Մի օր ինձ կհիշես, ինձ ո՞վ է մոռանում,
Մի տեղ իմ կարոտը ու կարիքը կզգաս,
Ու կտեսնես, որ անցյալը չի մահանում,
Չի վերջանում ու չի խմվում սուրճի նման:
Զարմանալի բան է՝ գետերն են ցամաքում,
Իմ եռանդը նույնպես կանհետանա, կանցնի,
Ու կտեսնեմ, որ աշխարհը չի մեծանում,
Իսկ ինձ մնաց արդեն մի կիսատված տարի:
Մի օր ինձ կհիշես, ինձ ո՞վ է մոռանում,
Ես կատարյալ մարդու հանդերձանքն եմ փնտրել,
Ոչ թե մարմնի համար, այլ իմ ներսի, հոգու,
Որ հավատամ կյանքին, չդադարեմ ապրել:
Եվ հասել եմ գուցե այդ կատարյալ մարդուն,
Բայց այդ գուցեն հոգիս պղտորում է անվերջ,
Եվ այդ գուցեն իր մեջ շարժումներ է պահում,
Որ մի ձեռքով պիտի այս աշխարհը փոխեր:
Բոլոր աստվածներն էլ ունեն մի թերություն,
Կատարյալ են նրանք ու նման չեն մարդկանց,
Սրանից է հոգիս. մարդիկ նույնն են մնում,
Քանզի աստվածները թույլ են ու միայնակ:
Մի օր ինձ կհիշես, ինձ ո՞վ է մոռանում,
Եվ որտե՞ղ են լսում էլ էսպիսի խոսքեր,
Զարմանալի բան է՝ գետերն են ցամաքում,
Ջուրը իմ տարերքն է, ես ո՞նց պիտի ապրեմ:
Տկար է մարմինս, հոգուս չի դիմանում,
Ոչ ոք չի հասկանում հիմա բանաստեղծին,
Բոլորն էլ գիտուն են , խելքից չեն դժգոհում,
Խոսում են թե հոգուց ու թե գիտությունից:
Սակայն նրանց հոգին մնում է միշտ տեղում
Ու մարմինը երբեք չի թուլանում դողից,
Տկար է մարմինս, հոգուս չի դիմանում,
Ոչ ոք չի հասկանում հիմա բանաստեղծին:
Տարոն Գլակ 2016 թ.

Լսի՛ր նաև Տարոն Գլակի « Ճշմարիտը կասեմ … » բանաստեղծությունը :