***
Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ,
իմ ցանկացած, սիրած, իմ միամիտ աղջիկ,
ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ,
ինչպես հոգեվարքի ճառագայթը վերջին:
Հարկավո՞ր էր արդյոք ճամփան այս քարքարոտ՝
հին սերերից խանձված, մաշված իմ վրանում,
որ արթնացավ իբրև ջահելության կարոտ՝
իմ ծերացած հոգու սառած դամբարանում:
«Ախ, հրդեհներ դեռ կան քո աչքերում ծերուկ,
և կա, – ասում էիր, – լուռ անթեղված կարոտ»,
ինձ կմարես, աղջիկ, այրող քո բոցերում,
կհասցնես մահվան գերեզմանին քարոտ:
Դու գիտերի, որ ես՝ և ծեր, խանձված, և ծեր,-
եթե վառեմ հոգիս սիրո հրդեհներում,
ուրեմն՝ վերջ: Զարթնող լուսաբացի գծեր
մարող մայրամուտիս էլ չեն հետևելու:
Բայց դու արի նորից, իմ ծերության աղջիկ,
քեզ կանչում եմ այրվող ոսկորներիս ճիչով,
թող մոխրանամ մեկից ճարճատյունով վերջին,
իսկ դու – դեռ տաք – քայլիր մոխիրներիս միջով:
Ես գիտեի, որ քեզ կկարոտեմ մի օր,
դու՝ ծերերին տրված երեխայի հասակ
և խավարս ցրող վերջին իմ աստնվոր –
իմ ցուրտ գերեզմանին հալվող լուսապսակ:

Կարդացեք նաև Վահագն Դավթյանի Արարչություն պոեմը
Pingback: Ձնծաղիկների թերթիկների տակ . Արշակ Քոչինյան - Taron Glak