Ես շատ չարչարվեցի Բաբելոնի աշտարակը կառուցելու վրա։ Ամեն օր քարը քարին էի դնում, բայց չէի հասկանում՝ ինչի համար։ Սո՛ւտ է, թե մենք՝ «Շինարարներս», իրար վերջին օրը սկսեցինք չհասկանալ։ Մենք միմյանց դեռ էն գլխից, սկզբնապես, չէինք հասկանում։ Ավելին՝ մենք իրար աչքերի մեջ չէինք նայում, այլ կուրորեն կառուցում էինք, քարը քարի վրա դնում։ Մենք այլևս մոռացել էինք՝ դա ջրհեղեղից հետո՞ էր, թե՞ առաջ։ Հետոն ու առաջը խառնել էինք իրար։ Եթե ջրհեղեղից առաջ էր, ուրեմն ջրհեղեղը դեռ չէր վերջացել, այն շարունակվում էր ա՛յլ ձևով, նույն բովանդակությամբ։ Քանի՞ հարկ գցեցինք՝ արդեն չեմ հիշում, բայց կռիվը սկսվել էր։ Աստծուն չհասած՝ կռվում էինք, թե ո՞վ պետք է Աստծուն մոտիկ ապրեր։ Ինչ-որ ուժեր, որ չէին էլ մասնակցել աշտարակաշինությանը, սեփականաշնորհել էին վերջին, դեռևս չկառուցված հարկերը։ Չէ՛, ասացի, այսպես չի լինի․ ես սրանց գաղափարը չեմ կիսում, սրանց լեզուն չեմ հասկանում, սրանց աստծուն չեմ ճանաչում, սրանց երկինքը չեմ ուզում, բազուկներիս ուժն օտարության մեջ վատնել չեմ ուզում։ Վերադառնամ Տուն, Երկիրս շենացնեմ, որդիներիս կարգեմ, թոռներիս լույսը տեսնեմ…
Իմ պապի ԵՍ-ն իմ ԵՍ-ն է։ Տե՛ս՝ երբվանից ենք շենք կառուցում օտար աշխարհներում, օտար աստվածների համար։ Փաստը շարունակությունն է․ էս ի՞նչ ջուր է, որ չի ցամաքում։ Գուցե մեր արյո՞ւնն է։ Այլապես Կապուտանն անգամ ցամաքեց, վերջին կաթիլները մեր աչքի առաջ ցնդեցին ավազին… Իմ արյունն է, այո՛, իմ արյան կարմիրը շերտեր ունի։ Արյունն իմ ասում է երկու բան․ արյունն իմ ասում է՝ գրավի՛ր, արյունն իմ ասում է՝ առանց ինձ հեղելու։ Ու ես գնում եմ խոպան գրավելու։ Տիգրան Մեծից այս կողմ ես ուրիշ տարբերակ չեմ գտնում գրավելու, քան խոպանը։ Արդեն երկար ժամանակ է՝ նման մի ինքնախաբեության զոհ եմ ես։ Գնում եմ խոպան, գրավում, և թվում է, թե հաղթել եմ, բայց ճշմարիտն այն է, որ խոպանն է ինձ գրավում։ Օտարն ինձ գտնում է, սիրաշահում, գրպաններս հաստացնում, վիզս խոշորացնում, հետո ուղարկում Պապերիս տունը կարգի բերելու։ Ես երբևէ միտք չեմ արել՝ օտարի ինչի՞ն է պետք Պապերիս Կանգուն Տունը։ Եթե հարցը մի երկու կոպեկի մեջ լիներ, ես կմտածեի՝ էս որտե՞ղ են ինձ ուզում քցել… Բայց մեջը փող չկա․ ի՞նչ շահ ունեն խաբելու, երևի սիրտները ցավում է… Մեկ-մեկ մտածում եմ՝ օտարն ինձնից հայասեր է։ Սրանք էնպես են նեղվում՝ իմ վիրավոր սիրտը տեսնելիս, որ երեկը մոռանում եմ։ Երեկ արհեստական էին, այսօր իսկական․ այսօր անկեղծ են։ Երեկվա երեխեքն են սրանք, ախր, բայց իմ ծերացած սիրտը խաբվում է էս ջահել, աղվամազով լակոտներին։ Մի ժպիտ, մի խոսք Պապիս մասին, մի քաղցր ակնարկ կորցրած Հայրենիքիս մասին, և ես հավատում եմ սրանց։
Դեռ վերջերս էր՝ ճիշտ էի հիշել գրավելու ձևը․ գրավեցի ու գնացի նորից խոպան։ Երևի գիտեին, որ ես իմ ունեցած-չունեցածը դրսերում ծախսելու եմ։ Դե, բայց մի երկու կոպեկ էլ տուն եմ ուղարկել, արձանս տարբեր տեղերում կանգնեցրել են, ես հերոս եմ․ չգիտեն՝ ինչն եմ ծախել, ինչ են ուտում։ Ես շատ չարչարվեցի Բաբելոնի աշտարակը կառուցելու վրա։ Երկար ժամանակ գրավելու ձևը մոռացել էի, հիշեցի, բայց շատ չանցած Պապիս անիմաստ հիվանդությունը գլուխ բարձրացրեց։ Իմ պապի ԵՍ-ն իմ ԵՍ-ն է։
Տարոն Գլակ 2026 թ.

Կարդացե՛ք նաև Տարոն Գլակի « Լճակի խորհուրդը » վեպը :
Pingback: Բուդդայի աչքերով | Տարոն Գլակ ( Պատմվածք ) - Taron Glak