Չքացել է «մենքը» , մնացել է մի «Ես»,
Ես չգիտեմ՝ որն է սարսափելին,
Քո աչքերի փայլը հոգիս հիշում է դեռ,
Բայց ինչո՞ւ է թվում անտանելի:
Ես հանգերից հոգնել ու երկրին եմ նայում.
Այստեղ չկա ոչինչ զարմանալի,
Վաճառքի են հանել ով ինչ ուներ կյանքում.
Գուցե դա՞ է թվում անտանելի:
Սակայն մի՞թե կույր են «սրբերը» եղկելի,
Մի՞թե սուտ են բաղձանքները հոգու,
Մի՞թե խոսքն է դարձել փաստաթուղթը սրտի
(Ու չկա էլ ոչինչ հաստատելու) :
Ես չգիտեմ՝ ոնց ես դու աշխարհին նայում,
Ու չգիտեմ՝ որն է անտանելին,
Ինձ թվում է՝ հիմա իմ թափորն է գնում
Եվ հենց դա է գուցե սարսափելին:
Տարոն Գլակ 2018 թ.

Տարոն Գլակի «Ես չգիտեմ» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 2020 թ.-ին լույս տեսած «Պատերազմում» բանաստեղծական ժողովածուում։ Այն անդրադարձ է մարդու ներաշխարհին, «մենք»-ի կորստի ցավին, ժամանակի բարոյական մարտահրավերներին և ճշմարտության որոնմանը՝ միախառնելով անձնական ապրումն ու խոհափիլիսոփայական հայացքը։
«Պատերազմում» բանաստեղծական ժողովածուն լույս է տեսել 2020 թ.-ին «Վան Արյան» հրատարակչության կողմից։
Կարող ես կարդալ նաև Տարոն Գլակի « Եվ իսկապես » խորագիրը կրող բանաստեղծությունը :