Մինչև բուն նյութին անցնելը նախ մի քանի օրինակներով տանք ժողովրդավարության բնութագիրը՝ հին աշխարհից սկսած մինչև մեր օրեր։
Եվ այսպես․
1․ Դեռ մ․թ․ա․ 5-4-րդ դարերում ապրած և ստեղծագործած Պլատոնն ասում էր․
«Ժողովրդավարությունը նախանձ աղքատների իշխանությունն է»։
2․ Երբ ժողովրդի կողմից պիտի ընտրություն կատարվեր՝ Քրիստոսին կամ Բարաբբային մահապատժի ենթարկելու համար, ժողովուրդն ընտրեց Քրիստոսի մահը և Բարաբբայի ազատ արձակումը։
3․ Կանտն ասում է․ «Ժողովուրդներն իրավունք չունեն պայքարել իրենց ազատության համար, այն պետք է գա վերևից»…
Անկեղծ ասած՝ Կանտի այս միտքը դեռ 3-4-րդ դասարանում կարդացել էի Հայնեի մոտ և խիստ թշնամանքով լցվել Կանտի հանդեպ մինչև այն պահը, երբ լրջորեն ուսումնասիրեցի տվյալ ժամանակների մեծերին ու ընդունեցի Շիլլերի այն ձևակերպումը, ըստ որի՝ «մեծագույն հանցագործություն է տալ մի ժողովրդի ազատություն, որին նախապես չես պատրաստել այդ ազատությանը»…
Քանի որ դեռ որևէ մեկին չի հաջողվել իրագործել Հեգելի «Մշակութային բռնությունը» և որևէ ժողովրդի իրապես պատրաստել այդ Ազատությանը, հետևապես Կանտի միտքը մինչ օրս արդիական է։
4․ Ռաբլեի «Ամենակերությունն» իր հերթին ժողովրդավարության մասին է, քանզի, ըստ Ռաբլեի, իր ժամանակներում «առաջավոր եվրոպացին» հասել է քաղաքակրթական մի մակարդակի, որ ամեն բան ուտում է․ էական չէ՝ կուլ տալով, թե ծամելով…
5․ Սերվանտեսի Դոն Կիխոտը ևս նույն բարքերի դեմ կռիվ էր։
6․ Միջնադարյան ամբողջ մանրանկարչությունը, որտեղ արդեն իսկ Աստվածամոր վիզը երկարած էր ու մանուկ Քրիստոսը՝ կախ ընկած, ևս մեր ասածի վառ արտացոլանքն էր ու է։
7․ Ապա՝ բոդլերյան «տարօրինակ օտարները», Ռեմբոյի «Անհնարինը», Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը» և այլն։
Այս շարքը կարելի է շարունակել անվերջ և փաստել․ աշխարհի բոլոր առաջավոր մտածողները կռիվ են տվել ժողովրդավարություն կոչվող կեղծիքի դեմ։ Այլ բան է, որ և՛ մեր, և՛ աշխարհի մյուս ժողովուրդները մեծ կտրվածքով անհաղորդ են եղել ու կան համաշխարհային մեծ մտածողների գաղափարներին։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ վերոնշյալ անունները ոչինչ չեն ասում թե՛ մեր քաղաքական գործիչներին, որոնք օրնիբուն տարփողում են ժողովրդավարությունը, թե՛, առավել ևս, նրանց համակիրներին, բայց մի երկու օրինակ էլ մեր պատմությունից բերեմ ու անցնեմ բուն նյութին։
1․ Հանրահռչակ է Անդրանիկի կյանքից այն դրվագը, երբ 1918 թվականին Անդրանիկը չճանաչեց Բաթումի պայմանագիրը և իր զորախմբով տեղափոխվեց Նախիջևան, որպեսզի պաշտպանի տեղի բնակչությանը։ Տեղի հայ ղեկավարները, իհարկե, ժողովրդի աջակցությամբ հրաժարվեցին Անդրանիկին օգնելուց և գերադասեցին թուրքերի հետ խաղաղությունը․ նույնիսկ հրաժարվեցին Անդրանիկի զորքին հաց տալ՝ պատճառաբանելով, թե իրենց ամբարները դատարկ են։ Դրանից հետո թուրք-թաթարական զորախումբը մտավ Նախիջևան և, կոտորելով տեղի հայ բնակչությանը, բռնագրավեց ցորենով լի ամբարները։
2․ Նժդեհը Լեռնահայաստանի բնակչությանը փրկեց թուրք-թաթարական լծից, ավելին՝ անկախացրեց տեղի ժողովրդին և տվեց ինքնավարություն։ Շատ չանցած՝ նույն ժողովուրդը Նժդեհից պահանջեց հեռանալ, քանի որ Նժդեհը խանգարում էր, որպեսզի թուրքից «էժան չիթ» գնեն։
Հիմա գանք Թումանյանին։
Մի կողմ թողնելով Թումանյանի հանրահայտ «Կկուն», որում վերևում ասվածի լավագույն դրսևորումն է մեզանում, անցնենք Թումանյանի «Հառաչանք» պոեմին։
Ե՛վ դպրոցում, և՛ համալսարանում այս պոեմը ներկայացվում է որպես ժողովրդի չարքաշ կյանքի ու ճնշվածության արտահայտում։ Որպես գլխավոր հերոսներ մեզ ներկայացվում են էլ Թումանյանն ինքը, էլ Ծերունին, էլ Չոբան Չատին, էլ ազատագրական պայքարի եղբայրները, բայց չի ներկայացվում, մեր խորին համոզմամբ, Պոեմի գլխավոր կերպարը՝ Ժողովուրդը։
Չնայած մի տասը տարի առաջ այս մասով մի ծավալուն հոդված գրել եմ, բայց փորձեմ կրկնվել։
Պոեմը կարդացած մարդիկ կհիշեն Չոբան Չատիի դրվագը, որ սկիզբ է առնում այն բանից հետո, երբ Թավադը թաքուն ոչխարը իր արտն է անում ու դրա համար մեղադրում Չատիին․
Մի օր սա եկավ, թե չոբան Չատին
Ոչխարը թաքուն իմ հանդն է քաշել.
