Ճերմակազգեստ պարոնը | Տարոն Գլակ
Ճերմակազգեստ պարոնը | Տարոն Գլակ

Ճերմակազգեստ պարոնը | Տարոն Գլակ

Խոտերը ծածկում էին փոքրիկ աղջնակին։
Նա սիրում էր խաղալ բարձր խոտերի մեջ ու մի տեսակ պաշտպանված էր զգում իրեն։ Երբեմն աղջնակին թվում էր, թե ինքն աննկատ է նույնիսկ ամենատես արևի առաջ, և որ ժամանակ առ ժամանակ կարող է մոլորեցնել անգամ արևին՝ թաքնվելով փոքր-ինչ գլուխները թեքած վեհատեսք խոտերում։
— Պապիկը տանն է… — մտածում էր նա և, մեջքը հենած մի կիսաքանդ շինության պատին, խոտերի միջից գաղտնորեն նայում էր արևին ու ասես պահմտոցի խաղար արեգակի հետ։
Հանկարծ նկատեց մի տարօրինակ պարոնի, որն ամբողջովին ճերմակ էր հագնված։ Աղջնակը վախեցավ, բայց, քանի որ խոտերի մեջ իրեն պաշտպանված էր զգում, փորձեց տեսնել պարոնի դեմքը։ Ապարդյուն. արևը շարունակում էր խաղալ՝ այս անգամ շողերով ծածկելով խորհրդավոր մարդու երեսը։
Ձեռքով ցույց տալով տունը՝ պարոնը կարգադրեց աղջնակին.
— Աղջի՛կ, գնա տուն, պապիկդ քեզ է սպասում։
Ձայնն ազդեցիկ էր, բայց աղջնակն արդեն չէր վախենում։ Թեթևորեն բարձրանալով՝ ինչպես հատուկ է բոլոր փոքրիկ երեխաներին, շտապեց տուն։
Պապիկն ուշաթափվել էր ու գիտակցությունը կորցրել։ Աղջնակը վազեց հարևան տուն, որտեղ նրա մայրն ու ընկերուհին սուրճ էին խմում։
Շտապօգնություն կանչեցին։
Մի խոսքով՝ պապիկը փրկվեց։
Աղջիկը շարունակում էր խաղալ խոտերի մեջ։ Նա ատում էր արևը։ Արևը թաքցրել էր ամենակարևորը՝ ճերմակ պարոնի դեմքը։

Անցան տարիներ. աղջիկն այլևս չէր խաղում խոտերի մեջ, նա նկարում էր։
Աղջիկը հավատում էր Աստծուն՝ իր տեսած սպիտակ Աստծուն, որի դեմքն արևի շողերով էր ծածկված։ Նա այդպես էլ բարձրագույն կրթություն չստացավ, սովորեց միջնակարգ դպրոցում, սիրահարվեց իր դպրոցական ընկերոջը և ամուսնացավ։ Տարիներ անց մայրացավ՝ մնալով նույն երեխան։ Երեխաներ ունեցավ, սովորեցրին քայլել, խոսել… Մի խոսքով՝ ոչինչ էլ չսովորեցրին, քանի որ մանուկներն ամեն ինչ մոռանում են։ Այնուհետև «արևը» կրկին հայտնվեց, և կնոջ ամուսինն ավտովթարի ենթարկվեց ու մահացավ։

Գրում եմ ու փորձում կյանքը տեղավորել սեղմ նախադասությունների մեջ։ Գրում եմ ու սարսափում բառերից, նախադասություններից, բազմակետերից ու վերջակետերից։ Գրում եմ ամեն ինչի մասին և հոգուս խորքում ցավակցում այն ընթերցողին, ով ամեն ինչ կհասկանա, ով ամեն ինչ հասկանում է…

Լսելով ամուսնու մասին՝ կինը կորցնում է գիտակցությունը և ընկնում կոմայի մեջ, այսինքն՝ հայտնվում այս ու այն աշխարհներն իրար կապող կամուրջի վրա՝ մեջտեղում։ Երկու կողմերում էլ խավար է։ Կինը կանգնած է կամուրջի մեջտեղում և չի կարողանում շարժվել։ Հանկարծ մեր աշխարհի կողմում հայտնվում է ճերմակազգեստ պարոնը, որի դեմքը չի երևում։ Այս անգամ արևը մեղավոր չէ, իսկ ո՞վ է մեղավոր…
Կինը փրկվում է, գիտակցությունը տեղն է գալիս և հայտնվում այն աշխարհում, որտեղ չունի բարձրագույն կրթություն, չունի ամուսին, չունի աշխատանք, որտեղ ունի երեխաներ, ծերացած մայր և իրեն հոգեպես ոչնչացնող ցնորք՝ ճերմակազգեստ պարոնի ուրվապատկերը։

Տարոն Գլակ 2020 թ.

Տարոն Գլակ Ճերմակազգեստ պարոնը

Կարդա նաև Տարոն Գլակի « Բուդդայի աչքերով » պատմվածքը :

Մեկնաբանություն