Ինչո՞ւ պիտի շունը մահից հետո այլ աշխարհ չգնա… Մեկ պատճառով՝ որովհետև շան մասին մարդը չի մտածել։
Ես մի ուրիշ պատմություն գիտեմ մի շատ սովորական շան մասին, որը չուներ տուն, տեր, բայց ուներ ընկերներ՝ բակի երեխաները սիրում էին նրան ու կերակրում։ Շունն ամեն առավոտ դպրոց էր ուղեկցում երեխաներին, հետո վերադառնում թաղ։ Վերադարձին դիմավորում էր։ Շունը գիտեր, որ դասերից հոգնած մանուկները պետք է իրենց մի կտոր հացն արագ-արագ ծամեին ու դուրս գային փողոց՝ զանազան խաղեր խաղալու։
Այդ շունը տխրություն պատճառեց բակի երեխաներին. նա սատկեց…
Երկիրը լքելուց հետո շունը հայտնվեց մի աշխարհում, որտեղ երեխաներ չկային։
Գետերը հոսում էին, ջուրն առատ էր, չգիտես որտեղից հրաշք ուտելիքներ էին թափվում շան առաջ։ Եղանակը մեղմ էր՝ ո՛չ անտանելի շոգն էր տանջում շանը, ո՛չ էլ սարսափելի ցուրտը։
Բայց շունը տխուր էր։ Նա պառկում էր մարգագետիններում ու մտածում երեխաների մասին։
Երեխաները սիրում էին ձմեռները հավաքվել բակի ավերակ, լքված տներից մեկում և կրակ վառել։ Շունը տաքանում էր երեխաների հետ միասին։ Հիմա, պառկած մեղմ եղանակային պայմաններում, մտածում էր՝ երանի մրսեր, որ կարողանար տաքանալ։
Նոր աշխարհում շունը չէր հաչում, պարզապես դրա պատճառը չկար՝ ո՛չ տարօրինակ ձայներ էին լսվում, ո՛չ վտանգավոր դեմքեր կային նրա շուրջը, միայն անվրդով խաղաղություն։ Եվ շունը սկսեց կասկածել իր շնության մասին։
Նոր աշխարհում գիտակցություն էր փոխվում, և վաղուց սովորական դարձած գործողություններն այլևս անպետք էին ու անտեղի։
Ժամանակին շունը տարբեր երևույթներից փորձում էր պաշտպանել երեխաներին՝ հաչում էր, կրճտացնում ատամները, զայրացած կերպարանք ընդունում, ռինգի վրա հայտնված ըմբիշի դիրք բռնում։
«Երանի վտանգ լիներ, որ կարողանար չեզոքացնել այն»,— մտածում էր շունը։
Բացի երեխաներից, շունն ուներ երեք ձագուկներ՝ կերակրում էր, հոգ տանում նրանց մասին, դաստիարակում էր այնպե՛ս, որ լավ շներ դառնան և ապագայում պաշտպանեն մանուկներին։ Գործը կիսատ մնաց։ Թե ապագայում ով ինչ ճանապարհ կընտրի, շունը չգիտեր։ Միայն ինչ-որ անտեսանելի, անհասկանալի ցավ անվերջ խոցում էր շան սիրտը։ Նա չգիտեր, որ ցավի անունը կարոտ է։
Երբ հայտնվեց նոր աշխարհում, մի ծերունի դիմավորեց նրան և ասաց. «Քո բաժին տառապանքը վերջացավ, երանելի ժամանակներ են քեզ սպասվում։ Վայելի՛ր անհոգությունդ, շո՜ւն»։
Տարոն Գլակ 30.10.2026 թ.