Չատին էլ կուլ չի գընաց թավադին.
— Թող գա մի տեսնենք—էդ ո՞վ է տեսել։
Աղաչանք արի, պաղատանք արի.
— Ա՛յ տղա, ասի, ետ քա՛շվի, հեռի՛,
Բեր ձեռը վեր կալ, անեծք չար բանին…
Բայց ի՞նչ հասկացնես բըռի չոբանին։
— Չէ՜ որ չէ՛, ասավ, էն լեռ սարի պես
Գընաց դիք կանգնեց գեղի մեյդանում.
Էս դատաստանը, էս թավադն, էս ես,
Թող գա մի տեսնենք ինձ ինչ է անում։
Եկան իրարու, խոսք խոսքի հասավ,
Չատին մի քանի կոշտ խոսքեր ասավ.
Դե մարդիկ երբոր կռիվ են անում,
Մեջտեղ փըլավ չեն իրար բաժանում։
Մեր տանուտերն էլ, աստված է օրհնել,
Էսպես մի բան էր պակաս նըրան էլ.
Մեկի պոչը միշտ մեկելի տակին,
Եկավ տաքացած, ճիպոտը ձեռքին։
Եկավ էս Չատնիս հաչիցը կապեց,
Ինչքան որ գիտես՝ քո ասած թակեց,
Թե՝ պետք է կորցնեմ քեզ էնքան հեռու,
Որ էլ չըտեսնես արևը Լոռու։
Պատմությունը պարզ է․ Թավադը նախ սարքում է Չոբան Չատիի գլխին, համ ծեծում, համ էլ «շտաֆ» է ուզում։
Էստեղ գործին խառնվում է Պոեմի գլխավոր կերպարը՝ Ժողովուրդը, իր «Իմաստուններով», որոնց մեջ է նաև Պոեմի Ծերունին․
Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խընդիրքով,
Ինչքան որ տվինք, ավել խընդրեցինք—
Բանը վերջացնի գեղական կարգով։
Ախպե՛ր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ըշտրափըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք։
Ծեր մարդու ընտրությունը, կարծեմ, պիտի հուշի մեր օրերում շա՜տ մի հարազատ բան ևս, երբ Ծերերը, իմա՝ իմաստունները, իրենց «Իմաստությամբ» վճռում են մեր ապագան։
Հասկանալի է, որ Ծերերը այստեղ ժողովրդի «Իմաստնության» խտացումն են, որոնք ոչ միայն չեն կանգնում Չատիի թասիբին, այլ մի բան էլ խնդրում են Թավադին ու տուգանք տալիս, որ ների Չոբան Չատուն՝ չգործած մեղքի համար։
Դրվագը զարգանում է այն ուղղությամբ, որ Թավադը չի գալիս «հավատի» ու գնում «ավելի բարձր» է «գանգատվում»…
Ապա․
Վերևից մի մարդ եկավ քննություն,
Միրուքը հաչա, աստղը ճակատին,
Եկավ, վեր եկավ, մըտավ քյոխվի տուն,
— Ո՞րտեղ է, ասավ, էն չոբան Չատին…
Չատին էլ եկավ անճոռնի ու մեծ,
Էն փետի նըման մեջտեղը տընկվեց.
Ոչ օրենք գիտի, ոչ կարգն ու լեզուն,
Բերանը կապած սարի անասուն։
Քննությունն արին, բըռնեցին գյադին,
Թե՝ ի՞նչպես ուշունց կըտաս թավադին.
