Բուդդայի աչքերով | Տարոն Գլակ ( Պատմվածք )
Բուդդայի աչքերով | Տարոն Գլակ ( Պատմվածք )

Բուդդայի աչքերով | Տարոն Գլակ ( Պատմվածք )


1
Շրջապտույտի արդյունք էր, թե այլ առեղծվածի՝ գայլ էր ծնվել: Երբ սոված չեն՝ գայլերը երազում են, իսկ քաղցած ժամանակ՝ ոռնում, ճիշտ և ճիշտ մարդկանց նման… Փոքրիկ գայլուկի ծնողները գնացել էին որսի, իսկ ինքը որքան ստացվում էր՝ փորձում էր ոռնալ: Ախր դեռ ոչինչ չգիտեր, անմեղ էր՝ ինչպես աշխարհի բոլոր ձագուկները:
Միայնակ, թփերի մեջ թավալվում էր գայլուկը, երբ նրան մոտեցավ մի մարդ, վերցրեց, դրեց պարկի մեջ և շտապ՝ պարկն ուսին գցած հեռացավ տեղանքից: Ոչինչ չէր հասկանում փոքրիկ գայլուկը, միայն օդի պակասությունից գլուխը պտտվում էր և առաջին անգամ վտանգի զգացողություն ուներ, թեպետ դեռ չգիտեր, թե ինչ բան է վտանգը:
Վերջապես մարդը մոտեցավ մեքենային, ազատեց պարկի մեջ գրեթե ուշագնաց գայլուկին, նետեց ետևի նստատեղի վրա, ինքը նստեց առջևի նստատեղին ու սկսեց վարել մեքենան: Վարորդն անսպասելիորեն սեղմեց դիմացը գտնվող ինչ որ կետի և երաժշտություն լսվեց: Փոքրիկ գայլուկն առաջին անգամ էր առնչվում արվեստի այդ ճյուղին և տարօրինակ խաղաղություն էր համակել նրան: Եթե իմանար՝ ինչ է երջանկությունը, կգնահատեր իր անրջային հոգեվիճակը, բայց գայլուկը ոչինչ չգիտեր, ընդամենը զգում էր: Հնչում էր <<Բուդդայի աչքերով>>## երգը.

Կձուլվենք կաթիլների հետ ցողե,
Կհասնենք մեզ սպասող ծովերին,
Կթռչենք այնտեղ, որտեղ ձմեռ է
Ու կվերածվենք ձնեփաթիլի:

Մոխրագույն, փափլիկ գայլուկը մոռացել էր, որ սոված է, որ անհանգիստ է, որ իրեն գողացել են, որ ինչ-որ անհայտ շարժվող սարքի մեջ է և որ կյանքը վտանգավոր է… Շարունակվում էր երգը.

Կշնչենք թարմությունն առավոտի,
Բուդդայի աչքերով կճանաչենք:
Աշխարհը հավետ մերը կլինի.
Կյանքը մի պարզ նկար մոմի վրա:

Եթե գայլուկը մնար անտառում, նրան կսովորեցնեին ցատկել, զանազանել բույրերը, պաշտպանվել, որսալ և այլ գայլային կարևորություններ ու գայլուկը կդառնար իսկական գայլ՝ անտառի սարսափը, վայրենին, որ ամեն փոքրիկ աղմուկից կատաղում է և կրճտացնում ատամները: Բայց ի՞նչ էր սովորեցնում այս երգը գայլուկին, ի՞նչ տարօրինակ զգացողություններ էին այցելում նրան և այս ի՞նչ հրաշքով էր չքացել վախը:

## Павел Кашин – Глазами Будды

2
Մեքենան կանգ առավ մի հսկայական դղյակի առաջ՝ ցանկապատված բարձր, շքեղ պարիսպներով: Վարորդը դուրս եկավ մեքենայից, մոտեցավ ոսկեգույն դռանը, սեղմեց զանգը և քիչ անց դուռը բացվեց, դուրս եկավ մի տղամարդ: Վարորդն ու տղամարդն ինչ-որ խոսքեր փոխանակեցին, հետո երկուսով մոտեցան մեքենային, վարորդը բացեց ետևի դուռը, վերցրեց գայլուկին, ցավեցնելով փոքրիկ վիզը, պահեց ձեռքում, որպեսզի տղամարդը կարողանա ամբողջությամբ զննել՝ կանաչավուն աչքերով , մոխրագույն կենդանուն: Տղամարդն անհամբեր էր: Նա համարյա խլեց գայլուկին վարորդի ձեռքից և հիացած աչքերով սկսեց տնտղել: Տղամարդն ակնհայտորեն գոհ էր: Աջ ձեռքով թևի տակ առավ կենդանուն, ձախը տարավ գրպանը, հանեց մի կլորիկ գումար, տվեց վարորդին և ուրախ-ուրախ բաժանվեցին իրարից: Մեքենան գնաց:
Գայլուկը շատ էր տխրել: Նա չգիտեր, նրան չէր հետաքրքրում մեքենան, բայց նա ուզում էր երաժշտություն լսել:  Մեքենան գնաց, բայց երգը դեռ արձագանքնում էր նրա հոգում: Նա հասկացավ, որ երգը երբեք չի լքի իրեն: Գայլուկը երջանիկ էր, թեպետ չէր հասկանում, թե ուր են իրեն տանում:
Տղամարդը շոյեց գայլուկի գլուխը, մոտեցրեց շուրթերին, համբուրեց մեղմիկ, անշտապ քայլերով ետ վերադարձավ, փակեց հսկայական ոսկեգույն դուռը, գայլուկին դրեց գետնին և մի քանի վայրկյան հիանալուց հետո կանչեց սպասուհուն՝ գեղեցկատես մի կնոջ, ով տեսնելով փոքրիկ, փափուկ գայլուկին քիչ մնաց խելքը թռցներ երջանկությունից: Տղամարդը հրահանգներ տվեց սպասուհուն և հեռացավ:

