված լեգենդներն անպակաս էին:
Ի տարբերություն մարդկանց, որոնց տնակ հասնելու փորձերն անհաջողության էին մատնվել, Ժանն ու Վեստան առանց որևէ խոչընդոտի մոտեցան տնակին: Ժանը մեքենան կայանել էր տնակից բավական հեռու, քանի որ ծառերը խանգարում էին ավելի մոտենալու համար: Դեպի տնակ տանող ճանապարհը նրանց երկուսին էլ քաջածանոթ էր: Վեստան մի դեպք հիշեց.
-Հիշո՞ւմ ես Ժան, հենց այս ծառի կողքով վազելիս Արին ընկավ: Նա և Աննան իրենց ուժերը վազքի մեջ էին փորձում: (Ընկերներն Արիստարխին կոչում էին Արի):
-Ո՞նց չեմ հիշում, դու արյունից վախեցել էիր, իսկ մենք ծիծաղում էինք: Արին ընդհանրապես կատաղել էր: Այնպես էր կատաղել, որ ցավն այլևս չէր զգում: Զայրացել էր մեր ուրախ դեմքերը տեսնելով: Տեսնես որտե՞ղ է հիմա նա: Կարոտել եմ այդ լուրջ դեմքին: Հապա Վելոռը, տեսնես նա ինչո՞վ է զբաղված: Երևի մինչև հիմա չի փոխել իր երազկոտ ու պոետիկ բնավորությունը: Հիշո՞ւմ ես ամբողջ օրը բնությունն էր գովերգում, երբեմն լուռ նստում էր ու ոչինչ չէր ասում: Երբեմն էլ այնքան աշխուժություն կար նրա մեջ, որ ետևից հասնելն անհնար էր: Չեմ հավատում, որ նա փոխված լինի: Նման մարդիկ չեն փոխվում:
- Այնպես կուզեի տեսնել նրանց: Ո՜հ, աչքերիս չեմ հավատում, Արի՜, էս ո՞ր քամին քեզ էստեղ նետեց:
Ժանն անզուսպ երջանկությամբ նայեց ծառերի կողմը ու գոչեց. – Էս ո՞ր սրիկան է մեզ հյուր եկել:
Արիստարխը անակնկալի գալով ուրախությամբ պատասխանեց.- Ձեր սրիկան է եկել, ձեր սրիկա՜ն: Ես երա՞զ եմ տեսնում, թե՞ դուք իրոք իրական եք սիրահարներ:
-Վաղուց այդ բառը չէի լսել Արի.- հուզված արձագանքեց Վեստան.-Միայն դու էիր մեզ այդպես կոչում: Այո՛, մենք իրական ենք ու փառք աստծո դու էլ ես իրական:

3

Հին ընկերները ողջագուրվեցին: Կարոտը ջրվեժի պես թափվում էր: Քամին, որը ոչ ոքի չէր թողնում մոտենալ տնակին՝ զարմանալիորեն մեղմացել էր ու պտտվում էր երեք ընկերների շուրջը` կարծես ինքն էլ գրկեր նրանց ու ասեր. Կարոտել եմ սիրելիներս, կարոտել…
- Ասես 20 տարի այս վայրը մարդ տեսած չլինի .-նկատեց Արին.- բայց ինչպե՞ս կարող էր դա պատահել. սա տարածքում ամենագեղեցիկ հատվածն է: Այստեղ շատերը կերազեին հայտնվել:
Նրանք մտան տնակ:
- Ինչպես թողել ենք, այնպես էլ պահպանվել է: Մի՞թե ոչ ոք չի եղել այստեղ: Գլխումս չի տեղավորվում այդ միտքը:
Խոնավությունից տնակի քարերը մամռոտել էին, իսկ փայտե տանիքը ժամանակի ընթացքում գրեթե ամբողջովին փտել: Տնակն ուներ ընդամենը մեկ պատուհան, որտեղից տեսանելի էր գետակը: Իհարկե ապակին վաղուց փշուր-փշուր էր եղել:
Մանկության տարիներին ընկերները կոտրված ապակու փոխարեն փայտեր էին մեխել, սակայն հասկանալով, որ փակում են սքանչելի տեսարանը. գտել էին ինչ – որ բաց կանաչ կտոր, որը չափազանց թափանցիկ էր և որի շնորհիվ առանց այն էլ կախարդական գետակը ավելի մոգական էր դարձել: Կտորն արդեն նախկին գեղեցկությունը չուներ, որովհետև այն բացակայում էր:
Կար մի փայտե բազմոց, որը նույնպես ընկերներն էին պատրաստել: Դա Վելոռի մտքի փայլատակումն էր, նա սիրում էր փայտի հետ աշխատել, իսկ ընկերները նրան օգնեցին այդ հարցում և արժանիորեն, համատեղ ուժերով ստացան բավական գեղեցիկ կահույք:
Բուխարին ևս շատ հին էր, սակայն դեռևս օգտագործման ենթակա:
-Լսեք, որտեղի՞ց է այս քամին փչում, երբեմն ինձ թվում է, թե նա մեզ հետևում է.- փոքր ինչ անհանգստացած դժգոհեց Վեստան:

4

Տնակի դուռը բացվեց: Աննան ներս մտավ ու ապշահար աչքերով նայեց իր երեք ընկերներին: Շատ տարիներ էին անցել, բայց նա չէր կարող նրանց չճանաչել.- Չարաճճինե՜ր, ի՞նչ եք այստեղ անում: Այս խոսքերն ասելով և ուրախության ճիչեր արձակելով Աննան բոլորին մեկ առ մեկ համբուրեց: Արիի հետ ավելի երկար մնաց գրկախառնված:
-Իմ անսիրտ գինեգործ, ամեն ինչ կսպասեի, բայց որ քեզ կտեսնեմ այստեղ, այ դա անհավատալի է: Ինչպե՞ս եք, միասի՞ն եք եկել:
Արին ժպիտը դեմքին պատասխանեց.- Պատկերացրու, որ իմ սիրտն էլ քարացած չէ: Չգիտեմ էլ ինչ կատարվեց հետս, անպայման ցանկանում էի գալ մեր մանկության վայրը ու վերհիշել անցած- գնացածը: Միասին չենք եկել, ես էլ զարմացա տեսնելով Ժանին ու Վեստային: Այնպես է ստացվել, որ բոլորիս սրտերն էլ նույն կերպ են բաբախել, հրաշալի՞ է չէ:
-Այ, եթե Վելոռն էլ գար իրոք կատարյալ կլիներ այս օրը.- ավելացրեց Ժանը:
Եվ այդ պահին դուռը բացվեց ու երևաց Վելոռի պայծառ դեմքը:
- Շան անունը տուր, փայտը առ ձեռքդ.- աղաղակեց Աննան:
-Այսպես ուրեմն, եկած-չեկած արդեն շան տե՞ղ եք դնում: Մի՞թե ես դրան էի արժանի ուրացող առնետներ.- խորապես վիրավորվածի կերպարանք ընդունելով խոսեց Վելոռը:
-Ասում էի չէ, որ նա չի փոխվի, սրա նմանները երբեք չեն փոխվում.- գոչեց Ժանը:
Եվ նորից ընկերները արդեն լիարժեք կազմով ողջագուրվեցին ու նստեցին բազմոցին:

Տարոն Գլակ
Տարոն Գլակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *