Վահագն Դավթյան – « Արարչություն »
Վահագն Դավթյան – « Արարչություն »

Վահագն Դավթյան – « Արարչություն »

Հասնում, 
Չէր հասնում,
Հասնում,
Չէր հասնում,
Չէ՛ր հասնում նրան…

Արարչություն

Ա
…Եվ դրախտ չեղավ աշխարհի վրա:
Ցուրտ հողմեր եղան,
Ու թախիծ եղավ քարանձավային:

Անծանոթ ու սև գազանի նման
Գիշերը եկավ,
Թաթերը դրեց անձավի քարին
Եվ հողմերի մեջ
Ու հողմերի հետ
Տխրորեն ոռնաց:
Եվ հողմերի մեջ
Ու հողմերի հետ
Հողմասուն ու սև գայլեր ոռնացին,
Եվ գայլերի հետ
Ոռնաց մարդկային թախիծը վայրի:
Եվ սարսուռի մեջ իր ցուրտ քարայրի
Նա ուզեց հանկարծ
Ու սաստիկ ուզեց,
Որ շողեր կաթեն
Հողին ու քարին,
Ծլվլոց կաթի
Հավքերի լեզվից,
Ու տերևներից՝
Մանանա ու ցող…

Եվ հողմերի տակ բիրտ ու ոռնացող,
Երբ ծանր ու մթին կոպերը փակեց,
Շող էր կաթկթում
Հողին ու քարին,
Եվ մանանա էր
Ծառերից կաթում,
Ու կաթում էր ցող:

Քնից վեր թռած,
Նա ուզեց բռնել լույսն այդ հեռացող,
Բայց ափերի մեջ պարապը մնաց:

Ու նա տեսիլքի ետևից գնաց:

Եվ եղավ երազ:

Երեկո եղավ,
Եղավ վաղորդայն,
Եվ դա օրերի օրն էր առաջին:

Բ
Եվ եղավ երազ…
Ու երազի հետ
Նաև մենության թախիծը եղավ,
Եղավ ծարավը ինքնաբաշխումի,
Թեկուզ դեռ նրանք չունեին անուն:
Եվ մարդը տեսավ,
Որ իր կրծքի տակ
Ինչ-որ մի բան է
Հանկարծ խենթանում,
Երբ գալիս է նա…

Իսկ նա՜…
Աղջիկ էր նա սովորական,
Անգամ ամենից գեղեցիկը չէր
Եվ մինչև անգամ
Նենգ էր նա մի քիչ…

Բայց ուրիշ էին աչքերը նրա,
Մեջքի բեկումը
Ու քայլքը՝ ուրիշ:
Թրթռում էին ստինքներն առույգ,
Եվ կոնքերը կոր
Մայրության զորեղ աղերսն ունեին:

Ու երբ ժայռից ժայռ
Սլանում էր նա
Գեղեցիկ ու մերկ,
Սլանում էր նա
Գեղեցիկ ու նենգ,
Մարդը հևիհև հասավ ետևից,
Գլուխը նրա առավ իր զորեղ
Զույգ ափերի մեջ,
Ասաց.
-Ի՛մն ես դու…

Աղջկա զնգուն ծիծաղը եղավ,
Որ նենգ էր մի քիչ:

Եվ հետո նորից
Սլանում էր նա ժայռերի միջով,
Սլանում էր նա
Գեղեցիկ ու մերկ,
Սլանում էր նա
Գեղեցիկ ու նենգ…
Մարդը վազում ու չէր հասնում նրան,
Հասնում
Չէր հասնում,
Հասնում,
Չէր հասնում…

Չէ՜ր հասնում նրան…

Եվ եղավ սերը…

Երեկո եղավ,
Եղավ վաղորդայն,
Եվ օրն էր երկրորդ:

Գ

Եվ եղավ սերը…
Եվ այդ սիրո հետ
Սրտի մեջ եղավ այնպիսի մի բան,
Որ նման էր շատ
Ժանիքի թողած մխացող վերքին:

Եվ նա չիմացավ,
Թե ինչ է ուզում,
Իմացավ սակայն,
Որ ինչ ուզում է, աշխարհում չկա:

Իմացավ սակայն,
Որ ինքն ուզում է այնպիսի մի բան,
Որի մեջ տխուր անձրևը շողար,
Լիներ արեգակ,
Ու խոտը բուրեր…
Այնպիսի մի բան,
Որ պատառոտված իր շրթունքների
Համը ունենար
Եվ սակայն նաև գեղեցիկ լիներ,
Ինչպես արցունքը,
Ինչպես նժույգը
Եվ ինչպես շանթը…

Հետո չիմացավ,
Սրտի մե՞ջ էր դա,
Թե՞ շրթունքներին,
Որ շողաց,
Դողաց
Անծանոթ մի բան:
Որ շողաց
Դողաց,
Զրնգաց ինչպես ջրվեժը՝
Վայրի,
Թրթռաց ինչպես տերևը՝
Թեթև,
Եվ տեղաց ինչպես անձրևը՝
Տխո՜ւր…

Եվ եղավ երգը…
Երեկո եղավ
Եղավ վաղորդայն,
Եվ օրն էր երրորդ:

Եվ եղավ երգը…
Ու երգն էր բարի…
Ու երբ աշխարհին
Ծանրացավ նորից թևը խավարի,
Այդ ե՜րգն էր բարի,
Որ հանկարծ մարդու ձեռքում կարծրացավ
Ու փոխվեց մի զույգ
Զրնգուն քարի:

