Կլինի գարուն:
Ծառերը նորից կվերափոխվեն ծաղկեփնջերի,
Լուռ կողջունեն անհոգ, անկսկիծ…
Ես կգամ, գիտեմ, կվերադառնամ
Եվ կգտնեմ քեզ, բայց դու չես լինի,
Մեր հին հեքիաթից կմնա միայն
Մի ծերուկ Շաման,
Որը անտարբեր ինձ կառաջարկի բալասան քնի:
Ամեն ինչ՝ նորից առաջվա նման,
Սակայն ինչ-որ բան այնպես չի լինի:
Ես ծեր կախարդից բալասանի տեղ կխնդրեմ՝ սիգար,
Կժպտամ գուցե անտարբեր, բռնի,
Կծխեմ հանգիստ, կծխեմ երկար,
Ծանոթ պանդոկում կխմեմ գինի,
Հետո ինչ-որ մեկն ինձ կասի՝ եկա՞ր,
Բայց բարի գալուստ, գիտեմ չի լինի:
Կզգամ, խիստ կզգամ ցանկություն քնի,
Առաջին անգամ մոռացման կարոտ՝
Կհիշեմ հեքիաթն ավեր եդեմի,
Ուր կա առասպել, բայց հրա՞շք…
Երբե՜ք, երբեք չի լինի:
Զուլո

Կարող եք կարդալ նաև Արշակ Քոչինյանի « Ձնծաղիկների թերթիկների տակ » բանաստեղծությունը :