Բաց արին տեսան գըրած զակոնում,
Թե չոբան Չատին Սիբիր է գընում։
Փաստորեն, Թավադը բողոքում է վերևներին, և գալիս է ցարական սպան, որի վճռով Չոբան Չատին պիտի Սիբիր գնա։
Էստեղ էլի խառնվում է ժողովուրդն իր «Իմաստնությամբ»…
Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խընդիրքով,
Ինչ ուզեց տըվինք, հետն էլ խընդրեցինք՝
Բանը վերջացնի գեղական կարգով։
Ա՛խպեր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ուզածըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք։
— Հո՛ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր,
Չեմ ուզում ընկնեմ արինն էդ տըղի,
Դըրա խիզանը մենակ էս գիշեր
Պետք է որ գըցի տեղը էս աղի…
Այս անգամ Թավադն անսում է Ժողովրդի իմաստունների խնդրանքին և «փափկում»՝ պայմանով, որ Չատիի «խիզանը»՝ կինը կամ աղջիկը, պիտի գցի «տեղը էս աղի»։
Այլ կերպ ասած՝ Թավադն առաջարկում է գործը փակել պայմանով, որ Չատիի կինը կամ աղջիկը այդ գիշեր քնեն ցարական սպայի հետ։
Եվ էստեղ դրսևորվում է Ժողովրդական իմաստնությունն ու ընտրությունն իր ողջ պերճանքով ու թշվառությամբ․
Մարդը խիղճ ունի՝ էսպես է ասում.
Սըրանից ավել էլ ի՞նչ եք ուզում…
Ստացվում է՝ ժողովրդի իմաստունների ընտրությունը կայանում է նրանում, որ նախ սրիկա Թավադն է մեկից դառնում «խիղճ ունեցող մարդ», ապա նույն ժողովրդի ընտրությունը կայանում է նրանում, որ պիտի, հանուն Սիբիր չգնալու, արժանապատիվ Չոբան Չատին իր կնոջը կամ դստերը հոժարակամ պառկեցնի սպայի տակ… Դեռ մի բան էլ մեղադրում են Չատիին, որ չի համաձայնում այդ «փառահեղ ներմանը»։
Իհարկե, Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե չտար իր գաղափարական ըմբռնումն այս հարցին, որն է․
Բայց տըղամարդը, որ նամուս ունի,
Լավ է իմանում ինչ պատասխանի…
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան։
Քանի՜-քանի մարդ կորավ իր տանից,
Քանի՜-քանի մարդ դառավ մարդասպան…
Իհարկե, Չատին ու ևս մի քանի արժանապատիվ մարդիկ սատկացրեցին և՛ սպային, և՛ Թավադին ու փախան սարերը, բայց դրանից չփոխվեց ժողովրդի ընտրությունը, որն է՝ սրիկային աստվածացնել, պատիվ և արժանապատվություն զիջել հանուն թշվառական գոյության՝ ողջ մնալու։
Արդյունքում ստացվում է՝ մի արժանապատվություն ունեցող մարդու դեմ է դուրս գալիս ոչ միայն պետական համակարգը, այլ, որ վատթարագույնն է, նույն այդ մարդու հետ նույն եղծման մեջ գտնվող ժողովուրդը։
Թումանյանը բոլոր հարցերում մեր Ինքնության, խնդիրների և ամեն բանի հավաքական խտացումն է։ Այլ բան է, որ մենք Թումանյանից միայն անունը գիտենք և ոչ ավելին, ինչպես որ մեր մյուս Մեծերից…
Ժողովրդավարական այս երևույթը մեզանում եղել է մինչև Թումանյանը, Թումանյանի օրոք, կա այսօր ևս և կլինի հար, քանի դեռ այդ նույն ժողովրդի վրա չի կիրառվել Հեգելյան «Մշակութային բռնությունը» կամ առհասարակ նրան չեն զրկել ընտրելու իրավունքից։
Այսօր էլ նույն ժողովուրդն իրեն կեղեքողին ու ցեղասպանողին 10 000 դրամ ավել թոշակի դիմաց հռչակում է «խղճով մարդ ու Փրկիչ», նույն «Ծեր Իմաստունները» հանուն ձրի բժշկական օգնության ուրանում են Արցախն ու հազարավոր Չոբան Չատիների արյունը։ Նույն ժողովրդի մի հատված սրբադասում է նախկին իշխանությունների ոճիրները, որոնց սերմից առաջացավ ներկա իշխանությունը, և այսպես շարունակ։
Միլիոն գեղեցիկ մեկնաբանություններ կլսենք բոլոր իշխանավորներից, նրանց ընդդիմադիրներից, մտավորականների ճնշող մեծամասնությունից, նույն ժողովրդից՝ ժողովրդավարության մասով, բայց դրանից լուն ուղտ չի դառնա․ դրանից Թումանյանի այս մոտեցումը չի փոխվի, Պլատոնն իր ձևակերպումից չի հրաժարվի, ես այս հոդվածը չեմ վառի…
Դավիթ Մշեցի
15.09.2026 թ.

Կարդացեք նաև Տարոն Գլակի « Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չէ » հոդվածը :