3
Գեղեցկատես սպասուհին գրկեց գայլուկին: Գայլուկը չգիտես ինչու՝ երջանիկ էր: Ասես մեկ այլ երաժշտություն լսեր՝ ջերմ ու թովիչ մեղեդի, որ դուրս էր ելնում այս կնոջ սրտից: Գայլուկը չէր ճանաչում սիրտ ասվածը, բայց երջանիկ լինելու համար ընդամենը պետք է զգալ:
Կինը գրկելով գայլուկին, մոտեցավ դղյակի բակում հատուկ կառուցված ոսկեգույն վանդակին, բացեց դուռը, զգուշությամբ իջեցրեց կենդանուն փափուկ բարձերի վրա և հեռացավ: Քիչ անց սպասուհին վերադարձավ՝ փոքրիկ աման ձեռքին՝ համեղ ուտեստներով: Սպասուհին զարմացավ, տեսնելով, որ գայլուկն անգամ չէր փորձել քրքրել բարձերը: Նա մեղմորեն շոյեց գայլուկի գլուխը և անմնացորդ հոգատարությամբ կերակրեց նրան: Գայլուկը սնվում էր հանգիստ, առանց շտապելու: Նա ագահ չէր, վայելում էր սնունդը, լսում աղացած մսի երաժշտությունը:
Փոքր ինչ սպասելուց հետո կինը հեռացավ՝ չփակելով վանդակի դուռը: Երևի տղամարդը հրահանգել էր ազատ թողնել գայլուկին:
Գայլուկը երջանիկ էր, դռները բացվում էին առանց ջանք գործադրելու: Տիեզերքն օգնում էր: Ոսկեգույն վանդակում նա գտավ հարմարավետ բարձեր, ապա կերակրվեց ամենաբարձր մակարդակով, հետո բացվեցին դռները ու գայլուկը հայտնվեց դղյակի բակում տարօրինակ արձանների շրջապատում:

4
Գեղեցիկ էր բակը, կենտրոնում շատրվաններն էին և նրանց շուրջը կառուցված ավազանը, որի մեջ կուտակվում էր ջուրը: Մոտենալով ջրին, անշարժացավ և իր փոքրիկ աչքերով սկսեց զննել հետաքրքրաշարժ շատրվանը: Գայլուկին դուր էր գալիս ջուրը, բայց նա չէր կարողանում հասկանալ, թե վերևից ցայտելով ներքև որտեղ է կորչում այն: Փոքր ինչ հեռանալով շատրվանից նա նկատեց, որ ջուրը թափվում է ավազանի մեջ և լճանում: Անբնական էր թվում գայլուկին ջրի լճանալը: Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է ջուրը հայտնվել այդտեղ և դարձել շատրվան և ինչո՞ւ էր ուրախ թռվռում ջուրը հետո տխրում ու լճանում:
Ինչ-որ ձգողական ուժ կար բակում, որը կանչում էր գայլուկին: Նա շարժվեց դեպի բակի ձախակողմյան հատվածում գտնվող հիասքանչ ոսկե արձանը և պլշած աչքերով, հեզորեն կանգ առավ նրա դիմաց: Մարդագայլի արձան էր, ձեռքին նիզակ, շնագայլի գլխով հպարտ կանգնած, ամբողջովին ոսկուց: Գայլուկը նայում էր ջրին, հետո արձանին, բայց չէր հասկանում ինչո՞ւ էին հենց այդ երկու երևույթները խլում իր ուշադրությունը: Երկար կմնար այս վիճակում, եթե հանկարծ չհայտնվեին ինչ-որ փոքրիկ երեխաներ և չզբաղեցնեին իրեն: Այս երեխաները շատ հոգնեցրին գայլուկին, հետո սպասուհին եկավ, ապա տղամարդը հեռվից մի քանի անհասկանալի խոսքեր ասաց՝ փաղաքշական տոնով և գայլուկը հոգնեց:
Նա զգում էր, որ դիմացը սովորական արձան չէ և ինքն էլ չհասկացավ՝ ինչպես, սկսեց անկեղծորեն աղոթել արձանին: Գայլուկն աղոթում էր աչքերով: Հետո նա գայլային լեզվով խնդրեց դիմացի աստվածությանը՝ անտեսանելի դարձնել իրեն: Եվ քանի որ գայլերի աստվածը հասկանում էր գայլուկի լեզուն և ընդունում էր նրա անմեղությունը՝ անմիջապես կատարվեց փոքրիկ գայլուկի խնդրանքը: Գայլուկը երջանիկ էր: Ոչ ոք չէր տեսնում նրան ու չէր խանգարում: Բայց նա տեղից չշարժվեց, այլ այդպես անշարժ թավալվել և նայում էր մեկ ոսկե արձանին մեկ ջրին ու չէր հասկանում՝ ինչու:

