Բարձր է հընուց աշխարհըն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ —
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարե դար։
Հ․ Թումանյան
Թումանյանի նախորդ քառյակի վերլուծությունն ու դրա բուռն արձագանքները ստիպեցին, որ՝ հարյուրավոր ընթերցողների խնդրանք-պահանջով, շարունակեմ ներկայացնել Թումանյանի Քառյակներն իմ ընկալմամբ։ Անսալով վերոնշյալ խնդրանք-պահանջներին, այս անգամ կփորձեմ ներկայացնել ևս մեկ քառյակի վերլուծություն։ Ահա այն․ Բարձր է հընուց աշխարհըն Հայոց ու Մասիսը երկնադետ. Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ — Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար, Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարե դար։ Հ․ Թումանյան 1․ Ի՞նչ եմ հասկանում ես՝ այս քառյակի առաջին տողը կարդալով․ Էն, որ և՛ Հայկական Լեռնաշխարհը և Մասիսը աշխարհագրորեն բարձր դիրք ունեն, դա հանրահայտ է։ Արդյո՞ք միայն աշխարհագրական բարձրության մասին է խոսքը։ Իմ համոզմամբ՝ ոչ։ Բայց մինչև պարզաբանումը մի դիտարկում․ Թումանյանն ասում է <<Աշխարհն Հայոց>>՝ շեշտելով, որ խոսքը Հայոց բնական ու Արարչատուր հայրենիքի մասին է, որն ընդգրկում է Ամբողջ հայկական Լեռնաշխարհը։ Հետևապես Թումանյանը Տերն է իր Բնական Հայրենիքի ու դրա Վերադարձի Քարոզիչը։ Հիմա դառնանք <<Աշխարհըն Հայոցի>> ո՛չ թե աշխարհագրական, այլ Քաղաքակրթական բարձրությանը։ Դեռ հնագույն՝ Աշխարհարարման ու Մարդարարման առաջին տեքստերից մեզ հայտնի է, որ Հայկական Լեռնաշխարհում է Արարվել բանական մարդը և <<աստվածների զայրույթից փրկվել է>> դարձյալ Հայկական Լեռնաշխարհում։ Նույն հնագույն տեքստերից մեզ հայտնի է, որ միայն Հայկական Լեռնաշխարհին են տրվել այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են << Սրբազան Օրենքների Երկիր>>, <<Աստվածների Նստավայր>>, <<Մարդարարման Վայր>>, <<Մարդու Փրկության Վայր>>, <<Վայր, որտեղ գտնվում է անմահության Ծաղիկը կամ Խնձորը>>, <<Վայր, որտեղից ծագել և տարածվել են Լեզուն, Գիրը, Տոմարը, Երկրագործությունը, Անասնապահությունը>> և այլ քաղաքակրթական արժեքներ։ Աստվածաշնչյան Նոյը և նրա բոլոր նախատիպերը՝ Զիասուտրան, Քսիսուտրան, Ատրախասիսը, Ութնապիշտիմը վերոնշյալի հաստատումն են, քանզի բոլորն էլ Արարվելով այստեղ, ապա իջնելով Միջագետք, ջրհեղեղի ժամանակ իրենց իսկ Աստծուց հրաման ստանալով վերադարձան և իրենց փրկությունը գտան իրենց <<Հայրերի Երկիր>> հայկական լեռնաշխարհում։ Հնագույն քաքաքակրթությունների վերոնշյալ գաղափարը համաշխարհային փիլիսոփայության, գեղարվեստական գրականության ու իմացաբանական տեքստերի մեջ կարմիր թելի պես միշտ եղել է ու ձգվել մինչև մեր օրեր։ Բայրոնի հանրահռչակ պնդումը, թե <<Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է>>, Հեսսեի <<Քլինգզորի Վերջին Ամառը>>-ի հերոսը՝ <<Հայ Մոգը>>, որն էր եվրապական քաղաքակրթության լրող անկումային մարդու այլընտրանք, իբրև փրկություն, Ուելսի <<Խնձորը>>, որտեղ նույն սյուժեն է, ինչ Գիլգամեշինը՝ տարբերությամբ, որ Ուելսի մոտ շեշտադրումը ո՛չ թե Անմահության և Իմացության Ծաղիկ-Խնձորը տանել էր պետք, այլ արդեն իսկ տարածը հանձնել Տերերին, այսինքն Հայերին, քանզի, Ուելսի համոզմամբ, այդ իմացության կրողները ի սկզբանե Հայերն են և դրա հանձնումը այլ մեկին, նշանակում է դրա ոչնչացումը։ Շիլլերի <<Ոգետեսը>> և հարյուրավոր այլ տեքստեր վերոնշյալի կուռ հաստատումն են։ Հիմա դառնանք <<Երկնադետ Մասիսը>>-ին, որի <<բարձունքին>> Թումանյանի <<խոր հոգին խոսք է բացում Նրա հետ>>։ Նախ փաստենք, որ Նա Արարիչն էր, դրա համար էլ Թումանյանը հատուկ շեշտել է մեծատառով։ Այս միտքը պարզաբանելու համար էլի պիտի գնանք հնագույն քաղաքակրթություններ ու նրանց վերոնշյալ հերոսներին, որոնք բոլորն էլ՝ ջրհեղեղից փրկվելով Հայկական լեռնաշխարհում, Մասիսի վրայից խոսում էին Արարչի հետ և հարցնում՝ հետագայում <<Կյանքը կազմակերպելու>> մասին։ Նույն Ատրախասիսը, երբ տապանով իջավ Մասիսի վրա և <<Խոսք Բացեց Նրա հետ>>, հարցնելով թե <<հիմա ի՞նչ պիտի անեն>>, Նա՝ Արարիչը, վերևից ասաց․ <<Իջեք ներքև, սալիկների վրա կյանքը կազմակերպելու համար ամեն բան գրված է, գտեք, կարդացեք ու ըստ այդմ շարունակեք ապրել>>։ Նույն կերպ բոլոր հերոսներն էին Մասիսի վրայից <<Խոսք բացում Նրա հետ>>։ Էստեղ հարց կառաջանա, լավ, Թումանյանն ի՞նչ գործ ուներ Արարչության, վերոնշյալ հերոսների ու Նրա հետ խոսք բացելու հետ։ Պատասխանը, գոնե ինձ համար, ավելի քան պարզ է․ Եթե համաշխարհային պոեզիայի մեջ մենք հարյուրավոր մեծ բանաստեղծներ գիտենք, որոնք, մեղմ ասած, աչքի չեն ընկել համեստությամբ, օրինակ Մայակովսկին՝ իր << Եթե ես փոքր լինեի, ինչպես մեծ օվկիանոսը, Եթե ես համր լինեի, ինչպես Դանտեն կամ Պետրարկան>>-ով, Չարենցը՝ իր <<Պիտի վառվի դարերում, Պիտի մնա բարձր ու մեծ>>-ով, Բայրոնը՝ իր <<Փառասիրությունն իմ կուռքը դարձրած>>-ով և այլք, ապա Թումանյանը այդ բանն անում էր խիստ քողարկված․ Իր հայտնի ինքնաբնութագրից՝ <<Ամենայն Հայոց Բանաստեղծ>> ինքնակոչումից զատ, Թումանյանի ստեղծագործությունների մեջ միշտ կա՝ իրեն սեփական հայրենիքի հետ ասոցացման գաղափարը։ Սրա վառ օրինակն է <<Իմ դարդերի թայ սարեր>>-ը։ Սարերն ունեն նախաստեղծության, հավերժության ու Հայրենիքի կուռ վկաների խորհուրդ, հետևապես մեկ մարդու, ինչքան էլ նա լինի մեծ, դարդերը չեն կարող այդ սարերի նույնությունը լինել, եթե տվյալ Մեծ մարդը Թումանյանը չէ, որն իրեն Նույնացնում է իր Հայրենիքի հետ։ Հիմա դառնանք <<Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարեդար>>-ին։ Մեզ հասած Աշխարհարարման և Մարդարարման առաջին գրավոր տեքստում՝ <<Էնումա Էլիշ>>-ում, Աշխարհարարումը և Մարդարորումը նկարագրված են 7 կավե սալիկների վրա։ Այդ յոթ սալիկներից առաջին սալիկի առաջին տողերը հետևյալն է․ Երբ վերևներում ոչինչ կոչված չէր Եվ ներքևը դեռ անուն իսկ չուներ․․․ Ի՞նչ կնշանակի սա։ Մի պարզ բան․ Ցանկացած բան գոյություն չունի, քանի դեռ անուն տրված չէ, կամ անունը տրված է, բայց ընկալումը չկա։ Սոսյուրը