Մեր ուտող-խմող «դերասաններ»-ը
Մեր ուտող-խմող «դերասաններ»-ը

Մեր ուտող-խմող «դերասաններ»-ը

Տարիներ առաջ ուզում էի մի ցավալի երևույթի մասին խոսել, բայց փոշմանեցի՝ կարծելով, որ անիմաստ է և, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։ Հիմա էլ նույն կարծիքին եմ, բայց երևույթն այնքան տգեղ է ու զզվելի, որ պետք է գրեմ։

Այն, ինչ կատարվում է հայկական սիթքոմներում, բարբարոսություն է արվեստի և այդ արվեստը կրող դերասանի նկատմամբ։ Տարվա մեջ երևի մի երկու օր է լինում, որ որոշում եմ որևէ նման նախագիծ դիտել, այն էլ՝ այսօրվա երիտասարդությանը, նրա նախասիրությունները կամ դրանց ակունքը հասկանալու համար, քանի որ այդ սիթքոմները, ցավալիորեն, այսօր ճաշակ են ձևավորում։

Ցածրորակ հումոր, կերպարներ, որոնք ինձ մոտ ծիծաղ չեն հարուցում, պարզունակ սցենար… Սակայն ասելիքս սրա մասին չէ, այլ՝ այն գովազդների, որոնք ներխուժել են տվյալ սիթքոմների մեջ և պարզապես բռնաբարում են արվեստը։

Պատկերացրե՛ք՝ դերասանն իր դերը թողած՝ մեկ էլ հանկարծ սկսում է արևածաղիկ չրթել ու մի երկու նախադասություն ասել դրա մասին։ Նույն կերպ դերասանը խոսում է ադիբուդիների, տարատեսակ ձողիկների, սուրճի տեսակների, խորոված-քյաբաբ պատվիրելու, ուտելու և այլ այսպիսի բաների մասին։

Եթե հաշվենք, թե քանի րոպե է բուն ֆիլմի ներսում տևում այս գովազդային արշավը, կհասկանանք, թե որքան քիչ ժամանակ է մնում ֆիլմին։ Որևէ այլ երկրում ես նման վերաբերմունք չեմ տեսել։

Կարելի է, ասենք, նույն այդ ձողիկը դնել սեղանին և տեսախցիկով անցնել վրայով՝ որպես գովազդ։ Սա դեռ ոչինչ, բայց ինչո՞ւ է պարտադիր դերասանին կտրել իր կերպարից և անվերջ խոսեցնել այդ ապրանքների մասին։ Ստացվում է, որ ֆիլմն ուտելու մասին է․ դերասաններն անվերջ ինչ-որ բան ծամում են։

Չգիտեմ՝ ինչ որակում տամ այս երևույթին, որ մեղմ լինի։ Ի՞նչ հասարակություն եք դաստիարակում այսպես։

Այս երևույթը թափանցեց նաև քաղաքականություն, և հայտնի քաղաքական գործիչը սկսեց տեսախցիկների առջև ինչ ասես ծամել։ Վատ չէ, երբ քաղաքական գործիչը կամ որևէ այլ հեղինակավոր մարդ մի կտոր հաց է կիսում քաղաքացիների հետ։ Սա իրականում շատ դրական ու մարդկային երևույթ է, բայց ինչո՞ւ՝ տեսախցիկների առջև։ Մի՞թե չի կարելի չնկարել ուտելու գործընթացը։ Առանց տեսախցիկների նույնիսկ զրույցի բովանդակությունը կարող է շահել։

Կարծում եմ՝ հենց իրենք՝ դերասանները, պետք է արժևորեն իրենց աշխատանքը և հարգանք պահանջեն իրենց արվեստի նկատմամբ։ Դրանից գովազդը չի տուժի, այլ կհայտնվի իր տեղում, այլապես հետո այդ նույն արվեստագետները սկսում են խոսել բարձր բաներից՝ հայրենիքից, ազգից, Արցախից։

Ձեր «արվեստն» ուտելու մասին է․ դուք ի՞նչ գործ ունեք այդ վեհ երևույթների հետ։

Տարոն Գլակ

Մեր ուտող - խմող « դերասաններ » - ը

Կարդա՛ նաև Տարոն Գլակի « Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չէ » հոդվածը :

Մեկնաբանություն