5
Դռները շարունակում էին բացվել և երբ սպասուհին գնում էր գնումներ անելու, գայլուկը դուրս եկավ կիսաբաց դռան արանքից և քայլերն ուղղեց անհայտ ուղղությամբ:
Մայթերը հաջորդում էին մեկը մյուսին, գայլուկն ամեն կողմում տեսնում էր տարօրինակ բարձրահարկ և ցածրահարկ շենքեր: Հերթական մայթն անցնելիս գայլուկը նկատեց մի շենք, որի դուռը բաց էր և քանի որ ինքն անտեսանելի էր՝ առանց աղմուկ աղաղակի առիթ դառնալու կարողացավ ներս մտնել:
Մի ուրիշ աշխարհ էր բացվել գայլուկի առաջ՝ գունագեղ, հեքիաթային աշխարհ, որն այնքան անիրական էր թվում: Գայլուկը հայտնվել էր ցուցահանդեսում: Բազմաթիվ նկարներ կային՝ մեկը մեկից գեղեցիկ: Դիտեց բոլոր նկարները, բայց մի նկարի առաջ անշարժացավ և հիշեց տունը: Նկարում պատկերված էր անտառանման, ծառախիտ մի վայր, կենտրոնում՝ արև: Գայլուկը հանկարծ հասկացավ, թե ինչու էր ջուրը տխուր և ինչու այդ տխրությունը փոխանցվեց իրեն:
Նա դուրս եկավ շենքից, ինքն էլ չհասկանալով, որ արվեստն իրեն ճանապարհ է ցույց տալիս և վերադարձնում ակունքներին : Մարդիկ չեն լսում արվեստի ձայնը և չեն փորձում զգալ ու հասկանալ հազարավոր ծաղիկների պես փռված խորհրդավոր նշանները, որ շռայլորեն նվիրում է արվեստը մարդուն, բայց գայլուկը լսում էր, նա անմեղ էր՝ ինչպես աշխարհի բոլոր ձագուկները:

6
Դուրս գալով ցուցահանդեսից, գայլուկը հարցրեց քամուն, թե որտեղ է իր տունը: Միայն քամին էր կարողանում տեսնել անտեսանելին:  Քամու համար դժվար էր բացատրել փոքրիկ գայլուկին նրա տան տեղը, քանի որ գայլուկը ո՛չ հարավն էր հասկանում, ո՛չ հյուսիսը:
Իրականում քամին ամենակարող կախարդ է, մի չտեսնված հրաշագործ: Քամին իրեն հատուկ խանդավառությամբ, սուլեց և անմիջապես գայլուկի առաջ հայտնվեց եռաձի մի կառք՝ անտեսանելի ուղևորների համար:
-Այս կառքը քեզ կհասցնի տուն: Տուն հասնելուն պես դու կկորցնես քո անտեսանելիությունը, այն քեզ այլևս պետք չի գա: Տանը դու կլինես առաջնորդ և կսովորեցնես մյուսներին, այն՝ ինչ ինքդ սովորեցիր ու զգացիր:
Կառքը սուրաց , գայլուկը տուն էր գնում և լսում էր իրեն երբեք չլքող երաժշտությունը.

Կձուլվենք կաթիլների հետ ցողե,
Կհասնենք մեզ սպասող ծովերին,
Կթռչենք այնտեղ, որտեղ ձմեռ է
Ու կվերածվենք ձնեփաթիլի:
———————————–
Կշնչենք թարմությունն առավոտի,
Բուդդայի աչքերով կճանաչենք:
Աշխարհը հավետ մերը կլինի.
Կյանքը մի պարզ նկար մոմի վրա:

Բուդդայի աչքերով Տարոն Գլակ պատմվածք

Կարդա՛ նաև Տարոն Գլակի « Բաբելոնի խոպան » էսսեն …

Մեկնաբանություն