այս մասով կասեր <<Եթե ցուցանակին գրված է <<ԳԻնետուն>> բայց դրա ընկալողը չկա, ապա այն դադարում է գոյություն ունենալուց>>։ Բայց այստեղ գործ ունենք դեռ էն ժամանակների հետ, երբ առհասարակ ոչինչ չկար և նոր պիտի ստեղծվեր, հետևապես՝ պիտի անվանադրվեր, հակառակ պարագային՝ լինել չէր կարող։ <<Չկայի Չկան>> հենց այս մտքի փաստարկումն է։ Այստեղից եզրահանգում․ Թումանյանի <<Խոր Հոգին>>՝ իրեն նույնացնելով Հայկական Լեռնաշխարհի և Հայկականության հետ, որը, ինչպես վերևում փաստեցինք, քաղաքակրթության հիմքն է, հասնում է մինչև Արարչություն ու Մարդկային Քաղաքակրթության ամբողջական պարփակում։ Ինչպե՞ս հասկանալ <<Անվախճանի Վախճանը>>։ Փորձենք պարզաբանել․ Ըստ գիտական որոշ փաստարկների, մարդկությունը մի քանի անգամ հասել է իր քաղաքակրթության գագաթնակետին ու ոչնչացել։ Եթե զանց առնենք այս տեսությունն անգամ, ապա այս բառախաղով Թումանյանը փաստում է, որ ինքը՝ Հայի ու Հայկականության հավաքական դրսևորումը, ի սկզբանե եղել է, կա ու կլինի հար։ Իսկ եթե պիտի գա <<Անվախճանի Վախճանը>> ապա պիտի գա միայն իր վախճանի դեպքում։ Նույն Թումանյանի <<Գլխովը շա՜տ ամպեր կանցնեն, Սարը միշտ կա անսասան>>-ը վերում ասվածի հաստատումն է։ Այս միտքը, մեկ այլ կերպ կփաստարկեր նաև Շիրազը․ <<Մի Հայ էլ մնա, Լուսնի էլ վրա, Հայը կհառնի սուրբ սերմից նրա>>։ Հետևություն․ Այս տողն այլ բանի հաստաոտւմը չէ, քան այն գաղափարի, որ քանի դեռ Հայը կա, կլինեն աշխարհն ու մարդկային քաղաքկրթությունը, չի՞ լինի Հայը՝ չեն լինի և Աշխարհն ու Մարդկային քաղաքակրթությունը։ Ամփոփում․ Այս քառյակի մեր սեփական ու խիստ սուբյեկտիվ ընկալումը ևս մեկ անգամ փաստում է, որ Թումանյանը, ինչպես աշխարհի բոլոր մեծ բանաստեղծները նախ և առաջ Մտավոր Սնունդ են մատակարարում մեզ, հետո նոր միայն հոգևոր։ Արվեստը բացառապես հոգևոր սնունդ ներկայացնելն ու այդպես ընկալելը մեծագույն ոճրագործություն է արվեստի հանդեպ։ Այս քառյակը ևս մեկ անգամ փաստում է, որ Թումանյանի իրական մեծությունը կայանում է մի Քառյակի մեջ մեր ու ամբողջ աշխարհի մասին իմացաբանական այնպիսի նյութի խտացում, որը վերևում նշեցինք։ Հաշվի առնելով մեր գրականագիտական մտքի տաբուները, արգելապատնեշները, երբեմն կենացի մակարդակից չանցնող <<խորքային վերլուծությունները>>, կարծում եմ՝ Թումանյանի մասով իմ այս ընկալումը կարող է վիճելի լինել, ուստի՝ բաց եմ ցանկացած առողջ քննարկման ու քննադատության առաջ, որին և սիրով կսպասեմ։ Հ․գ․ Մեր օրերում մոլի պայքար է տարվում Մասիսի և Մասիսապաշտության դեմ, հաճախ այդ մոլի պայքարին լծվում են նաև <<Թումանայանապաշտները>>, չհասկանալով, որ Մասիսը՝ դեռ նախաստեղծման օրից, <<Երբ չկան էլ դեռ չկար>> եղել է ո՛չ միայն մեր, այլ հանուր մարդկության գոյության առհավատչյան, և հրաժարվելով նրանից, հաստատում ենք <<Անվախճանի Վախճանը>>։ Ուստի շատ կուզեի, այս նյութը որևէ կերպ օգներ թե վերոնշյալ <<Անվախճանի Վախճանը>> դավանողներին, թե երիտասարդ գրողներին և թե ընթերցողներին առհասարակ։