Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չէ | Տարոն Գլակ
Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չէ | Տարոն Գլակ

Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չէ | Տարոն Գլակ

 
Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Ու ջերմ ըղձերս՝ բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով։
 
Մինչ մեր օրերում որոշ գործիչներ հայրենասիրությունը համարում են կեղծ կատեգորիա, մենք շարունակում ենք անդրադառնալ հայրենասեր բանաստեղծին՝ Հովհաննես Թումանյանին, որը պաշտում է Հայաստանը, ներշնչվում է նրա բնությամբ, սակայն դա չի խանգարում նրան լինել արդարամիտ, տեսանող, խորամիտ և առողջ դատողության տեր։
 
Այսինքն՝ խնդիրը ոչ թե հայրենասիրության երևույթի մեջ է, այլ այն մարդու, ով հայրենասիրությունն ընկալում է որպես սոսկ միջավայրին հարմարվելու, նրան մոլորեցնելու և խաբելու միջոց։
Հայրենասիրությունն օգտակար է նաև խաղաղության ժամանակ և հատկապե՛ս խաղաղության ժամանակ, քանզի նրա հետ, ով խաղաղ ժամանակ իսկապես հայրենասեր է, չեն ցանկանում պատերազմել։ Իր կենցաղով ու մտածողությամբ, վերաբերմունքով և գործերով իրական հայրենասերը կարող է կանխել արհավիրքը։
Մի փոքրիկ պատմվածք ունի Հովհաննես Թումանյանը՝ «Գաբո բիձու շերամապահությունը» վերնագրով։ Տեղին կլինի Գաբո բիձու և տիրացուի երկխոսությունից մի հատված մեջբերել։
 
Ես ու Գաբո բիձեն անցնում էինք Լոռու ձորով։
— Հե՜յ, տիրացու,— ձայն տվավ նա։
— Համմե՛։
— Հրամանքդ շատ։ Ես տեսնում եմ, որ էս մեր նոր ուսում առածները շատ աշխարհքից դուրս մարդիկ են. դու սրան ի՞նչ կասես։
— Ինչո՞ւ, Գաբո բիձա։
— Ընդուր համար, որ հենց գիտեն՝ ամեն բան իրենք են հասկացել։ Մին էլ կտեսնես՝ նստեցին ու գլխիդ գելի ավետարան կարդացին. «Հա՜, էս ճանճ պահի՛ր, էս աբրեշումի ճիճու պահի՛ր, էսպես մածուն շինի՛ր, էսպես ցանի՛ր, էնպես հնձի՛ր…»։ Տո՛, հեր օրհնած, մի առաջ հարցրո՛ւ, տես՝ էդ բաները դրանք էլ միտք են արել, թե չէ, նրանցից ետը թեկուզ ուշունց տուր։
 
Մեջբերումը, իհարկե, վերաբերում էր հայրենասիրությունը կեղծ կատեգորիա համարողներին, ովքեր, ընդհանրացնելով, վիրավորում են մի ամբողջ ժողովրդի և, եթե հարցին մեզնից դուրս նայենք, կարող ենք ասել՝ ողջ մարդկությանը։ Քանզի Հայրենիքի հանդեպ սերը մարդու ուժի և կամքի դրսևորման հիմքերում է ընկած։
 
Այդ Սերն է սնել Հովհաննես Թումանյանի Աստվածային տաղանդը, և Ամենայն Հայոց Բանաստեղծը որևէ անգամ չի զլացել իր ստեղծագործություններում շնորհակալություն հայտնել Հայրենիքին, քանզի ճանաչել է իր ուժի աղբյուրը։
 
Մենք բոլորս ունենում ենք հիասթափության պահեր, և դա հասկանալի է։ Օրինակ՝ «Հառաչանք» պոեմը գրող բանաստեղծը չէր կարող մեծ հիասթափություն չապրել, քանզի խոսքն անարդարության, շահագործման և ժողովրդի անմխիթար վիճակի մասին է։
 
Տեսնելով այդ ամենը՝ մի պահ կարող ես նույնիսկ Հայրենիքից հիասթափվել։ Դա բնական է։ Բայց երբ որոշ ժամանակ անց կրկին սթափվես, կհասկանաս, որ երկիրը մեղավոր չէ, իսկ անարդարությունն էլ մեզանից դուրս չի գոյանում։ Այն արտահայտում է մեր փոքր ու մեծ շահը, և եթե խորանանք, ապա կտեսնենք, որ շահագործվողը նույնպես որևէ մեկին շահագործում է։
 
Ուստի հանգում ենք այն եզրակացության, որ ամեն ոք պետք է սկսի ինքն իրենից, որպեսզի Արդարությունը հաղթանակի, իսկ Հայրենիքը լինի արդարության մարմնավորում, ոչ թե մի վայր, որտեղ ծաղկում ու բարգավաճում է անարդարությունը, և Ամենայն Հայոց Բանաստեղծը ստիպված չլինի սրտի ցավով գրել այսպիսի տողեր.
 
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ՝ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
 
1918 թ., փետրվարի 2
 
«Անկեղծ չենք»,— ասում է Հովհաննես Թումանյանն իր համանուն հոդվածում, և ես հիմա ուզում եմ մի պատառիկ մեջբերել այդ հոդվածից։
Երբ վերընթերցում էի այն, տպավորություն էր, թե բանաստեղծը հենց նոր է գրել և հենց այդ պահին խոսում է ինձ հետ։ Ի դեպ, հաճախ եմ նման զգացողություններ ունենում Թումանյան ընթերցելիս, և, իհարկե, սա ևս խոսում է Թումանյանի արդիական լինելու մասին։
 
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր։
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը։
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են։
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։
Անշուշտ, նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում։
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է։
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան։
Եվ հանկարծ… դուք տեսնում եք… նա խաղ է անում, դերասանություն է անում։
 
Մենք այսօր ևս ապրում ենք դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումների օրերում, ինչպես դիպուկ բնութագրում է Հովհաննես Թումանյանը։ Դատաստանի օրը մենք անցանք ահռելի կորուստներով, և եթե անկեղծ չլինենք, ապա դարավոր կարգերն ու հասկացողությունները ևս կշրջվեն մեր դեմ, և որևէ նոր բան ստեղծելու կամ հինը փոխելու փոխարեն մենք կունենանք ոչինչ։
Անկեղծ պետք է լինեն բոլորը՝ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ մտավորականները։ Այս հարցում կեղծավոր լինելու իրավունք ոչ ոք չունի։
Ամենաթույլ պետությունն անգամ ավելի լավ է, քան պետականազուրկ հայրենիքը։ Պետականազուրկ ժողովուրդը կրակն է ընկնում իր թշնամիների և իր ազգակից ֆեոդալների ձեռքը։
Ես այսպես եմ հասկանում Հայոց պատմությունը. մեր իշխանների և թշնամիների ճիրաններում տառապող հայ ժողովուրդը պետականություն ստացավ անթիվ-անհամար կորուստների գնով, և այսօր այս հողի վրա խաղ անելու, դերասանություն անելու իրավունք ոչ ոք չունի։
 
«Հառաչանք» պոեմի իրադարձությունները տեղի են ունենում Լոռվա գյուղերից մեկում. հայը հային սպանում է։ Եթե ժամանակին ճիշտ հասկացվեր այս պոեմը, գուցե կոմունիստներն ու դաշնակցականներն իրար չսպանեին, քանզի Թումանյանը ոչ թե մի փոքրիկ գյուղի և ծերունի այգեպանի ցավող սրտի մասին է գրում, այլ Հայաստանի։
Իր ստեղծագործության վերջերգում նա գրում է.
 
Թերևս և քեզ յուր աղքատ դափում
Ներկայանում է մռայլ ծերունին,
Գուցե մի րոպե նաև քո հոգում
Նրա խոսքերը արձագանք տվին։
Գուցե ծերունու երգը ցավալի
Տրտմություն ազդեց նաև քո սրտին,
Բայց այդ դեռ այն չէ, որ այսքան տարի
Տանջեց այցելու երիտասարդին…
 
1890-ական թվականներ
 
Տարոն Գլակ
Տարոն Գլակ բանաստեղծ

Կարող ես կարդալ նաև Տարոն Գլակի « Մի օր ինձ կհիշես » բանաստեղծության ԱԲ վերլուծությունը :

One comment

  1. Pingback: Մեր ուտող-խմող «դերասաններ»-ը - Taron Glak

Մեկնաբանություն