Ու ե՜րգն էր բարի,
Որ իրար զարկեց
Զնգուն բեկորներն այդ որձաքարի,
Եվ խավարի մեջ բռնկվեց հանկարծ
Ինքը՝ սկիզբը,
Ինքը՝ մաքուրը,
Եվ գեղեցիկը…

Բոցերը խարտյաշ աղջիկների պես
Նախ ելան ոտի
Ու երբ պատի մեջ տաքացան լրիվ,
Իրենց ուսերից
Նետեցին ծխի սև մորթիները
Եվ սկսեցին մերկանդամ պարել…

Եվ կարմիր՝ նման արևածագի,
Եվ բոսոր՝ ինչպես ծաղիկը նռան,
Եվ դեղին՝ ինչպես աշնան բռնկում,
Խենթացավ անվերջ
Ինքը՝ սկիզբը,
Ինքը՝ ըմբոստը,
Ինքը՝ ազատը…

Եվ բոցերի մեջ կապույտ կար այնքան…
Ու մարդուն թվաց,
Որ եթե ձեռքը բոցերին պարզի,
Կարող է քաղել
Մով մանուշակներ,
Երազ ու երկինք…

Եվ եղավ կրակ…

Երեկո եղավ,
Եղավ վաղորդայն,
Եվ օրն էր չորրորդ:

Դ

Եվ եղավ կրակ…
Բայց մարդը տեսավ,
Որ ահա կրկին աշխարհի վրա
Դառնությունն է շատ,
Քաղցրությունը՝ քիչ:

Ու տեսավ նաև, որ հողն է բարի,
Եվ արեգակն է միայն ամոքիչ:

Եվ ուզեց քամել
Եվ ըմպել ուզեց
Հուրն արեգական
Եվ հյութը հողի….

Եվ նա իր աղի, լեղի քրտինքով
Ոռոգեց առատ որթը խաղողի,
Որ մոտիկ լինեն
Ճյուղերն արևին,
Եվ խորունկ լինի
Արմատը հողում…

Լցվեց, ծանրացավ
Ողկույզը շողուն:

Եվ ողկույզի մեջ
Թախիծն էր հողի,
Եվ ողկույզի մեջ՝
Լույս արեգական,
Եվ ողկույզի մեջ՝
Մի ալ խենթություն,
Եվ ողկույզի մեջ՝
Դառնություն ու թույն…

Եվ քաղցր եղավ ըմպումը նրա,
Եվ բարձր եղավ խենթությունը խոլ
Եվ արթնացումը՝
Դառն ու անքնին…

Եվ եղավ գինի…

Երեկո եղավ,
Եղավ վաղորդայն,
Օրն էր հինգերորդ:

Ե


Եվ եղավ գինին…
Ու մարդն արարիչ,
Երբ այդ ամենը արարեց այդպես,
Զարմանքով տեսավ,
Որ անաստված է աշխարհը դարձյալ…

Որ հողմ է դարձյալ,
Թախիծ է ու վերք:
Եվ կոպիտ ձեռքով
Նա իր երազից ծվեններ առավ,
Գումարեց սիրո լույսին ու ցավին,
Գումարեց երգին,
Կրակին,
Գինուն
Ու աշխարհ բերեց անհուն մի ոգի:

Եվ ապա ասաց.
-Հարկ է, որ սրան
Իմ նմանությունն ու պատկերը տամ,
Որ իմ եղբայրը լինի զորավոր,
Հավա՛տը,
Սե՛րը…
Ու երբ որ կանչեմ,
Լսի ինձ ու գա…
Եվ մարդը, իրավ,
Իր նմանությունն
Ու իր պատկերը տվեց այդ ոգուն,
Պարուրեց լույսով,
Հանեց ամպերից,
Աստղերից էլ վեր
Եվ կոչեց Աստված…

Եվ եղավ Աստված…

Երեկո եղավ,
Եղավ վաղորդայն,
Օրն էր վեցերորդ:

Զ

Եվ եղավ Աստված…

Բայց յոթերորդ օրն աշխարհի վրա
Չեղավ կիրակի,
Ցուրտ հողմեր եղան
Ու թախիծ եղավ քարանձավային:

Անծանոթ մի սև գազանի նման
Գիշերը եկավ,
Թաթերը դրեց անձավի քարին
Եվ հողմերի մեջ
Ու հողմերի հետ
Տխրորեն ոռնաց:

Մարդը ձայն տվեց,
Կանչեց Աստծուն,
Բայց Աստված սուզված
Ամպերի ճերմակ երանության մեջ,
Չլսեց նրան:
Մարդը աղոթեց:
Ոգեց,
Աղերսեց,
Բայց Աստված չեկավ:

Եվ սարսուռի մեջ իր ցուրտ քարայրի
Նա ուզեց դարձյալ
Եվ սաստիկ ուզեց,
Որ շողեր կաթեն
Հողին ու քարին,
Ծլվլոց կաթի
Հավքերի լեզվից,
Ու տերևներից՝
Մանանա ու ցող…

Եվ հողմերի տակ՝ բիրտ ու ոռնացող,
Երբ ծանր ու մթին կոպերը փակեց,
Շող էր կաթկթում
Հողին ու քարին,
Եվ մանանա էր
Ծառերից կաթում,
Եվ կաթում էր ցող…

Նա ուզեց բռնել
Լույսն այդ հեռացող,
Բայց ափերի մեջ պարապը մնաց:
Եվ նա
Երազի ետևից գնաց…

Երեկո եղավ,
Եղավ վաղորդայն,
Եվ եղավ հոգնած հավիտենություն…

1970 թ. Վահագն Դավթյան

Վահագն Դավթյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *